Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

0
115

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշում, որը հրապարակվել է e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ», – նշված է որոշման մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախագահի ստորագրած հրամանագրերով Արշակ Կարապետյանը ազատվել էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի, իսկ Վաղարշակ Հարությունյանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից:

Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը մինչև հուլիսի 20-ը զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը, որին նշանակվել էր  2021թ. ապրիլի 13-ին։ Նա մարտական գործողությունների մասնակից է։ Ծնվել է 1967 թ. փետրվարի 6-ին, Երևանում։ 1993-2018 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, 2018-2021թթ. եղել է ՀՀ վարչապետի խորհրդական։ Արշակ Կարապետյանը 1984-1989 թթ. սովորել է ՌԴ Կալինինգրադի Ռազմածովային բարձրագույն ուսումնարանում, 1994-1997 թթ.՝ ՌԴ ԶՈՒ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա՝ այն ավարտելով ոսկե մեդալով, մասնակցել է Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանի Ռազմական անգլերենի, ՌԴ ԶՈՒ ռազմական ակադեմիայի ռազմադիվանագիտական, ինչպես նաև ԱՄՆ Հարվարդի Քենեդիի համալսարանի դասընթացներին։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here