Փաշինյան. «Կկտրենք Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք»

0
383

https://www.azatutyun.am – Արտակ Խուլյան

Լուսանկարը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից, Սիսիան

Ձեռքին կրկին պողպատե մանդատը խորհրդանշող եռագույնով մուրճն էր: Սպառնաց, շրջվեց Սիսիանի համայնքապետարանի ուղղությամբ. «Մենք շատ-շատ տեղերից, ներառյալ այստեղից այ սրանով հանելու ենք էդ ժանգոտած մեխերին, տարբեր քաղաքապետարաններում ծվարած դուրսպրծուկներին»:

Սիսիանի, Գորիսի, Կապանի քաղաքապետերը դեռ ամիսներ առաջ պահանջել էին Փաշինյանի հրաժարականն, իսկ նրանց համակիրներն էլ երկու անգամ խոչընդոտել էին Փաշինյանի այցը Սյունիք: Արտահերթին ընդդիմադիր քաղաքապետերը մասնակցում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի ցուցակով: Իշխող ուժի վարչապետի թեկնածուն հայտարարեց, թե ընդդիմության ներկայացուցիչները փորձում են Սյունիքը հակադրել Հայաստանին. «Սյունիքը Հայաստան է այնքան, որքան Երևանը, որքան Գյումրին, որքան Լոռին, որքան Տավուշը, և մենք կկոտրենք և կկտրենք Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք, ամեն մի ձեռք»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև մայիսի 12-ից Հայաստանի սահմանը Գեղարքունիքի և Սյունիքի ուղղություններով հատած ադրբեջանցի զինվորականներին, սահմանային իրավիճակին: Համոզված ասաց, թե ադրբեջանցի զինծառայողները պետք է դուրս գան Հայաստանի սահմաններից, հավելելով՝ այդ տեսակետը պաշտպանում է ողջ միջազգային հանրությունը. «Սահմանային կետերի երկայնքով պետք է տեղակայվեն ռուս սահմանապահների ներկայացուցիչներ, նաև միջազգային դիտորդների հովանու ներքո պետք է տեղի ունենա Սոթքից Խոզնավար սահմանային կետերի ճշգրտում և սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա»:

Սիսիանի որոշ բնակիչների ամենևին սահմանային հարցերը չէ, որ հետաքրքրում էին, զայրացած էին, թե՝ քաղաքապետն արգելել է աշխատակիցներին մասնակցել Փաշինյանի հավաքին. «Սաղ հասարակական բանվորներ են, ժողովուրդը, մեկը չկա, մի ծառայող, տես` որն ա երևում… Ինչի՞ չեն հիմա դուրս գալիս իրենք, ուրեմն արգելել են էլի, որ չեն գալիս»:

Իշխող ուժը Երևանից Սյունիք ավտոերթով էր եկել՝ համակիրների հետ միասին: Նրանց Սյունիք երեկ Փաշինյանն էր հրավիրել: Միասնության ավտոերթի մասնակից քաղաքացիներից մի քանիսին Գորիսիում լրագրողները փորձեցին հարց ուղղել. հարցից քաղաքացիները վրդովվեցին ու փորձեցին խոչընդոտել լրագրողների աշխատանքը. «Սյունիքից հեռացեք, էս իմ հայրենիքն ա, հերիք ա մեդիատեռորի ենթարկեք մեր ժողովրդին:

Տրամադրությունը շատ հոյակապ ա, դուք եք մենակ խոչընդոտ, այ սենց, մուտիլովշիկ, հեռացեք էստեղիցլ:

Սյունիք ոչ միայն մեծ թվով անվտանգության ծառայողներ, այլև ոստիկանական ուժեր էին բերվել: Գորիսում մեր տեսախցիկը արձանագրեց նաև հրապարակի շենքերից մեկի տարածքում տեղակայված դիպուկահարին:

Գորիսից իշխող ուժի ներկայացուցիչները շարժվեցին Ագարակ, Մեղրի, Քաջարան: Այստեղ հավաքի փոխարեն Փաշինյանի գլխավորությամբ ու իրենց կարգախոսով քայլերթ կազմակերպեցին:

«Եվ ես անձամբ ձեզ խոստանում եմ, որ այդ թափթփուկ պաշտոնյաներին դուք տեսնելու եք այս ասֆալտին պառկած, և բոլոր այն պաշտոնյաները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, ովքեր ձեզ սպառնացել են այսօրվա հավաքին չմասնակցել, բոլորն առանց բացառության ազատվելու են աշխատանքից», – հայտարարեց Փաշինյանը:

«Քաղաքացիական պայմանագիրն» այսօրվա քարոզարշավն ավարտեց մարզկենտրոն Կապանում։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here