«Հայաստանում Էներգետիկ Ճգնաժամ է»

0
453

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ ՎԱՀԷ ԴԱՒԹԵԱՆԻ ՀԵՏ

Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Էներգետիկ (ուժանիւթի) անվտանգութեան ի՞նչ մարտահրաւէրների առաջ է կանգնած Հայաստանը:

ՎԱՀԷ ԴԱՒԹԵԱՆ.- Հայաստանում, 2020 թ.ից սկսած ակնկալւում էր էներգետիկ ճգնաժամ, ինչի մասին բազմիցս նշել եմ: Խնդիրը նրանում է, որ մեր էներգետիկ համակարգում կուտակուել է հսկայական վարկային բեռ, որը հասնում է մօտ մէկ միլիարդ դոլարի: Երկրի ներսում առկայ է սահմանափակ սպառում, տնտեսութիւնը էներգատար չէ, դինամիկ զարգացող հզօրութիւններ չունենք, բնակչութեան կողմից սպառումն այնքան էլ շատ չէ՝ ներառեալ ժողովրդագրական վիճակը, ինչն եւս անդրադառնում է սպառման ցուցանիշների վրայ, եւ, հաշուի առնելով արտահանման ռազմավարութեան ձախողումը, ակնյայտ է, որ այն վարկային միջոցները, որ մենք ներգրաւել ենք էներգետիկ համակարգը արդիականացնելու, այն գոնէ աշխատանքային անվտանգ վիճակում պահպանելու համար՝ այլեւս հսկայական բեռ է, եւ ուղղակիօրէն անդրադառնում է երկրում իրականացուող սակագնային քաղաքականութեան վրայ:

Ի՞նչ է ստացւում՝ ունենք հսկայական բեռ, միաժամանակ՝ ցածր սպառում, այսինքն՝ էներգետիկ համակարգ, որն աւելցուկային է իր հզօրութիւններով, բայց այդ աւելցուկն ի վիճակի չէ օգտագործել, որովհետեւ չունենք արտահանում, չունենք ներքին սպառման մեծ ռեսուրս (միջոց, աղբիւր): Նման իրավիճակում ինչպէ՞ս պէտք է մարուեն միջազգային կառոյցների կողմից տրամադրուած վարկային տոկոսները: Բնականաբար, սակագների բարձրացման ճանապարհով. արդէն 2021 թ.ի Փետրուարին, 400 կիլովատ ժամից աւել սպառող բաժանորդների համար գինը բարձրացաւ երեք դրամով, 2020 թ.ից էլ խոշոր սպառողների համար բարձրացաւ գազի սակագինը:

Հայաստանում էներգիայի արտադրման 40-42 տոկոսը ապահովում են բնական գազով աշխատող ջերմաէլեկտրակայանները՝ Հրազդանի ՋԷԿ, Հրազդանի 5րդ էներգաբլոկ եւ Երեւանի ջերմաէլեկտրակայանը: Քանի որ նրանց համար եւս գազի սակագինը բարձրացել է 5-6 տոկոսով, բնականաբար աճել է նաեւ նշուած կառոյցների կողմից արտադրուած էլեկտրաէներգիայի ինքնարժէքը: Սրան գումարում ենք նաեւ այս տարի արդէն ատոմակայանի աշխատանքի ժամանակաւոր դադարեցումը մինչեւ Հոկտեմբերի սկիզբ, ինչի արդիւնքում այս տարուայ կտրուածքով չենք ստանալու 560 միլիոն կվտ/ժ էլէներգիա: Ի յաւելումն նշուածների, նաեւ չենք ստանալու 330 միլիոն կվտ/ժ էլէներգիա Արցախից, որ արտադրւում էր արցախեան շուրջ երեսուն փոքր հիդրոէլեկտրոկայեաններում, որոնք կորցրեցինք պատերազմի արդիւնքում: Սրան զուգահեռ դադարեցուել է նաեւ Հրազդանի ՋԷԿի 5րդ էներգաբլոկի աշխատանքը:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջն ինչպէ՞ս է լրացւում այս օրերին, նաեւ՝ ատոմակայանի աշխատանքի դադարեցման պայմաններում: Ինչո՞ւ է կասեցուել Հրազդանի 5րդ էներգաբլոկի աշխատանքը:

 ՎԱՀԷ ԴԱՒԹԵԱՆ.- Երկրի առանցքային ամենախոշոր էներգետիկ կառոյցներից մէկի՝ Հրազդանի ՋԷԿի 5րդ էներգաբլոկի աշխատանքների կասեցումը պայմանաւորուած     է նախեւառաջ գազի սակագնի բարձրացմամբ, երկրորդ՝ էլէներգիայի արտահանման ռազմավարութեան ձախողմամբ: Խնդիրը նրանում է, որ նման հզօր արտադրողականութիւն ունեցող կառոյցը կարող է բարձր օգտակար գործողութեան  գործակից ապահովել բացառապէս աշխոյժ արտահանման պայմաններում: Ի սկզբանէ, այս հաստատութիւնը, սեփականատէր «Գազպրոմարմենիա» ընկերութեան կողմից ծրագրուել էր շահագործել հիմնականում դէպի Իրան էներգիա արտահանումն աւելացնելու ռազմավարութեան շրջանակներում: Բայց այս ուղղութեամբ մենք ունենք բացարձակ ձախողուած քաղաքականութիւն, որովհետեւ դեռ երկու տարի առաջ պէտք է  կառուցուած եւ շահագործման յանձնուած լինէր Իրան Հայաստան երրորդ բարձրավոլտ օդային գիծը, որն էապէս կ՛աւելացնէր փոխադարձ էլեկտրաէներգետիկ հոսքերը: Սակայն, տեսնելով, որ հնարաւորութիւն չկայ էլեկտրաէներգիայի կայուն արտահանում աւելացնելու, եւ միաժամանակ Հրազդանի 5րդ էներգաբլոկում անհրաժեշտ է շուրջ 16 միլիոն եւրոյի վերանորոգում, տնտեսապէս նպատակայարմար չգտնուեց կառոյցի յետագայ շահագործումը եւ աշխատանքները ժամանակաւորապէս դադարեցուեցին:

Միւսը, Երեւանի ջերմաէլեկտրակայանն է, որը դիտարկւում է որպէս ռեզերվային միջոց:

Մնում են հիդրոէլեկտրակայեանները, ներառեալ փոքր ՀԷԿերը, որոնք բնականաբար չեն կարող ապահովել երկրում էլէներգիայի ամբողջ պահանջարկը:

Ստեղծուած պայմաններում, իշխանութիւններն ասում են, որ պակասորդը կը լրացնեն Վրաստանից էլէներգիայի ներկրման ճանապարհով: Այս դէպքում, խնդիրը, կարելի է ասել, աշխարհաքաղաքական բնոյթի է, որովհետեւ աւանդաբար Հայաստանն է արտահանել էլեկտրաէներգիա Վրաստան, որն  եղել է մեր համար կարեւոր շուկայ, եւ օրինակ՝ 2005-2006 թթ.ին, Հայաստանն ապահովում էր Վրաստանի էներգիայի սպառման շուրջ 15 տոկոսը: Հիմա մենք ոչինչ չենք արտահանում, այլ խօսում ենք Վրաստանից էլէներգիայի ներկրման մասին, որովհետեւ աւելի էժան է, քան Հայաստանում արտադրուածը: Ինչո՞ւմ է կայանում աշխարհաքաղաքական բաղադրիչը. Վրաստանը ունի էլեկտրաէներգիայի պակասորդ, եւ չունի այնքան մեծ հզօրութիւններ, որ կարողայ լիարժէք ապահովել արտահանում Հայաստանի ուղղութեամբ, եւ հանդիսանում է ներկրող պետութիւն: Եթէ անդրադառնանաք ներկրման աշխարհագրութեանը՝ ներկրում իրականացնում է Թուրքիայից ու Ադրբեջանից,  Ռուսաստանից էլ, որը սակայն միանգամից վերարտահանւում է դէպի Աբխազիա: Առիւծի բաժինը ապահովում է Ադրբեջանը: Իմ կարծիքով, ստեղծուած իրավիճակում, Վրաստանը պէտք է աւելացնի ներկրումն Ադրբեջանից, որպէսզի այն վերարտահանի Հայաստան: Ստեղծւում է մի իրավիճակ, որ Հայաստանը դէ ֆակտօ կախեալ կարգավիճակում է յայտնւում թուրք-ադրբեջանական էներգետիկ համակարգից:

Ամփոփելով նշեմ, որ Թուրքիան ունի էներգետիկայի զարգացման ծրագիր, համաձայն որի, մինչեւ 2024 թուականը, տարածաշրջանային շուկայում պէտք է դիրքաւորուի որպէս էլեկտրաէներեգետիկ շուկայի առանցքային դերակատար, արտահանող: Սա է պատճառը, որ արագօրէն կառուցում է հզօր ատոմակայեաններ:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ատոմակայանի աշխատանքները դադարեցուել են վերազինման նպատակով, սակայն վերջերս առաւել յաճախակի է շրջանառւում ատոմակայանի փակման հարցը: Ի՞նչ հետեւանքներ դա կարող է ունենալ:

ՎԱՀԷ ԴԱՒԹԵԱՆ.- 2018 թուականի ամրանը, լինելով դեռ վարչապետի ժամանակաւոր պաշտօնակատար, Փաշինեանն առաջիններից մէկը թիրախաւորեց հայկական ատոմակայանը՝ յայտարարելով, որ այնտեղ առկայ է շուրջ հինգ հարիւր հաստիք, որոնք պէտք է կրճատուի: Ի պատասխան, ատոմակայանի տնօրէնութիւնը հանդէս եկաւ կոշտ յայտարարութեամբ, ակնարկելով, որ չարժէ անդրադառնալ մի հարցի, ինչի մասին բաւարար տեղեկութիւններ իշխանութիւնը չունի: Դրանից յետոյ, ատոմակայանի հարցը որոշ ժամանակով օրակարգից դուրս եկաւ: Միաժամանակ, յաճախ նշւում էր, որ ատոմակայանի փակումը Եւրամիութեան հետ 2017 թուականին կնքուած համապարփակ եւ ընդլայնուած համագործակցութեան պայմանագրի պահանջ է, ինչը սակայն այդպէս չէ: Իրականում, ԵՄի հետ Հայաստանի ստորագրած փաստաթուղթը  ասոցացման (զուգորդման) պայմանագիր չէ, եւ ԵՄն կարող է խորհրդատուական մակարդակով կոչ անել, ուղղութիւն ցոյց տալ, փորձագիտական գնահատական տալ, սակայն երբեք պարտադրող բնոյթ չունի:

2020 թուականի Յունիսին որոշում կայացուեց ատոմակայանի վերազինման աշխատանքների նպատակով ռուսական վարկից հրաժարուելու մասին: 2018 թուականին, միջպետական պայմանագրով Ռուսաստանը Հայաստանին  տրամադրել էր 270 միլիոն դոլար վարկային միջոց եւ երեսուն միլիոն դրամաշնորհ՝ տարեկան երեք տոկոսով, ինչը բաւականին յարմար տոկոսադրոյք էր: Ռուսական կողմի հետ վարկային միջպետական պայմանագրի խզումը, նշանակում էր, որ հայ-ռուսական  էներգետիկ երկխօսութիւնը դուրս է բերւում ռազմավարական շրջանակից՝ տեղափոխուելով բացառապէս տեխնիկական փուլ, որովհետեւ առ այսօր, ռուսական պետական «Ռոսատոմ» ընկերութիւնն է հանդիսանում արդիականացման աշխատանքների գլխաւոր կապալառու:

Յատկանշական է, որ ռուսական վարկից հրաժարումը նախորդեց ամերիկեան «Եու.Էս.Էյ.Այ.Դի.» (USAID) կազմակերպութեան կողմից մշակուած՝ Հայաստանի էներգետիկայի ոլորտի մինչեւ 2036 թուականը զարգացման պլանի ներկայացմանը, որտեղ առկայ էր երկու հիմնական շեշտադրում: Առաջինը, վերականգնուող էներգետիկայի զարգացում՝ ինչը միանգամայն ողջունելի է, քանի որ այս ոլորտում Հայաստանում ներուժը բաւականին մեծ է: Սակայն, իմ համոզմամբ, հաշուի առնելով մեր տարածաշրջանային դիրքն ու աշխարհաքաղաքական խնդիրները, մենք պէտք է շարժուենք աւանդական եւ այլընտրանքային էներեգետիկայի աւառել ներդաշնակ զարգացման ճանապարհով: Մինչդեռ առաջարկուող ծրագրի շրջանակներում, առաւելապէս խօսւում է վերականգնուողի մասին: Երկրորդ առաջարկը նախատեսում է Վրաստանի հետ էներգետիկ երկխօսութեան զարգացում, եւ այսօր արդէն պարզ է, որ խօսքը գնում Է Վրաստանից էլեներգիայի ներկրման մասին: Ամերիկեան կազմակերպութեան ծրագրում որեւէ խօսք չկայ Հայաստանում միջուկային էներգետիկայի երկարաժամկէտ զարգացման մասին, ինչը  ռազմավարական նշանակութիւն ունի Հայաստանի համար ու կարող է բարձրացնել երկրի էներգետիկ ինքնիշխանութիւնը:

Ի դէպ, «Եու.Էս.Էյ.Այ.Դի.»ի պլանը ընկած է կառավարութեան կողմից վերջերս հաստատուած Հայաստանի էներգետիկայի զարգացման 2020-2040 թուականների ռազմավարութեան հիմքում:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Քննարկւում է նաեւ ատոմակակայանի փոխարէն մոդուլային կայանների կառուցման հարցը:

 ՎԱՀԷ ԴԱՒԹԵԱՆ.- Ատոմակայանն աւանդաբար Հայաստանի համար ապահովել է տարածաշրջանում խաղաղ ատոմ զարգացնող միակ պետութեան բարձր կարգավիճակ: Ատոմակայանը մեզ համար նախեւառաջ անհրաժեշտ է կայուն եւ ցածր ինքնարժէք ունեցող էլեկտրաէներգիայի արտադրութեան համար: Երկրորդը, եթէ մենք ունենք էլեկտրաէներգիայի արտահանման որեւէ նպատակ, ապա, առանց ատոմակայանի այդ նպատակն իրագործելը գրեթէ հնարաւոր չէ: Երրորդ, եթէ դիտարկենք մեր տարածաշրջանը, չհաշուած Վրաստանին, մեր բոլոր հարեւանները ակտիւօրէն զարգացնում են խաղաղ ատոմ: Թուրքիան մէկը միւսի հետեւից կեանքի է կոչում ատոմակայանների տարբեր նախագծեր, Իրանը զարգացնում է խաղաղ ատոմը, Բաքուն արդէն երեք տարի է բանակցութիւններ է վարում Ռուսաստանի հետ՝ Ադրբեջանում առաջին ատոմակայանը կառուցելու համար: Այս պարագայում հրաժարումը ատոմակայանից՝ նշանակում է էական հարուած հասցնել ազգային անվտանգութեանը, եւ անկախութեանը՝ առաւել եւս, երբ պաշտօնական օրակարգից դեռ դուրս չի եկել Հիւսիս-Հարաւ էլեկտրաէներգետիկ միջանցքը, որը կոչուած է էլեկտրաէներգետիկ փոխադարձ հոսքեր ապահովել Իրանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ, եւ Հայաստանի էներգահամակարգը հետաքրքիր է այս մեծ ծրագրում բացառապէս իր ատոմակայանով:

Մասնագէտների կարծիքով, կայ հնարաւորութիւն մինչեւ 2036 թուականը ատոմակայանի շահագործումը երկարացնելու, սակայն կ՛իրականացուի դա թէ ոչ՝ քաղաքական որոշման արդիւնք է: Խնդիրը նրանում է, որ մենք դեռ երէկ պէտք է սկսած լինէինք ատոմակայանի նոր բլոկի կառուցումը՝ առնուազն պէտք է ունենայինք հաստատուած ծրագիր, այնինչ առայսօր չգիտենք, թէ ինչպիսի հզօրութեան ատոմակայան ենք ուզում կառուցել եւ որտեղից պէտք է լինի ֆինանսաւորումը:

«Եու.Էս.Էյ.Այ.Դի.»ի ներկայացուցիչները Հայաստանեան հանդիպումներում  նշել էին միջուկային էներգետիկայի զարգացման մասին՝ նշելով, որ այդ նպատակով պէտք է կառուցել  մոդուլային (համեմատաչափ, ելեկտրական տատանումներու փոխակերպումի) կայաններ: Իրականում, մոդուլային կայանը, փոքր հզօրութեան կայան է, լուծում է բացառապէս էլէներգիայով տեղական ապահովման խնդիրները, եւ ռազմավարական երկարաժամկէտ հարցերի պատասխան չունի: Էներգետիկայի ոլորտում ներկայիս իշխանութիւնների հռետորաբանութիւնը ենթադրում է  առաւելապէս մոդուլային կայանների զարգացում, մինչ այդ դէպքում, իմ կարծիքով, աւելի լաւ է  արեւային եւ հողմային կայաններ կառուցել:

Աւանդական ատոմակայն կառուցելու համար անհրաժեշտ է 5-7 միլիարդ ներդրում: Ակնյայտ է, որ Հայաստանի պայմաններում այդ գումարը բիզնես ծրագրի շրջանակներում չի տեղաւորւում, այլ՝ աշխարհաքաղաքական նպատակների: Իմ համոզմամբ, այդ գումարը կարող է ներդրուել Ռուսաստանից կամ Չինաստանից: Բայց ամենակարեւորն այն է, որ ատոմակայանի հարցում մենք չունենք յստակ զարգաման բեմագրութիւն, եւ այն չի եղել նաեւ մինչ վերջին իշխանափոխութիւնը, եւ ես այդ մասին բազմիցս խօսել եմ:

Միաժամանակ, ինձ շատ յաճախ ասում են, թէ ինչ վատ կը լինի եթէ Վրաստանից էժան էլէներգիա ներկրենք, եւ սա նաեւ ներկայի կառավարութեան մօտեցումն է: Սա ընդունելի է, եթէ դիտարկւում է սպառողական տրամաբանութեան շրջանակներում, կարճաժամկէտ-ընթացիկ հարցեր լուծելու նպատակով: Չունենալով արտահանման ռազմավարութիւն էներգետիկ շուկայում՝ Հայաստանը կորցնելու է էներգետիկ անկախութիւնը:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ են իրականում ենթադրում տարածաշրջանում փոխադրութեան (տրանսպորտային) միջոցների ապաշրջափակման նպատակով տեղի ունեցող գործընթացները:

 ՎԱՀԷ ԴԱՒԹԵԱՆ.- Իմ խորին համոզմամբ, արցախեան պատերազմը տրանսպորտային միջանցքների համար էր: Մեծ հաշուով կայ երկու փոխադրային միջանցք, որոնց շահերը բախւում են եւ որոնք երկուսն էլ անցնում են այս տարածաշրջանով, կամ նախագծւում են, որ պէտք է անցնեն: Դա հիւսիս-հարաւն է, որը սկիզբ է առնում հիւսիսային Եւրոպայից, այնուհետեւ գալիս է մեր տարածաշրջանով, դուրս է գալիս Պարսից ծոց, եւ հասնում է Հնդկական ովկիանոս: Երկրորդ միջանցքը՝ արեւելք-արեւմուտքն է՝ ՏՐԱՍԵԿԱն, որի նպատակայարմարութեան եւ անհրաժեշտութեան մասին մշտապէս խօսել են Ադրբեջանն ու Թուրքիան եւ 2017 թ.ին շահագործման յանձնուած Բաքու Թբիլիսի-Կարս երկաթուղին հէնց այդ արեւելք-արեւմուտք միջանցքի բաղկացուցիչ մասերից է: Զանգեզուրեան միջանցքը եւս արեւելք-արեւմուտքի ռազմավարութեան շրջանակներում է:

Հիւսիս-հարաւը մշտապէս բխել է Հայաստանի շահերից, բայց այս ծրագրի կեանքի կոչուելու համար մենք ունենք լուրջ խոչընդոտներ. դա փակ վրաց-աբխազական սահմանն է, եւ միւս կողմից՝ Իրանի հետ նոր մեծ ենթակառուցուածքների կեանքի կոչելու խնդիրը: Այս պահի դրութեամբ մենք չենք կարող խօսել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման տնտեսական նպատակայարմարութեան մասին, որովհետեւ նախ չկան միջոցներ, եւ միւս հարցն էլ այն է, որ ունենք Իրանի հետ ձախողուած՝ թէ՛ քաղաքական, թէ՛ տնտեսական յարաբերութիւններ: Կարծում եմ, Իրանի արտգործնախարար Զարիֆի առաջարկը Իրան-Նախիջեւան-Երեւան-Թբիլիսի երկաթուղային հաղորդակցութեան հաստատման մասին մեծ հաշուով բխում է մեր շահերից՝ հաշուի առնելով Հիւսիս-հարաւ միջանցքին ինտեգրուելու (համրկուելու) ռազմավարական անհրաժեշտութիւնը: Այլ բան, որ գործող վարչախումբը չունի նման նպատակադրում, յայտարարելով, որ եթէ մենք Զանգեզուրի միջանցքը չտրամադրենք խաղաղ ճանապարհով, ապա պէտք է դա անենք պատերազմի արդիւնքում, այսինքն՝ սպառնում է բոլորիս ադրբեջանական զինուժով:

Այս իրավիճակից հմտօրէն օգտւում է Թուրքիան, որ այսօր գործարկում է Կարս-Իգդիր երկաթուղին, որը Բաքու-Թբիլիսի-Կարսի շարունակութիւնն է, որ պէտք է դուրս գայ Նախիջեւան, այնուհետեւ, նախագծուող Զանգեզուրի միջանցքով` Հորադիզ-Զանգելան-Բաքու: Ստեղծւում է մի իրավիճակ, երբ Հայաստանը յայտնւում է երկաթուղային օղակի մէջ, ինչը վերջանականապէս խորացնելու է Հայաստանի տրանսպորտային շրջափակումը:

Եթէ խօսւում է տրանսպորտային ապաշրջափակման մասին, ապա Թուրքիան ոչ թէ պէտք է այսօր աշխատէր Կարս-Իգդիր երկաթգծի ուղղութեամբ՝ շրջանցելով Հայաստանը, այլ՝ Կարս-Գիւմրիի, ինչը թոյլ կը տայ նաեւ Հայաստանի տարածքով օգտագործել ենթակառուցուածքները եւ դուրս գալ դէպի Նախիջեւան: Ի դէպ, Անկարայի օրակարգում Կարս-Գիւմրի երկաթուղու գործարկման հարցի բացակայութիւնը վկայում է այն մասին, որ Ղարաբաղեան հիմնահարցը լուծուած չէ, քանի որ Անկարան աւանդաբար սահմանների վերաբացման խնդիրը կապում էր Հայաստանի կողմից այսպէս կոչուած «օկուպացուած» (գրաւուած) տարածքների վերադարձման հետ:

Մեծ հաշուով աշխարհաքաղաքական փոխակերպումներն անդառնալի են: Կարեւորն այն է, թէ Հայաստանն ինչպէս է այս ամէնի մէջ դիրքաւորւում: Այսօր առաւել քան կարեւոր է զարգացնել տրանսպորտային դիւանագիտութիւնը՝ ուղղուած Պարսից ծոց-Սեւ ծով բազմաչափ միջանցքին Հայաստանի հարկմանը, ինչի անհրաժեշտութեան մասին խօսում են բոլորը՝ սկսած Իրանի արտգործնախարարից ու տրանսպորտի նախարարից, վերջացրած Հնդկաստանի դիւանագիտական կազմի ներկայացուցիչներով: Բոլորը, բացի գործող իշխանութիւններից:

Հայաստանը պէտք է կարողանայ վերականգնել սեփական անկախութիւնը, որպէսզի նոյն այս ապաշրջափակումից, ինչի մասին այսքան խօսւում է, մենք կարողանանք որոշակի շահ ունենալ: Կարծում եմ, առաջիկայ ընտրութիւններն առանցքային են՝ աշխարհաքաղաքական նշանակութիւն ունեն, դրանք  հայ ժողովրդի ընտրութիւնն են այս տարածարջանում երկարաժամկէտ կտրուածքով որպէս պետականութիւն ու ինքնութիւն պահպանուելու համար:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here