ՀԱԿ-ը և «Հայաստան» դաշինքը արձագանքում են Տեր- Պետրոսյանին ու Քոչարյանին հեռուստաբանավեճի հրավիրելու Փաշինյանի հայտարարությանը

0
364

https://www.azatutyun.am-Ռոբերտ Զարգարյան

Հողեր ազատագրած երկրորդ նախագահը որևէ իրավիճակում չպետք է բանավեճի մեջ մտնի մի անձի հետ, որը հողեր է հանձնում, այս խոսքերով է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն արձագանքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր- Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին հեռուստաբանավեճի հրավիրելու առաջարկությանը։

«Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հանրային ընդվզումը, բողոքն այնպիսին չէ, որ պետք է իր հետ բանավիճել, ինչ-որ բան ասել կամ չասել: Խոսել մի մարդու մասին, որը այս ամենից հետո ունենում եք վեց ռազմագերի հենց մեր Հայաստանի Հանրապետության տարածքից ռազմագերի, դուք հասկանո՞ւմ եք դա ինչ է, ու այդ անձը մինչ օրս ոչ մի ադեկվատ պատասխան դրա վերաբերյալ չի տվել, իր հետ ի՞նչը բանավիճեն», – ասաց Վարդևանյանը:

Երեկ Ապարան քաղաքում համակիրների հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասաց, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ հունիսի 18-ին հեռուստաբանավեճ է տեղի ունենալու, ընդգծելով, ակնկալում է, որ Հայաստանի նախկին ղեկավարներն ուղիղ եթերում կպատասխանեն ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հարցադրումներին:

«Ես և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասում եմ հունիսի 18-ին կայանալիք ուղիղ եթերում բանավեճի: Այդ բանավեճի ժամանակ ամենալավը կերևա, որովհետև շատ հեշտ է փակ դահլիճներում խոսել, տղամարդլամիշ լինել: Կգաք, դեմ-դիմաց կկանգնենք և կխոսենք», – հայտարարել է Փաշինյանը:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն «Ազատության» հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունեն վարչապետի պաշտոնակատարի առաջարկի մասին, հարցով պատասխանեց՝ մի բան ասել է՝ իրենք ամեն ասածի վերաբերյալ դիրքորոշո՞ւմ պետք է ունենան։

Հանրային հեռուստաընկերությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ պատրաստվում են ընտրություններին ընդառաջ հեռուստաբանավեճ անցկացնել, սակայն օրը որոշված չէ, ընտրություններին մասնակցող ուժերին հրավերներ դեռ չեն ուղարկվել։

Եթե Հանրայինից հրավեր լինի կոնգրեսը կմասնակցի՞, Զուրաբյանը չցանկացավ «եթե»-ներով հարցերի անդրադառնալ։

«Եթե վախենալու բան չունեն, բոլորը պետք է ընդունեն բանավեճի հրավերը», – պնդում է ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

«Բոլորը պետք է ընդունեն բանավեճի հրավերը և ոչ թե գնան փակ սենյակներում ծածուկ ասուլիսներ կազմակերպեն, փակ դահլիճներում ծածուկ հանդիպումներ կազմակերպեն: Դրա համար պետք է դուրս գալ փողոց, պետք է շփվել մարդկանց հետ, պետք է համպատրաստից մտնել գյուղեր և քաղաքներ և պետք է, այո, գնալ և նախընտրական բանավեճի ժամանակ ուղիղի եթերով թեկուզ սուր բանավիճել քաղաքական ընդդիմախոսիդ հետ», – հայտարարեց Կոնջորյանը:

Բանավեճը նախընտրական պայքարի մշակույթի կարևոր բաղադրիչ է, ցանկալի է, որ այն տեղի ունենա, ասում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, այդուհանդերձ, հավելելով՝ առկա քաղաքական մթնոլորտում բանավեճը կարող է լեզվակռվի հմտությունների մրցակցության ձևափոխվել:

«Բանավեճի նախապատրաստվելու համար պետք է հստակ կանոններ մշակվեն և հստակ պարտավորություններ վերցվեն մասնակիցներին, որպեսզի չհնչեն հայհոյանքներ, վիրավորանքներ, որպեսզի պահպանեն ժամանակային սահմանափակումները և եթե էնպիսի կանոններն մշակվեն և դրան համապատասխան պարտավորություններ վերցնեն մասնակիցները, միգուցե օգտակար կլինի որպես նախընտրական պայքարի կարևոր բաղադրիչ», – ընդգծեց Նավասարդյանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ մրցակիցներին բանավեճի հրավիրելու ոճը Բորիս Նավասարդյանի խոսքով՝ առկա քաղաքական պայքարի դրսևում է, մարտահրավեր է նետվում մրցակիցներին բանավիճել առկա մշակույթով, այլ ոչ քաղաքակիրթ երկրներին բնորոշ եղանակով. «Դրա համար միգուցե արձագանքը կարելի է ակնկալելի համարել, այսինքն՝ հրաժարումը այդ կարգի բանավեճից»:

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում առաջին անգամ մեծ հեռուստաբանավեճ անցկացվեց հեղափոխությունից հետո՝ 2018-ին կայացած արտահերթին, որին մասնակցեցին ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի առաջին համարները։ Նախընտրական բանավեճի անցկացումը այս ամիս ընդունված նոր Ընտրական օրենսգրքով պարտադիր դարձավ, այս փոփոխությունը, սակայն, հունիսի 20-ին կայանալիք արտահերթի վրա չի տարածվում։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here