Սերժ Սարգսյանը հրապարակել է խոստացած ձայնագրությունը

0
156

https://www.azatutyun.am

Այսօր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզում հրապարակել է մի ձայնագրություն, որում Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է պատմում 2018 թվականի մայիսի 12-ին Սոչիում սուրճի սեղանի շուրջ տեղի ունեցած մի զրույցից։

Հայտնի չէ, թե երբ և որտեղ է արվել ձայնագրությունը, որում լսվում է Նիկոլ Փաշինյանի ձայնը։ Պատմում է, որ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները հորդորել են իրեն՝ օգտվելով ժողովրդական մեծ վստահությունից, լուծել ղարաբաղյան հարցը։ ԵԱՏՄ երկրների ղեկավարները դա պատմական շանս են համարել Հայաստանի համար։ 2018 թվականին հեղափոխության արդյունքում իշխանության եկած ղեկավարը հավանություն է տվել Պուտինի, Նազարբաևի և Լուկաշենկոյի այդ գաղափարին։ Բայց վերջիններս առաջ են քաշել «Լավրովյան» հայտնի պլանը, ինչն անընդունելի է եղել Նիկոլ Փաշինյանի համար. պնդել է, որ զորքերը հետ կքաշեն ու Ադրբեջանին կհանձնեն Հայաստանի կողմից անվտանգության գոտի համարված առնվազն 5 շրջանները միայն Ղարաբաղի հատուկ կարգավիճակի դիմաց։

«Իրանք նորից պատմում են ինձ էն, ինչ որ գրված է «Լավրովի պլանի» մեջ՝ զորքերը հետ քաշվի և այլն, մենք կգանք, կկանգնենք, ճանճ չի տզզա և այլն, և այլն: Ես ասում եմ էն, ինչ-որ ասացի հիմա, որ առանց կարգավիճակի ճշգրտման, ընդ որում շատ կոնկրետ ճշգրտման, դա ընդհանրապես թեմա չէ, որը կարելի է քննարկել և այլն: Նույնիսկ ես այս տարբերակի հետ համաձայն չեմ, հիմա դուք ինձ լրիվ ուրիշ բան եք ասում», – Նիկոլ Փաշինյանը պատմում է, որ այս մասին ասել է երեք պետությունների ղեկավարներին։

Սերժ Սարգսյանի հրապարակած 3 րոպեանոց ձայնագրության մեջ Նիկոլ Փաշինյանը պատմում է, որ Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն շեշտել են, թե «Ադրբեջանի նախագահ Ալիևը հասկանում է, որ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի»։ Դա դուր է եկել Փաշինյանին։ Բայց երբ առաջարկել է, որ Ալիևն իր այդ կարծիքն ամրագրի փաստաթղթով, ԵԱՏՄ պետությունների ղեկավարները հակադարձել են՝ «Ալիևը չի ուզում իր ժողովրդի աչքին դավաճան երևալ»։

«Ասում եմ՝ հոյակապ բան եք ասում: Եկեք գրենք թղթի վրա, և դա կլինի մի թեմա, որն արդեն կլինի հետաքրքիր, որը ես սենց դնեմ թևիս տակ, գնում եմ, ժողովրդին ասում եմ՝ ժողովո՛ւրդ ջան, մենք սենց առաջարկ ունենք, սա մեզ հետաքրքիր ա՞, թե՞ չէ: Չէ, բայց ասում ա, երկրորդ նյուանսն ա ասում՝ պարզապես ինքն ասում է, եթե ես սա հիմա որևէ ձևով ցույց տամ, ես կդառնամ ազգի դավաճան: Ես էլ էդտեղ իրանց ասացի՝ փաստորեն հասկացա, ձեր հազար տարվա ընկերն ա, չեք ուզում, որ ազգի դավաճան դառնա, ուզում եք` ես դառնամ ազգի դավաճան: Ես ասացի, չի լինի, դա չի լինի», – ձայնագրության մեջ պատմում է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն այս ամենը վտանգավոր է համարել Հայաստանի համար։ «Ինձ համար պարզ էր, այդտեղ իմ խնդիրը ձևակերպվեց, որ ինչ ձևով էլ լինի, պետք է այդ կանվեյերի վրայից թռնել ու ճիշտ տեղ հայտնվել, հաստատ դրա վրա չլինել», – ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի ղեկավարը, ներողություն խնդրելով, ավելացնում է, թե հասկացել է, որ այդ, իր խոսքով, կանվեյերի վրայից պետք է դուրս պրծնել «թեկուզ մի քիչ գժի տեղ դնելով, մի քիչ ոչ ադեկվատ թվալով»։ Ըստ Փաշինյանի, այդ իրավիճակը նման է եղել 2016 թվականին, որից հետո տեղի է ունեցել ապրիլյան պատերազմը։ «Ու այդ ժամանակ իրավիճակը շատ ռիսկային էր։ Շատ, չափազանց ռիսկային էր», – ավելացրել է երկրի ղեկավարը:

Ինքը՝ Հայաստանի երրորդ նախագահը ձայնագրությունը հրապարակելուց հետո մեղադրել է Փաշինյանին բանակցությունները փակուղի տանելու, և նախկին բանակցային փաստաթղթերը զրոյացնելու մեջ։ «Եզրակացությունը հետևյալն է, որ էս մարդը գիժ չի։ Էս մարդը ուղղակի իրան գժի տեղ ա դնում, գժություններ ա անում։ Սա ուղղակի իրոք անթույլատրելի է, անթույլատրելի երկրի ղեկավարի համար»։

Սարգսյանը երեկ էր խոստացել ձայնագրություն հրապարակել, եթե 24 ժամում Նիկոլ Փաշինյանը չհերքի իր մասին հնչեցրած մեղադրանքները, թե նախկին նախագահը զինվորների համար նախատեսված գումարը Մոնակոյում «Մոնտե Կարլո» խաղատանը տանուլ է տվել։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here