«Հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում զանգեզուրյան միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը». Ալիև

0
404

https://www.azatutyun.am-Հեղինե Բունիաթյան

Վերջին շրջանում հայկական կողմն առավել ճիշտ է վերլուծում զանգեզուրյան միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հետ հանդիպման ժամանակ։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք աշխատում ենք նոր՝ Զանգեզուրյան միջանցքի վրա, որի անվանումն արդեն ամրագրվել է միջազգային հարթության մեջ։ Այն կապահովի նոր կապ Թուրքիայի և Ադրբեջանի միջև», – ասել է Իլհամ Ալիևը։

Չհստակեցնելով՝ կոնկրետ ինչ նախագծի մասին է խոսքը, և միջազգային որ հարթությունում է այն ամրագրվել, Ադրբեջանի առաջնորդը պնդել է, պատերազմից հետո՝ առաջին փուլում, Հայաստանը դեմ է եղել այդ հարցին։

«Սակայն վերջին ժամանակներս ես տեղեկություններ եմ ստանում, որ հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում զանգեզուրյան միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը», – ասել է Ալիևը, հավելելով՝ այդ հարցը քննարկվում է եռակողմ ձևաչափով՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի միջև, և որ արդեն կան լավ արդյունքներ։

Թե կոնկրետ ինչպիսի՝ Ալիևը չի հստակեցրել, բայց մանրամասնել է՝ Ադրբեջանը արդեն իսկ սկսել է Հորադիզից մինչև Հայաստանի սահման երկաթգծի կառուցումը։ «Վստահ եմ, որ առաջիկա երկու, գուցե՝ երկուսուկես տարվա ընթացքում այդ երկաթգիծը շահագործման կհանձնվի», – ասել է նա։

Հայկական կողմը այս հայտարարություններին դեռ չի արձագանքել։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քանիցս կրկնել է, թե «միջանցքի հարց բանակցություններում չկա և չի լինելու»։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here