ՃԱՇԱԿ ՄԸ ՆԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԵՆԷՆ

0
265
Նարինէ Աւագեանը հայրենի արդի գրականութեան կարկառուն դէմքերէն է:  Իր հրատարակած գիրքերու թիւը ցարդ կը հասնի իննի:
Ն. Աւագեանը ԱՄՆ Հայ գրողների միութեան անդամ է, ինչպէս նաև <<Տիր>> գրական մշակութային ակումբի անդամ։
Նարինէ Աւագեանը ծնած  է Գիւմրի, մտաւորականի ընտանիքի մէջ:  Աւարտեր է  Գիւմրիի Մ. Նալբանդեանի անուան Մանկավարժական համալսարանի <<Օտար լեզուների>> ֆակուլտետի <<Անգլերէն>> բաժինը  գերազանց առաջադիմութեամբ:  2000թ-էն  կ’ապրի  Երևան: Դասաւանդեր է Երևանի Մուրացանի անուան հ 18 և Չեխովի անուան հ 55 դպրոցներուն մէջ, ղեկավարեր է Ա․ Իսահակեանի անուան կեդրոնական գրադարանի Ֆրանկոֆոնիայի բաժինը։ Բացի մասնագիտական աշխատանքէն,  ( օտար լեզուի ուսուցչուհի է), ան հետաքրքրուած է փիլիսոփայութեամբ և հոգեբանութեամբ:
Նարինէ Աւագյանը ամուսնացած է, ունի երեք զաւակ:
Այս տարիներու գրական գործունէութեան ընթացքին, ան արժանացեր է մի շարք պատուոյ գիրերու և շնորհակալագրերու՝ նաև զինուորներու կեանքի բարելաւման ուղղուած բարեգործական աշխատանքների համար: 2020թ-ին արժանացեր է «Տարուայ հայուհի» տիտղոսին՝ Համազգային վստահութեան խորհրդի կողմէ՝ մանկավարժութեան և մշակոյթի զարգացման գործէն ներս ունեցած աւանդի համար։
ՆԱՐԻՆԷ ԱՎԱԳԵԱՆ
Ախր  Իմը  Չեն…
Օտար  ափերի  քաղցրաշիթ  ջրեր,
Իմ  ծիրանենին  դուք  ինչպէ՞ս  ջրէք,
Ձեր  հեռահմայ  ելեւէջներով
Ծարաւն  իմ  հոգու  ինչպէ՞ս  հովացնէք:
Յապաղած աստղեր օտար եզերքի,
Իմ անուշ քունը դուք ինչպէ՞ս հսկէք,
Ինչպէ՞ս ինձ ցոյց տաք ճամբան տունդարձի,
Հայրենեաց  երկիր  ինչպէ՞ս ինձ տանէք:
Ծառեր  նորընձիւղ  օտար  անտառի,
Սաղարթախռիւ, բազկաբաց  այնպէս,
Շոգից  խոնջացած  մարմինը  իմ  հեղգ
Ձեր  օտար  գրկում  ինչպէ՞ս  բարուրէք:
Ինչպէ՞ս  թևերը  ձեր  հեռակարօտ
Փափուկ  անկողին  դառնան ինձ  համար,
Ինչպէ՞ս  շրշիւնը  ձեր  սաղարթների
Հնչի  հայերէն  անուշ,  քաղցրաբար:
Թռչուններ  չքնաղ  այլոց  երկնքի,
Իմ  անուրջներում ինչպէ՞ս  թևածէք,
Ինչպէ՞ս  հաղորդուեմ  ես ձեր խոյանքին,
Ձեր  գեղգեղանքը  ինչպէ՞ս  վայելեմ,
Թէ  այլատառ  է  և  ոչ  հայերէն:
Հրացայտ  ծաղիկ  օտար  արմատի,
Հայոց  արևը  քեզ  ինչպէ՞ս  ժպտայ,
Ինչպէ՞ս պաղ ցօղը  քեզ  համբոյր  յղի,
Ինչպէ՞ս  հմայքին  քո  հաղորդուի նա:
Օտար  արևի  թէժ  ճառագայթներ,
Ձեր  նուրբ  մատները   ինձ  ինչպէ՞ս  շոյեն,
Ինչպէս  նորոգեն  արիւնն իմ  հայոց,
Հայոց  իմ  սիրտը  ինչպէ՞ս  ջերմացնեն:
Օտար  բարձրերի  հմայող  լեռներ,
Ինչպէ՞ս  քարերին  ձեր  ապաւինեմ,
Ես ինչպէ՞ս զգամ  ոտքիս  տակ  ամուր,
Ինչպէ՞ս  ինձ  նրանք  առ Աստուած կանչեն:
Ձեր  վերելքները…Ախր  իմը  չեն:
Քո  սարդոստայնի  ցանցով  բիւրաթել,
Խճճուած  հմայք  օտար  ափերի,
Հայոց  իմ  հոգին  երբեք  չես  բանտի,
Չես  գերի  հոգիս,  չես  գերեվարի:
……………………………….
Ափերիս  Մէջ
Ափերիս  մէջ  մի  բուռ  երկինք,
Մի  շող  հաւատ  ու  մի  կում  սէր,
Մի  հոգետուն՝ տաք  ու  գողտրիկ,
Մի  ողջ աշխարհ՝  ափերիս  մէջ:
Ափերիս  մէջ  մի  շուրթ  ծիծաղ,
Մի  արցունք  լաց  սարսռածին,
Ափերիս  մէջ՝  խոնաւ  ու թաց,
Դիւթիչ  արև  բերկրածին:
Ափերիս  մէջ՝  կարօտ  անբաւ,
Քաղց  գրգանքի, երգ  սիրազեղ,
Ափերիս  մէջ ՝ ոգու  ծարաւ,
Եւ  մանկածին  երազ  անմեղ:
Ափերիս  մէջ ՝ ձմեռ  կանաչ,
Տերևաթափ  ու  խենթ  գարուն,
Ափերիս  մէջ՝ մի  ապրած  կեանք,
Դեռ  չապրածիս  յոյսեր  անհուն:
Ափերիս  մէջ ՝ թէական  կեանք,
Երազներով  խանդավառուած,
Ափերիս  մէջ  խինդ  ու  բերկրանք,
Թախիծ  ու  լաց ՝ վաղուց  սպառուած:
Ամուր  բռնիր  իմ  ափերը,
Ամուր  փարուիր  իմ  ափերին,
Բայց  չսեղմես, տես՝ չփակուեն
Յոյժ  ծանրացած  ափերը  իմ:
Իմ  ափերի  անանց  ծովում
Քո  խենթ  սէրն  է  հանգրուանում…
Ամուր  բռնիր  ափերը  իմ…
ՆԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here