Հերմինե Օհանյան
Տեղեկատվական ու քարոզչական պատերազմների այս դարում հայաստանյան հումանիտար և հասարակագիտական մտքի միջազգայնացումը հրատապ հրամայական է։ Պետք է էապես մեծացնել միջազգային հեղինակավոր պարբերականներում հրապարակումները և շոշափելիորեն ընդլայնել միջազգային գիտական համագործակցությունները։ Հետաքրքրվեցինք, թե այս առումով ի՞նչ վիճակ է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտներում։ Ընդհանուր պատկերում առանձնանում են որոշ ինստիտուտներ, որոնց ցուցանիշները ոգևորիչ են։ Մասնավորապես, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը համագործակցում է 13 երկրների 30 գիտական կենտրոնների հետ։
Արսեն Բոբոխյան, ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու. «Արտերկրի տարբեր գիտական կենտրոնների հետ իրականացվող դաշտային հետազոտական ծրագրերի շրջանակներում, օրինակ, 2017-2018 թթ. կազմավորվել են 16 համատեղ հնագիտական արշավախմբեր, այդ թվում` հայ–ամերիկյան` 4, հայ–գերմանական` 3, հայ–ֆրանսիական` 3, հայ–իտալական` 2, հայ-ճապոնական` 1, հայ–ավստրիական` 1, հայ–լեհական` 1, հայ–չեխական՝ 1»:
Ինստիտուտի մի քանի գիտաշխատողներ (Պավել Ավետիսյան, Լևոն Աբրահամյան, Ռուբեն Բադալյան, Արսեն Բոբոխյան) համաղեկավարում են ատենախոսություններ, որոնք իրականացվում են Քորնելի, Կալիֆորնիայի, Բեռլինի և Հալլեի համալսարաններում. «Համատեղ հետազոտությունները նվիրված են հայաստանյան հնագիտական և ազգագրական նյութի ներկայացմանը միջազգային և միջմասնագիտական համատեքստում»:
Միջազգային համագործակցությունից զատ: Ինստիտուտում աշխատող մասնագետներից գրեթե բոլորն աշխատում են Հայաստանի տարբեր բուհերում՝ ԵՊՀ, AUA և այլն. «Ինստիտուտի կադրերը հիմնականում ձևավորվում են այդ համագործակցության արդյունքում»:
Հրապարակումները։ 2020 թ.-ին ինստիտուտի գիտաշխատողների կողմից եղել է 172 հրատարակություն, որից 150-ը՝ հոդված (60-ը հայերեն, 30-ը ռուսերեն, 60-ը անգլերեն/գերմաներեն/ֆրանսերեն): Գերակշռում են հայաստանյան հրապարակումները (մոտ 70%). «Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հաշվառվող հանդեսներում յուրաքանչյուր տարի ինստիտուտը հրապարակում է մոտ 20 հոդված»:
Երիտասարդներն էապես հետաքրքրված են ինստիտուտի աշխատանքներով, կա մեծ հոսք. «Սակայն անհրաժեշտ է բարձրացնել երիտասարդների աշխատավարձերը (որի հետ մեկտեղ՝ համապատասխան պահանջները և ատենախոսությունների պաշտպանման վերջնաժամկետները), որպեսզի նրանք չփնտրեն հավելյալ աշխատանք, ինչն էապես հետաձգում է վերջիններիս մասնագիտական կայացման գործընթացը»։
Հիմնական խնդիրը նյութական և մարդկային ներուժի պակասն է: Ինստիտուտն ամեն ինչ անում է արշավախմբերի ֆինանսավորման պարագայում պարիտետային հարաբերություններ պահպանելու համար։ «Մարդկային ռեսուրսն առկա է, բայց մասնակի է բավարար միջազգային մակարդակ ապահովելու համար (լեզվի իմացություն, տեխնիկական միջոցների կիրառում)»:
Ի՞նչ անել: «Անհրաժեշտ է ավելացնել մասնագետների վերապատրաստմանն ուղղված միջազգային սեմինարների քանակը, բարելավել աշխատանքային պայմանները՝ համալրել ինստիտուտները ժամանակակից լաբորատորիաներով, ընդլայնել սահմանափակ աշխատանքային տարածքները, կրթել համապատասխան աշխատակազմ, որը կկարողանա օգտագործել սարքավորումները։ Եվ ոչ միայն խրախուսել դրսի հանդեսներում տպագրվելը, այլև իրական ներդրում կատարել՝ Հայաստանում տպագրվող հանդեսները բարձր վարկանիշով (Scopus, Web of Science) դարձնելու համար» եզրափակում է Արսեն Բոբոխյանը: