Փաշինյան. «Կոմունիկացիաների բացման համատեքստում որևէ սուվերեն տարածքի կարգավիճակի փոփոխություն բացառում ենք»

0
359

https://www.azatutyun.am-Նաիրա Նալբանդյան

Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հանրահավաքը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Հանրահավաքի ընթացքում, խոսելով ապագայի վերաբերյալ իրենց պատկերացումների մասին, Փաշինյանը նշեց. «Առաջին հենասյունը անվտանգությունն է, երկրորդ հենասյունը տնտեսությունը, երրորդ հենասյունը իրավունքը և արդարությունը, և չորրորդը՝ մարդկային կապիտալի զարգացումը: Տնտեսության զարգացումը բերում է նոր բյուջետային եկամուտներ, որը հնարավորություն է տալիս ավելի շատ ներդրում անել անվտանգության ոլորտում, անվտանգության ապահովումը հնարավորություն է տալիս ավելի շատ կենտրոնանալ մարդկային կապիտալի զարգացման հիմնահարցերի վրա: Մարդկային կապիտալի զարգացումը հնարավորություն է տալիս ունենալ իրավունքի և արդարության ավելի բարձր մակարդակ և ստանդարտներ: Արդարության և իրավունքի ավելի բարձր ստանդարտները նոր հնարավորություններ են ստեղծում տնտեսության զարգացման համար»:

Փաշինյանը նշեց, որ առաջիկայում նախատեսում են նաև ապահովել երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի և Իրանի հետ, այս համատեքստում ևս մեկ անգամ ընդգծելով՝ «մեր կառավարությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային որևէ տրամաբանություն»:

«Այսինքն՝ կոմունիկացիաների բացման համատեքստում որևէ սուվերեն տարածքի կարգավիճակի փոփոխությունը բացառում ենք», – հայտարարեց Փաշինյանը՝ աբսուրդ որակելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները Հայաստանի տարածքով միջանցք ստանալու մասին:

Նշենք, որ այս ընտրություններում, ըստ տարբեր հարցումների, կա երկու առաջատար ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» և «Հայաստան» դաշինքը: Երկուսն էլ վաղը՝ հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում նախատեսում էին հանրահավաք, սակայն հունիսի 15-ին Փաշինյանը հայտարարեց, որ իրենք հանրահավաքի օրը փոխում են` բախումներից խուսափելու համար:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here