Ի լուր բոլորի

0
142
ԳԷՈՐԳ  ԵԱԶԸՃԵԱՆ
Քիչ առաջ ինձ զանգահարեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության Լեզվի պետական կոմիտեի նախագահ պարոն Դավիթ Գյուրջինյանը: Նա հայտնեց, որ ինք թեեւ գտնվում է արձակուրդում, սակայն չէր կարող անտարբեր մնալ ի լուր Հայաստանի Ազգային գրադարանի թամանյանական շենքի (Տերյան փողոց 72) առաջին հարկում խանութների ու կրպակների ցուցանակներում ՀՀ լեզվական օրենսդրության կոպիտ խախտումների: Հարգարժան պարոն Գյուրջինյանը կատարել է համապատասխան հետապնդումները, եւ հիշյալ օրինախախտները արդեն կատարել են ՈՐՈՇ ուղղումներ, սակայն խախտումները լրիվ չեն վերացել: Հիշյալ խանութների վարձակալները հայտնել են, որ ուսանողների չգոյության, հետեւաբար պարապուրդի պատճառով մեկ ամիս փակելու են իրենց խանութները, իսկ սեպտեմբերի վաղորդայնին վերաբացելիս, տեղադրելու են նոր ցուցանակներ՝ դրանք ՆԱԽԱՊԵՍ համաձայնեցնելով Լեզվի պետական կոմիտեի հետ:
Դեհ ինչ, հուսանք, որ նրանք կկատարեն իրենց խոստումը: Սակայն զգուշացնեմ նրանց, որ անձնապես հետեւելու եմ՝ արդյո՞ք փակելու են իրենց խանութները նշված ժամանակաշրջանում, թե՞ շարունակելու են իրենց գործունեությունը՝ լեզվական խախտումների ուղեկցությամբ: Երկրորդ պարագային, նրանց խոստանում եմ տհաճ անակնկալներ մատուցել:
———————
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Լեզվի պետական կոմիտեի նախագահ պարոն Դավիթ Գյուրջինյանին,
Երեկ դեմ հանդիման եկա մի այնպիսի խայտառակ փաստի, որն անհնար էր նույնիսկ երեւակայել ամենավատ երազում: Արդարեւ, Հայաստանի ազգային գրադարանի՝ Տերյան փողոցի վրա գտնվող թամանյանական շենքի (Տերյան փողոց 72)՝ վարձակալման տրված 3-4 կրպակների եւ խանութների ցուցանակներում ոչ միայն հիմնովին անգո է հայոց լեզուն, այլեւ դրանցում ՄԵՍՐՈՊՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՆՈՒՅՆԻՍԿ ՄԵԿ ՏԱՌ ՉԿԱ:
Այս ի՞նչ խայտառակություն է, Աստվա՜ծ իմ: Հայոց ազգային գրադարան եւ հայոց այբուբենից ոչ մեկ տա՞ռ:
Ցուցանակներում թագավորավայել բազմել են օտարալեզու եւ լատինատառ cafe, take away, food court, fresh եւ նմանօրինակ աղտեղություններ:
Ձեզ տեղեկացնելով ազգային ու պետական դավաճանության ՀԱՄԱԶՈՐ այս հանցագործության մասին, հույս եմ տածում, որ այս այլանդակությունը կվերացվի ամենամոտ ժամանակին: Ինքս ինձ իրավունք եմ վերապահում ԱՆՁԱՄԲ ՔԱՆԴՈՒՔԱՐԱՓ ԱՆԵԼ ԱՅԴ ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԸ սույն թվականի օգոստոսի 15-ից սկսած՝ եթե մինչ այդ ցուցանակները չհամապատասխանեցվեն ՀՀ օրենսդրության պահանջներին եւ չհարգվի իմ ազգային ու անձնական արժանապատվությունը: Թող պատմության համար արձանագրվի, թե հայոց լեզուն իր իսկ հայրենիքում պաշտպանելու համար ՀՀ-ում անձը կարող է պատժվել, ընդհուպ բանտարկվել:
Այս գրությունը տեղադրում եմ նաեւ Դիմատետրի իմ էջում, նաեւ տարածելու եմ ընկերային տարբեր ցանցերով, որպեսզի համայն աշխարհի հայությունը տեղյակ լինի, թե հայոց լեզուն ինչպե՛ս է հոշոտվում իր իսկ հայրենիքում՝ մտավորական կոչվածների եւ պետական տարբեր մարմինների պատասխանատուների անտարբեր հայացքների ներքո:
Հույսով՝
Գեւորգ Յազըճյան
Երեւան, 14 հուլիսի 2021թ., ժամը 10:40

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here