Սերժ Սարգսյանը գաղտնի զեկույցի է ծանոթացել և բացառում է՝ ընտրություններում Փաշինյանը հաղթի

0
380

https://www.azatutyun.am-Գայանե Սարիբեկյան

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բացառում է, որ նախընտրական պայքարն ավարտվի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հաղթանակով։

«Այս կորուստներից հետո, այդքան զոհերից հետո, վստահաբար ասում եմ՝ մեր ժողովրդի աչքերը բացվել են, այլևս կապիտուլյանտը չի լինելու իշխանության, բացառված է: Այդ մասին ինքը գիտի», – հայտարարեց նախկին նախագահը:

Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի ժամանակ Հայաստանի նախկին ղեկավարը երեկ հայտարարել է, թե ընտրությունների հնարավոր արդյունքների վերաբերյալ գաղտնի զեկույցի է տիրապետում, ըստ որի ընտրությունների ելքը Փաշինյանի գլխավորած ուժի օգտին չէ։

«Երեկ երեկոյան երևի այս վերջին երեք տարիների ընթացքում միակ լուսավոր կետն էր մի փաստ, որ ինձ ուրախություն պատճառեց, ես հնարավորություն եմ ունեցել երեկ ծանոթանալու մի գաղտնի զեկույցի, որում ամփոփված էր պատկան մարմինների կողմից վիճակագրական տվյալներ, և այդ տվյալները համապարփակ հանրապետության մասշտաբով էին և վերաբերում էին ընտրությունների արդյունքներին: Այդ փաստաթղթի համաձայն՝ կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն», – ասաց Սարգսյանը:

Հայաստանի նախկին ղեկավարը թերևս իր պատմածի հավաստիությունը կասկածի տակ չդնելու համար շեշտել է, որ նախկին 30 տարվա ընթացքում բարձր պաշտոններ է զբաղեցրել, եղել իրադարձությունների կիզակետում և տիրապետում է գաղտնի տեղեկությունների, բայց նախընտրել է խոսել միայն վերջին թարմ զեկույցի մասին. «Ըստ աշխատանքի բերումի, ես տիրապետում եմ հսկայական թվով գաղտնի տեղեկատվության»:

Սարգսյանը փակագծեր չի բացել, թե կոնկրետ որ պատկան մարմինն է այդ զեկույցը կազմել և ինչպես է դա պաշտոնաթող նախագահին հասանելի դարձել։ Փաշինյանի թիմակից, Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ այս մասին չի խոսում, հակադարձում է, թե Սարգսյանը կտրված է իրականությունից։

«Սերժ Սարգսյանի ասածն իրականության հետ ոչ մի կապ չունի, ինքը ինչպես միշտ կտրված է իրականությունից, այնպես էլ կտրված մնացել է: Հիմա ակնհայտ է, որ իրենց ուժը, որը այսօր քարոզարշավի է մասնակցում, փաստացի այլևս դուրս է մնացել ռեալ մրցակից գաղափարից», – նշեց Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը պնդում է, թե իրենք են այս ընտրություններում առաջատար ուժը։ Եթե վստահ են, որ առաջատարն են ու հաղթելու են, ինչո՞ւ են պատրաստվում հետընտրական զարգացումների։ Փաշինյանի թիմը դեռ նախընտրական փուլից հետընտրական փուլի համար զբաղեցրել է Հանրապետության և Ազատության հրապարակները։ Ընտրությունների հաջորդ օրվանից՝ հունիսի 21-ից 24-ը առավոտից մինչև կեսգիշեր այդ հրապարակները Փաշինյանի թիմի տրամադրության տակ են լինելու։

«Մենք ասելիք ունենք ժողովրդին և օրը 12 հանդիպում ենք ունենում պլանավորած, էլ չեմ ասում չպլանավորած հանդիպումները: Ինչի՞ համար են այդ հանդիպումները, մարդիկ դուրս են գալիս փողոց իրենց վարչապետին են դիմավորում, դիմավորում են այն մարդուն, ում վստահում են, ում համարում են իրենցից մեկը, և մենք հաշվետու ենք մեր քաղաքացիների առաջև և պատրաստվում ենք ընտրություններից հետո նշենք մեր համաքաղաքացիների հետ իրենց հաղթանակը», – նշեց ԱԺ փոխխոսնակը:

«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանը հրապարակները նախապես չորս օրով վերցնելու Փաշինյանի մղումը բացատրում է իշխող ուժի հնարավոր պարտությամբ։ Հաղթող ուժի անելիքն ու ասելիքը հրապարակներում չէ, ասում է արդարադատության նախկին նախարարը։

«Նա պատրաստվում է ընդամենը հետընտրական պրոցեսների, մեկ անգամ ևս նշեմ, որ չկա որևէ մի առաջնորդ որևէ մի երկրում, ով ընտրություններից հետո հրապարակային միջոցառումներով է նշում իր հաղթանակը», – ընդգծեց Հարությունյանը:

Քարոզարշավի նախավերջին օրն էլ Փաշինյանը հանրահավաք կանի Հանրապետության հրապարակում։ Իսկ հաջորդ օրը այդ նույն վայրում հանրահավաքով նախընտրական պայքարը կամփոփի Փաշինյանի գլխավոր մրցակից Ռոբերտ Քոչարյանը։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here