Նարինե Փիլոյան
Օզոնային շերտը կարևոր դեր ունի Երկիր մոլորակում գոյություն ունեցող բնակչության, բուսական և կենդանական աշխարհի համար: Այն պաշտպանում է Երկիրը արևի վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Օզոնային շերտի քայքայումը ժամանակակից բնապահպանական հիմնախնդիրներից է։ Այն կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների կենդանի օրգանիզմների համար: Օզոնային շերտը և դրա քայքայումը գիտնականների ուշադրության և ուսումնասիրության կենտրոնում է: Բազում միջոցառումներ և ծրագրեր են իրականացվում այդ ընթացքը կանխելու կամ գոնե դանդաղեցնելու համար:
Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի «Աստղաքիմիա, աստղակենսաբանություն և արտարեգակնային մոլորակներ» բաժնի գիտաշխատողների մի խումբ՝ բաժնի վարիչ, առաջատար գիտաշխատող, ֆ.-մ.գ.դ. Արարատ Եղիկյանի գլխավորությամբ կատարվել է Երկրի մթնոլորտային օզոնի կոնցենտրացիայի տեսական ուսումնասիրություն:
ՀՀ ԳԱԱ 2020թ. գիտական եվ գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքների հաշվետվությունից (էջ 64). «Կատարվել է Երկրի մթնոլորտային օզոնի կոնցենտրացիայի տեսական ուսումնասիրություն՝ կախված տիեզերական մասնիկների (այդ թվում՝ անոմալ բաղադրամասի) հոսքի աճից: Այդ աճը տեղի է ունենում Արեգակի՝ միջաստղային մոլեկուլային ամպով անցնելու ժամանակ: Ցույց է տրվել, որ Երկրի մթնոլորտում օզոնի կոնցենտրացիան նվազում է այդ դեպքում մոտ 2 կարգով ստրատոսֆերայում (20-30 կմ) և մեզոսֆերայում (50-60 կմ)` բոլոր կարևոր հետևանքներով: Կատարվել է տեսական ուսումնասիրություն՝ կապված երկրի մակերևույթին տեղակայված ժամանակակից մեծ և կառուցվող շատ մեծ օպտիկական աստղադիտակների կիրառման հետ: Իրականացված հետազոտության շրջանակներում, տվյալ աստղադիտակների համար, վերծանվել է օպտիկական հզորության փոփոխության հարաբերական վարքը լայն սպեկտրային շերտում, մթնոլորտային տուրբուլենցիայի որոշակի պայմաններում (ղեկ.՝ ֆ.-մ.գ.դ. Ա. Եղիկյան)»։
Ֆ.-մ.գ.դ. Արարատ Եղիկյանը մեզ հանրամատչելի ձևով բացատրում է, թե ինչ է իրենից ներկայացնում վերը նշված ուսումնասիրությունը. «Գոյություն ունեն անկախ ապացույցներ, որ ամեն 25-30 միլիոն տարին մեկ Արեգակը անցնում է խիտ միջաստղային ամպերով, որոնք բաղկացած են ջրածնից: Ամպերով անցնելու ժամանակ ջրածինը, թափանցելով Երկրի մթնոլորտ, պակասեցնում է օզոնի բաղադրությունը մինչև հարյուր անգամ, որն էլ զրկում է Երկիրը Արեգակի գերմանուշակագույն ճառագայթումից պաշտպանող միակ մթնոլորտային շերտից: Արդյունքում երկրագունդը կարող է պատվել սառույցով»:
Կիրառական նշանակությունը: Կլիմայական մոդելները շատ բարդ են, կախված են բազմաթիվ պարամետրերից, և ցանկացած գործոն, որն ազդում է մթնոլորտի վարքագծի վրա, կարևոր է առավել լավ հասկանալու ու կատարելագործելու մոդելները, այդ թվում նաև այսօր ոչ արդիական հանդիսացող վերը նկարագրվածը: «Մշակվում են զանազան տեսական նկարագրություններ, որտեղ համար մեկ խնդիրն է՝ հասկանալ բնակա՞ն, թե՞ մարդու գործունեությամբ են պայմանավորված կլիմայական փոփոխությունները: Այդ հարցը դեռ լուծված չէ»,- նշում է գիտնականը:
Համագործակցություն տեղական կամ միջազգային գիտական կազմակերպությունների հետ: Համագործակցում են Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի, Գերմանիայի Բոննի համալսարանի Արգելանդերի անվան աստղագիտության ինստիտուտի հետ (Argelander-Institut für Astronomie) [1]:
Արարատ Եղիկյանը մի շարք գիտական հոդվածների հեղինակ է, որոնցից շատերը տպագրվել են Web of Science [2], Scopus [3] գիտատեղեկատվական շտեմարաններում հաշվառվող ամսագրերում:
Դրամաշնորհային ծրագրեր: Արարատ Եղիկյանի խումբը 2018թ. մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի [4] գիտահետազոտական դրամաշնորհային մրցույթին «Հեռանկարային նախակենսամոլեկուլները ակտիվ գալակտիկաներում և այլ մոլորակներում» թեմայով և ճանաչվել հաղթողներից մեկը, որոնք պետք է իրականացվեին 2019-2020թթ.:
Գիտահետազոտական խմբում ներգրավված են նաև երիտասարդ գիտաշխատողներ Արմեն Հակոբյանը և Անահիտ Սամսոնյանը: Երկուսն էլ կրտսեր գիտ. աշխատողներ են: Արմենը զբաղվում է նաև դիտակների արդյունավետությունը բարձրացնելու գործերով: Անահիտը ասպիրանտ է, աշխատում է ատենախոսության վրա:
Արարատ Եղիկյան: «Գիտաշխատողի գործունեությանը խոչընդոտող գլխավոր հանգամանքներից մեկը ցածր աշխատավարձն է: Գիտության զարգացման համար անհրաժեշտ է 3 բան՝ ֆինանսներ, ֆինանսներ, ֆինանսներ…»:
Գիտությունն իր ուրույն տեղն ունի 2020թ. արհավիրքների հաղթահարման գործում: «Բայց հասարակության մակարդակն էլ է ընկնում: Դրա համար պետք է նաև լուծել կրթության խնդիրները. անընդհատ աշխատել գիտական հանրության և մասնավորապես երիտասարդների մակարդակը բարձրացնելու վրա: Իսկ դրա համար անհրաժեշտ է շատ կարդալ»,-եզրափակում է Արարատ Եղիկյանը:
Երկիր մոլորակը միշտ եղել է մարդկության, հատկապես գիտնականների ուշադրության կենտրոնում: Նրանում եղած կյանքի պահպանման միակ պատճառը օզոնային շերտի գոյությունն է: Դրա փոփոխման վրա ազդում են ոչ միայն արտաքին տիեզերական երևույթները: Հնարավոր է նաև ներքին կլիմայական փոփոխությունները ներգործություն ունենան: Անհրաժեշտ է անել ամեն հնարավոր քայլերը՝ օզոնային շերտի գոյությունը պահելու համար:
- Բյուրականի աստղադիտարանըՀՀ ԳԱԱ 33 գիտահետազոտական ինստիտուտներից մեկն է, հիմնադրվել է 1946թ․։ Գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունը Տիեզերքի անկայուն երևույթներն են: http://www.bao.am/
- Argelander-Institut für Astronomie is an academic, research and educational institute that is part of the Department of Physics and Astronomy at the University of Bonn, Germany.
- The Web of Science is the world’s most trusted publisher-independent global citation database. https://clarivate.com/webofsciencegroup/solutions/web-of-science/
- Scopus uniquely combines a comprehensive, expertly curated abstract and citation database with enriched data and linked scholarly literature across a wide variety of disciplines. https://www.scopus.com/
- Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ: Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի գումարից յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ 100 000 ԱՄՆ դոլար հատկացվելու է Հայաստանում աստղագիտության զարգացմանը, այն է՝ գիտահետազոտական նախագծերին (Համբարձումյանական գիտահետազոտական դրամաշնորհներ, 50 000 ԱՄՆ դոլար), Հայաստանի գիտնականների արտասահմանյան աշխատակցություններին (Համբարձումյանական աշխատակցություններ, 25 000 ԱՄՆ դոլար), գիտական միջոցառումներին (Համբարձումյանական գիտական միջոցառումներ, 15 000 ԱՄՆ դոլար), ուսանողների կրթաթոշակներին (Համբարձումյանական կրթաթոշակներ, 7200 ԱՄՆ դոլար) և աստղագիտության հանրայնացմանը (2800 ԱՄՆ դոլար) (https://www.bao.am/pr/2019/arm/042.php) ։