Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին հրավիրել է բանավեճի

0
306

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ապարանում կուսակցության գրասենյակում տեղի ունեցած հանդիպմանը նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին հրավիրում է բանավեճի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն ընդգծել է. «Հունիսի 18-ին Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին հրավիրում եմ ուղիղ բանավեճի և այդ ժամանակ ամեն ինչ լավ կերևա»։

«Կգաք, դեմ դիմաց կկանգնենք ու կխոսենք և բացատրություն կտաք, թե 97 թվին ինչի է Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողել»,– հավելել է նա:

Փաշինյանի խոսքով՝ ինքը քանի օր է՝ ԼՂ հակամարտության պատմության վերաբերյալ գնահատականներ և փաստեր է հրապարակում,  և դրանց որևէ բովանդակային հակադարձում չի եղել:

Նա նկատել է, որ Ազգային ժողովի հունիսի 20-ին կայանալիք ընտրությունները շատ լավ առիթ են, որպեսզի ՀՀ քաղաքացին քաղաքացիական վրեժ լուծի 1996 թվականից հետո կեղծված ընտրությունների համար, քանի որ այդ ընտրություններում քաղաքացու ձայնը խլվել է և այդ ձայնը խլած բոլոր գործող անձինք, ըստ էության, մասնակցում են գալիք ընտրություններին: «և ընդհակառակը՝ քաղաքացին պետք է վերահաստատի իր իշխանությունը և այդ իշխանությունը վերահաստատելու համար անհրաժեշտ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանա ընտրողների ձայների 60 տոկոսը»,- շեշտել է Փաշինյանը։

Նրա բնորոշմամբ՝  դա շատ բարդ ընտրություն է, և այն, ըստ էության, պետք է գնահատական լինի երրորդ հանրապետության ողջ պատմությանը, քանի որ այդ հանրապետության բոլոր ղեկավարները մասնակցում են հունիսի 20-ի ընտրություններին։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here