Էմիլ Օրդուխանյան
Շատերի մոտ հարց է առաջացել, թե ինչու՞ է Իրանը հենց հիմա իրականացնում զորավարժություններ Ադրբեջանի հետ սահմանին։
Բանն այն է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով տարածաշրջանում ձևավորվել է սկզբունքորեն նոր իրավիճակ, և խախտվել է ուժերի հաշվեկշիռը հօգուտ թյուրքական գործոնի։ Եթե նախկինում Հայաստանի դիրքերն էին ամուր, մասնավորապես` Իրանի հետ դե ֆակտո սահմանի երկայնքով, ապա հիմա գերակայությունը թուրք-ադրբեջանական տանդեմինն է, որը ռուսների հետ փոխպայմանավորվածություններով (Պուտին-Էրդողան հանդիպումը Սոչիում, որտեղ քննարկվել են նաև Հայաստանով անցնող հաղորդուղիների մասին հարցեր) կարող է տեսականորեն, հետո նաև գործնականում կտրել Հայաստան-Իրան սահմանը, որի ռազմավարական նշանակությունը հավասարապես կարևոր է թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար հեռանկարային ծրագրերի իրականացման տեսանկյունից (օր.` Սև ծով- Պարսից ծոց ուղի։ Այս նախագիծը խախտում է բոլորի խաղաքարտերը)։
Թուրքիան և Ադրբեջանը չեն թաքցնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իրենց պայմանը, այսինքն` միջանցքի բացումը, որն այդ երկու պետություններին ուղիղ կկապի միմյանց։ Ի դեպ` միջանցք ասվածը կարող է և չունենալ միջանցք անվանումը։ Այսինքն դա կարող է լինել ճանապարհների ապաշրջափակման անվանման ներքո։
Իսկ ո՞րն է այստեղ տարբերությունը։ Սա հասկանալու համար պետք է իմանալ, թե ինչ է ենթադրում միջանցքը։ Միջանցքը որևէ պետության սուվերեն տարածքով անցնող, սակայն միաժամանակ այդ իսկ պետության ուղիղ վերահսկողությունից դուրս տարածքն է` ցանկացած հաղորդուղի։ Դա նշանակում է, որ եթե Հայաստանում բացվում է մի հաղորդուղի, որը դե ֆակտո կլինի Հայաստանի վերահսկողությունից դուրս (օր.՝ Ռուսաստանի վերահսկողության տակ), ապա դա կլինի միջանցք, ինչպես էլ, որ այն անվանվի։ Թերևս` թուրք-ադրբեջանական տանդեմն այդպես էլ պատկերացնում է դա։ Եվ այդ մասին ենթադրել են տալիս թուրք-ռուսական շփումները և ադրբեջանական կողմի` խաղաղության իրենց ընկալման մասին հայտարարությունները։
Այս ամենի դեմ է, ըստ էության, Իրանի ռազմական ակտիվացումը։ Այս ֆոնին ուշագրավ է նաև, որ եթե ուրիշ դեպքերում Արևմուտքը կարող էր քննադատել Իրանի վարքագիծը, այսօր դա չի անում։ Դժգոհում է միայն թուրք- ադրբեջանական տանդեմը։ Հետևապես` այդ զորավարժությունները հակասում են այդ տանդեմի շահերին։ Այս առումով Հայաստանի և Իրանի շահերը համընկնում են, և մենք դառնում ենք բնական դաշնակիցներ։
Եթե ամփոփ ասենք` միջանցք չեն ուզում Հայաստանը, Իրանը և Արևմուտքը։ Ռուսաստանին պետք է ուղղակի վերահսկողություն ունենալ հաղորդուղիների վրա (որպես ազդեցության լծակ), ինչպես օրինակ` այսօր վերահսկում է Բերձորի միջանցքը, որի հարցում ունի նաև ադրբեջանցիների համաձայնությունը, իսկ Արցախում համատեղ մշտադիտարկում է անում Թուրքիայի հետ։
Դա նշանակում է, որ մի նմանատիպ պայմանավորվածություն էլ կարող է ձեռք բերվել Հայաստանի մասով։
Հետևապես` եթե մենք հիմա չենք պնդելու միջանցքի բացառման դիրքորոշումը և Իրանի հետ համահունչ չենք աշխատելու այդ միջանցքի սպառնալիքը չեզոքացնելու գործում, ապա հետո արդեն կանգնելու ենք նոր, ավելի կործանարար մարտահրավերի` դե ֆակտո պետականության և ինքնիշխանության կորստի առջև։
Հ.Գ. Իրանը ատամներն է ցույց տալիս թուրք-ադրբեջանական տանդեմին, քանի որ Հայաստանի հետ սահմանն իր կարմիր գիծն է։ Դա պետք է լինի նաև Հայաստանի կարմիր գիծը…