ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը իշխանությանը քննադատող պատգամավորին անվանեց «իդիոտկա»

0
413

https://www.azatutyun.am-Գայանե Սարիբեկյան

Պատգամավորներ Լենա Նազարյանը և Թագուհի Թովմասյանը, 3-ը հունիսի, 2021թ.
«Շատ ծանր տեսարանի ականատես դարձանք, երբ հրապարակվեցին Աբովյանի դատաբժշկական կենտրոնի հայտնի կադրերը, և ֆունդամենտալ հարցը, որ կարծում եմ` պետք է պատասխան ստանա, հետևյալն է` արդյոք սա պետության կամ կառավարության վերաբերմունքն է արտահայտո՞ւմ զոհված զինվորների և ընդհանրապես հանգուցյալների նկատմամբ»: Կառավարության վերաբերմունքն ապացուցելու համար վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն այսօրվա նիստում հանձնարարեց առողջապահության նախարարի պաշտոնակատարին պատմել, թե ոլորտում ինչ բարեփոխումներ են արել։

Փաշինյանի իշխանության գալուց հետո դիահերձարաններն են բարեկարգել, սառնարանները` բազմապատկել, դատաբժշկական կենտրոնի մասնաճյուղեր բացվել, թվարկեց Անահիտ Ավանեսյանը:

«2018 թվականին ամբողջությամբ վերանորոգվել է Երևանի կենտրոնական դիահերձարանը, և սառնարանները համալրվել են նոր լաբորատոր սարքավորումներով: 20 թվականին հիմնանորոգվել է Մեծամորի դիահերձարանը, և կառուցվել է սառնարանային նոր բլոկ, հիմա ընթանում է երկրորդի կառուցումը», – ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատարը:

Դիահերձարանների բարեկարգման, ժամանակակից սառնարաններով հագեցման ծրագիրը կանգ չի առնում, կառավարությունը շարունակում է լայն թափով, մանրամասնեց առողջապահության ոլորտի պատասխանոտւն։ 2020-ին Գորիսի սառնարանային համակարգն են հագեցրել, հիմա էլ Սևանինն են նախագծում. «21 թվականին վերակառուցվում և սառնարաններով համալրվում է Մարտունու մասնաճյուղը: Պիտի ասեմ, որ այժմ էլ նախագծվել է և ընթանում է Սևան քաղաքի մասնաճյուղի ամբողջական վերակառուցման ծրագիրը»:

Այս պահին երկրի տարբեր դիահերձարաններում զոհված զինծառայողի 200 մարմին ու 400 մասունք կա, 160-ից ավելի մարմիններ նույնականացվել, սակայն դեռ չեն հուղարկավորվում։ Մինչ կառավարությունում Փաշինյանն ու առողջապահության ոլորտի պատասխանատուն քննարկում էին դիահերձարաններում իրենց կատարած բարեփոխումները, խորհրդարանում եռում էր Աբովյանի դիահերձարանի նկուղում` պարկերում +12 ջերմաստիճանի տակ պահված զինծառայողների մարմինների ու մասունքների թեման։

Սա իշխանության վերաբերմունքն է պատերազմում զոհված տղանների նկատմամբ, քննադատում էին ընդդիմադիր պատգամավորները։ Կրքերը բորբոքվեցին իշխող խմբակցությունը պարտությունից հետո լքած պատգամավոր Թագուհի Թովմասյանի ելույթի ժամանակ, երբ վերջինս հարցրեց՝ նկուղում պարկերի մեջ զոհերի մարմինները անփույթ պահելով ի՞նչ ուղերձ է իշխանությունը հղում այս պահին սահմանին կանգնած զինվորներին. «Այս պայթյունավտանգ իրավիճակում ո՞րն է պետության մեսիջը, որ վաղը դուք վերածվելու եք պարկերով լցված դիակների որևէ սենյակում գցա՞ծ: Սա ամենավատ բանն էր, որ կարող էր տեղի ունենալ, և կարծում եմ, որ այս մասով միայն ներողությունները բավարար չեն»:

Թովմասյանի քննադատությունը դուր չեկավ իշխանական փոխխոսնակ Լենա Նազարյանին։ Վերջինս վիրավորեց Թովմասյանին՝ ցածրաձայն նրան անվանելով «իդիոտկա»։

Լենա Նազարյանի խոսափողը միացված էր, և նրա վիրավորանքը լսվեց դահլիճում։ Թագուհի Թովմասյանը վերադարձավ ամբիոնի մոտ և Նազարյանից պահանջեց ներողություն խնդրել. «Փոխանակ ներողություն խնդրեք, որ դուք, ձեր իշխանությունը դիակները պղծել է, լցրել եք կարտոֆիլի տոպրակների մեջ, դուք քննադատությանը պատասխանո՞ւմ եք վիրավորանքով: Ամաչեք ուղղակի դրա փոխարեն: Պահանջում եմ և պարտադրում եմ, որ դուք ներողություն խնդրեք ձեր լկտի վարքագծի համար»:

«Տիկի՛ն Թովմասյան, եթե ես չեմ խոսում իմ զգացմունքների ու ապրումների մասին, չի նշանակում` ես չեմ զգում և չեմ ցավում: Մենք էլ ենք մարդ, ու մենք էլ համբերություն ունենք», – արձագանքեց ԱԺ փոխնախագահը:

Իշխող խմբակցության ներկա ու նախկին ներկայացուցիչները փոխադարձ մեղադրանքները շարունակեցին նաև Ազգային ժողովի դահլիճից դուրս։ Նազարյանը հրաժարվեց ներողություն խնդրել, ավելին` պահանջեց, որ Թագուհի Թովմասյանը ներողություն խնդրի. «Դուք ինքը ներողություն խնդրի նրա համար, որ լինելով խմբակցության անդամ ամբողջ պատերազմի ընթացքում` պարտությունից հետո դուրս է եկել խմբակցությունից և հայտարարել, որ պատասխանատվությունը մերն է, այն դեպքում, երբ որ ամբողջ պատերազմի ընթացքում նա նույնպես եղել է խմբակցության անդամ և հարմար պահին դուրս եկել: Դրա համար թող ներողություն խնդրի»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here