ՌՈՒԲԷՆ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ
շարունակութիւն
«Աշտարակները քաղաքի զարդն են,
Առագաստանաւերը՝ ծովերի, իսկ
երեխան զարդարում է ընտանիքը»:
Յունական
Ահաւոր, դժոխային, անհաւատալի էր երեւանեան ծննդատներից մէկի յանցաւոր գործունէութեան մասին յայտնութիւնը՝ որդեգրման անուան տակ նորածինների առք ու վաճառքի վերաբերեալ: Երբեք պիտի չկարողանայի հաւատալ, որ կարող է մեր երկրում երեխայի առեւտուր գոյութիւն ունենալ, այն էլ կազմակերպուած ծննդատան տնօրէնի ղեկավարութեամբ եւ ուղիղ մասնակցութեամբ: Ըստ տարածուած լուրերի, որոնց մասին ոչ մէկ փաստ կայ, լոյս աշխարհ գալուց առաջ երեխան արդէն վաճառուած էր լինում:
Ծննդականներին դիպչելը միայն օրինազանցութիւն չէ, այլ նաեւ համակարգային լրբութիւն՝ պիղծ բարոյական անդունդ: Չմոռանանք նաեւ, որ խաւարամիտ աւանդութիւն կայ մեր հայրենաբնակներից ոմանց մէջ, որ աղջիկ երեխան երբեմն անցանկալի է դառնում, մանաւանդ երբ նրանք մէկից աւել են: Ամօթ, հազար ամօթ հինգհազարամեայ մշակոյթ ունեցող երկրին: Զարմանալին այն է, որ լուրը տարածուելուց յետոյ ձայն ծպտուն չկայ իրաւական մարմինների կողմից:՝
Ցանկանում եւ սպասում եմ հաճելի ծանուցմանը, որ այս բոլորը իրական չէ:
ՊԻՂԾ
«Վերջում բարին յաղթեց չարին,
քանզի կեանքն է նրա երկար»:
Շոթա Ռուսթաւելի
Ոմանք պնդում են, թէ կենդանիների բարոյականութիւնը շատ աւելի բարձր է քան մարդկայինը: Պարզւում է, թէ կենդանիները չեն կարող կեղծել, նրանց բնազդը այդ յատկութիւնները չունի, մինչդեռ ունակ է ամէն տեսակ վայրագութեան, անշուշտ պայմանների դրդումով:
Կեղծիքի ու պղծութեան արարքներ յայտնաբերւում են ամէնուրեք ի սփիւռս աշխարհի, իսկ մեր աւետեաց երկիրը զերծ չէ այդ արատից, եւ իմացանք, որ կեղծիքի լայն դէպքեր են յայտնաբերուել ոչ թէ շուկայական տարածքում, այլ կառավարութեան բուն սրտի մէջ, բարձրաստիճան իշխանաւորների կողմից: Պարզուել է, որ տասնամեակներ շարունակ իշխանութիւնների առատօրէն բաժանած շքանշանները եղել են կեղծուած՝ ոսկու փոխարէն բաղկացած զանազան էժան մետաղների խառնուրդից, ծածկուած շատ բարակ ոսկէ թաղանթով: Մօտ անցեալում աղմուկ հանած մանկապղծութիւնից յետոյ, երբ նորածիններ էին վաճառում այս մէկը կարելի պիտի լինէր մի փոքր դիւրութեամբ կուլ տալ, բայց խաղի մէջ է մտնում պետականութեան պատիւն ու պարկեշտութիւնը:
Բարոյապղծութեան մի այլ փայլուն նմուշ է սորոսականների եւ մասոնականների մուտքը իշխանութեան ոլորտ, ուր պարզւում է, որ մոլախոտերի դէմ պայքարելու յանձնառու պիտի լինեն, բայց ընկել են այդ բարոյական ցեխաջրի մէջ՝ գրպանելով կոկիկ գումարներ: Արդէն մեր սեփական աղբամանը չենք կարողանում շնորհքով մաքրել, մնաց դրսից եկածը: Դարձեալ հանգուցեալ մօրս պիտի յիշեմ, որ կ՝ասէր. «Շատ սիրուն չէինք, ջրծաղկով էլ հիւանդացանք»:
Երկիրը ԺԱՒԵԼ-ի ջրով մաքրելու կարիք ունի:
ՑՈՅՑԵՐ
«Եթէ ցանկանում ես հանգիստ քնել,
խղճիդ հետ հաշտ մտիր անկողին»:
Ֆրանկլին
Եթէ դժուար է առողջ տրամաբանական մթնոլորտ ստեղծել անհատական միջավայրում, ապա գրեթէ անկարելի է այն հասարակութեան հետ, մանաւանդ որ ազատ լինելու գաղափարը բոլորովին նոյն իմաստն ու բովանդակութիւնը չունի բոլորի համար: Հայրենի մամուլի համաձայն՝ գրեթէ ամէն օր բողոքի ցոյցեր են լինում տարբեր պատճառներով եւ ամէնուրեք, բայց յաճախ կառավարութեան շէնքի առջեւ:
Կարելի է հրճուել ձեռք բերուած ազատամտութեան առկայութեամբ, բայց կարեւոր է, ոմանց համար չմոռանալ, որ մեզանից իւրաքանչիւրի ազատութիւնը կանգնում է այնտեղ, ուր սկիզբ է առնում միւսներինը: Արդեօք պահպանուա՞ծ են իրաւական տրամաբանութեան արժէքները, երբ Արցախի սահմանագծում թշնամու գնդակից երկու վիրաւորուած զինուորի դէպի հիւանդանոց տեղափոխման ընթացքին, Վարդենիսում ցուցարարները ճանապարհը փակում են եւ շտապ օգնութեան մեքենան շրջանցող ուղիներով երկու ժամ ուշացումով է հասնում հիւանդանոց: Պատճառը տեղի քաղաքապետի կալանաւորումն է քանզի նա հեղինակ է ընտրակեղծիքի եւ տարբեր պաշտօնի չարաշահումների, իսկ արարքը դուրս է բարոյական բոլոր սահմաններից, ինչ էլ որ լինի պատճառը:
Ըստ մեզ՝
֊Ճի՛շտ է արգելք դնել նման անիմաստ ցոյցերին,
-Ճի՛շտ է արգելք դնել ոչ սպանդանոցից ելած մսի վաճառքին,
֊ճի՛շտ է որեւէ սրահում ծխելու արգելքը,
–Ճի՛շտ է ապօրինի կառոյցների դատապարտումը,
֊ճի՛շտ է աջակողմեան ղեկով մեքենաների արգելքը, ճի՛շտ են այլ եւ այլ չհասկացուած արգելքները, բայց մեր հայրենաբնակներից ոմանք, այն համարելով ազատութեան իրաւունք՝ նախընտրում են չհասկանալ եւ շարունակել ընդդիմանալ: Մինչեւ ե՞րբ:
Ռ․Յ․
ԻՆՉՔ
«Ամբարտաւանների փառքը արագ
է դառնում անփառունակութիւն»:
Պուբլիլիոս Սիրոս
Աշխարհի բոլոր պետութիւնները ունեն ինչպէս դրամային, այնպէս էլ անշարժ եւ շարժական գոյքի ունեցուածք, տարբեր եւ զանազան նպատակներով գործածելու համար, որոնց մի մասը հանրութեանը յայտնի, իսկ միւսը ծածուկ՝ հասկանալի պատճառներով, ամէն ինչք չէ, որ բոլորին պէտք է տեղեկացնել, իսկ գաղտնապահութիւնը գանձարանը սիրում է: Այդ բոլորի հաւաքածուն կազմում է պետութեան կալուածքը, որին մաս կարող են կազմել անհատ անձանց ստեղծած բարիքներ, որ ունեն հասարակական բնոյթ, ինչպէս հիւանդանոց, դպրոց, յատուկ արտադրամիջոցներ եւ բազում ուրիշներ:
Այդպիսին էր ԱՐՄԱՎԻԱ ընկերութիւնը, տարիներ շարունակ ապահովում էր օդային թռիչքները Երեւանի եւ ամբողջ աշխարհի միջեւ համեմատաբար չափաւոր գներով: Ինչ որ աճպարարների ճարպիկ գործունէութեամբ ողջ երկիրը սփիւռքահայութեան հետ մէկտեղ զրկուել է այդ հնարաւորութիւնից՝ մնալով օտար ընկերութիւնների քմահաճոյքին ինչպէս արժէքային նաեւ տարբեր ուղեծրային առումով: Այսօրուայ դրութեամբ իւրաքանչիւր հայ եռակի գին է վճարում Երեւան հասնելու համար քան մեր անմիջական հարեւանները՝ վրացի, պարսիկ եւ այլք:
Կարծում եմ, թէ այս ոլորտում կարեւոր չարաշահումներ են եղած եւ օրը պիտի գա՞յ այն ջրի երես հանելու եւ շտկելու: Այն շատ կարեւոր է եւ պիտի վերականգնել, եթէ ներքաղաքական կամք լինի:
Ռ․Յ․
Որակ
«Ազնուութիւնը առաջին քայլը
լինելով է դէպի մեծութիւն,
հէնց ինքը մեծութիւնն է»:
Բովի
Երբ տխմարութիւնը անհատական բնոյթի է, ընդունելի կամ հանդուրժելի է, քանի որ այն բնական երեւոյթ է: Ենթադրաբար՝ նախախնամութիւնը, առատաձեռն չլինելով անհատի նկատմամբ, որակական ինչ-որ թերացում է եղել նրա կազմաւորման ընթացքին:
Տարբեր է խնդիրը, երբ այն հանրային բնոյթի է. այն՝ գրեթէ անբուժելի է, նոյնիսկ աւելի վտանգաւոր, քանզի հետեւանքները կարող են լինել անսպասելիօրէն աւերիչ: Յիշեցնեմ, որ ոչ ի ծնէ տխմարութեան աղբիւրը կարող է լինել շահամոլութիւնը կամ ինչպէս մեր հայրենաբնակներն են նախընտրում՝ «լափամանից օգտուելը»: Նրանց համար ի սկզբանէ կայ մի սկզբունք, այն է՝ մի բանի տիրանալ, իսկ տրամաբանութիւնն ու բարոյականութիւնը՝ գրողի ծոցը:
Այդ չէ՞ պատճառը, որ մեր հասարակութիւնը դարձել է երկշերտ՝ սեւ ու սպիտակ, եւ յաճախ անհնար է զանազանել ճշմարիտը կեղծիքից, երբ քաջալերւում է յանցանքը եւ տուժում արդարը: Ինչպէ՞ս էր հանդուրժում համակարգը, երբ զինծառայողները տարիներ շարունակ տարրական հիգիենիկ պիտոյքներ չունէին, եւ ըստ մեր ունեցած տեղեկութեանց՝ ծնողները պիտի հասցնէին գուլպայ ու սրբիչ, օճառ ու ատամի մածուկ, մինչդեռ անձնական պալատների շինութիւնը՝ բարձր պաշտօնեաների նախընտրելի սիրած զբաղմունք էր դարձել, բայց ի՞նչ փողերով:
Տարիներ շարունակ երկիրը ղեկավարողների պիղծ գործելակերպի հետեւանք է այդ: Նրանք ոչ միայն երկրի թալանով ա՛յն դէպի տնտեսական անկումի են տարել, այլ նաեւ վճարելով կատարել հանրային ուղեղների լուացում: Զինուած մեր փիւնիկեան վերածնուելու յատկութիւններով՝ պէ՛տք է կարողանանք վերականգնել, եթէ արդի խանգարող ուժերը մեզանից աւելի զօրեղ չլինեն:
Այս է կարեւոր խնդիրներից մէկը:
Ռ․Յ․
ՇԱՅԿԱ-ԿԼԱՆ
«Երբ գողանալու առիթ չի ունենում՝
գողը իրեն առաքինի է կարծում»:
Ֆրանսական
Տարիներ առաջ երեւանեան իմ այցելութեան ընթացքին աչքիցս չվրիպեց նախկին Սեւան հիւրանոցի քանդումը պարզ մի պատճառով, որ վաթսունականներին մօտ երկու տարի աշխատասենեակ եմ ունեցել այդ շէնքում: Զգացմունքային որեւէ անյարմարութիւն չէր երեւոյթը, բայց բոլորովին անտարբեր եւս չէի, մի անբացատրելի հետք էր մնացել, ուստի ցանկացայ իմանալ պատճառը: Ասացին, թէ սեփականաշնորհուած է, ինչ որ մոսկուացի հայի կողմից, իսկ աւելի ուշ պարզուեց, որ կառուցուած խոշոր համալիրի տարածքը զբաղեցնում են տարբեր նախարարութիւններ:
Այս տարի, երբ ժամադրութեան առիթով այցելեցի շէնքը եւ առիթը ունեցայ մօտից դիտելու գտայ, որ բաւական լուրջ եւ իւրայատուկ լուծումներ են գտել ճարտարապետները, որ ուրախալի էր, չնայած անսպասելի եւս չէր, բայց մի բան շատ զարմացրեց, եթէ ինձ հասած տեղեկութիւնը կեղծիք չէ, ինքս եւս կասկածում եմ, որ շինարարութեան փայատէրերը հէնց նախկին բարձրաստիճան պաշտօնեաներ են, որոնք այսօր պետութեանը վարձով են տալիս տարածքը: Որքան էլ որ չեմ ցանկանում հաւատալ, բայց եթէ՞ ճիշտ է․ ապա պարզւում է, որ փաստօրէն պետութիւնից գողացած գումարները հէնց պետութեան օժանդակութեամբ են շրջանառութեան մէջ մտնում եւ պարզաջրւում:
Ողբամ քեզ…
ՌՅ
ԱՆԱԿՆԿԱԼ
«Պտուղը ծառից հեռու չի ընկնում»:
Հայկական
Այո՜, անակնկալներով հարուստ, իմա՝ շատ հարուստ է մեր երկիրը: Անվտանգութեան ոլորտի բարձրաստիճան պատասխանատուի ենթադրեալ (ինքնա)սպանութիւնը դարձել էր սովորական եւ ոչ մէկին չէր զարմացնում: Նախկինների իրար յաջորդող վայրահաչոցները դեռ շարունակւում են խորհրդարանի ամբիոնից եւ բանտից խուսափած յոխորտացող արժանաւոր հերոս հօր՝ քոչի, ոչ պակաս հերոս արժանի որդին սպառնալիքներ է սփռում ամէնուրեք, թէ «ապիկար» հայ ժողովրդի նկատմամբ ունեցած ատելութեան առումով վրէժխնդիր լինելը իր կեանքի նպատակն է եւ այդ իսկ պատճառով պատրաստ է մտնել քաղաքական դաշտ՝ ամբողջացնելու հօր պակաս թողածը:
Ահա երկրորդ չարաբաստիկ նախագահին արժանի զաւակի կեանքի երազանքը, երբ լրագրողի հետ հարցազրոյցի ընթացքում յայատարարում է, թէ իր հայրը գողութիւն չի արել, այլ ԲԻԶՆԵՍ:
Նոյնիսկ անունը տալը նողկանք է առաջացնոմ՝ տեսնելով անպատկառ լրբութեան աստիճանը:
Ռ․Յ
ԲԱԽՈՒՄ
«Անարդար կռուի մէջ իսկական
քաջութիւնը կորչում է»:
Շեքսպիր
Բազում են եղբայրասպան բախումները՝ գրանցուած պատմութեան էջերում, ի սփիւռս աշխարհի: Շատ հեռուները չփնտրելու համար յիշենք միայն վերջին դարի, մեր աչքի առաջ եղածները: Ո՞վ է մոռացել Չինաստանի եւ Ֆորմոզայի ընդհարումը, կամ երկու Կորէաների կէս դար տեւող քաշքշուկները, կամ Վիետնամն ու Բեռլինի պատը, եւ այդ բոլորը տասնեակ հազարաւոր զոհերով ու անգնահատելի կորուստներով: Ոմանք կարծում են այդպիսի տխմար կացութիւնը յատուկ է ուրիշներին՝ պարզօրէն ենթադրելով, թէ մենք ապահով եւ արտօնեալ ենք: Իրականութիւնը այլ է: Ըստ երեւոյթին այսօր արցախեան անկախ մելիքութիւն ստեղծելու մարմաջը հանգիստ չի տալիս մեր հարազատ եղբայրներից ոմանց, որոնք, ըստ երեւոյթին, իրենց կնքահայր Ռոբ-Սերժ-Սաշիկների օրինակով, ինչ-որ աւարի են տիրացել, անշուշտ «պղտոր ջրերում ձուկ որսալով» եւ համարձակւում են ինչ-որ վիտալիկների բերանով հակահայաստանեանան խմորումներ զարգացնել ու տարածել: Տխմարութիւնը, քանի խոշոր լինի, այնքան աւելի հեշտ է կուլ տալ: Չար լեզուները ասում են, թէ իբր երկրից դուրս՝ երկրորդ հանրապետութիւն ստեղծելու գաղափարի հեղինակը հէնց ինքը՝ երկրորդ նախագահն է, եւ ստեղծւում է այն տխմար տպաւորութիւնը, թէ Հայաստանը պիտի կցեն Արցախին: Այո կեանքում ամէն տեսակի անակնկալ կարելի է:
Մեղա՜յ, մեղա՜յ
Ռ,Յ,
ՎՐԷԺ
«Չարագործները գայլերու կը նմանին,
որոնք մէկմէկու երբեք չեն յօշոտեր»:
Յ․ Պարոնեան
Անվտանգութեան ծառայութեան պետ Գէորգի Կուտոյեանի ցաւալի (ինքնա)սպանութիւնը պատահական չէր, ըստ երեւոյթին լինելու են ուրիշներ (բերանդ խէրով բաց, մանչս, կ՝ասէր լուսահոգի մայրս), բայց չգիտենք, թէ ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ՝ ենթադրաբար միեւնոյն մակարդակի, քանզի վերջերս միեւնոյն ձեռագրով տեղի ունեցած սպանդի նմանուող մահերը կրկնւում են եւ հնարաւոր է, որ այն շարունակուի, քանի դեռ մարտի 1-ի ու հոկտեմբեր 27-ի թղթապանակները իրենց վերջին հանգրուանին չեն հասել ու բացայայտուել:
Այստեղ մենք ոչ միայն ասելիք չունենք, այլ նոյնիսկ պատկան իրաւական մարմինները չեն կարողանում եղած մշուշը ցրել․ միայն մի բան յայտնի է պարզօրէն, որ հանգուցեալի յանցանքն էր՝ տեղեակ լինել աւելի գաղտնիքների, քան թոյլատրելի է:
Արգելուա՞ծ է արդեօք հարց տալ կամ մտածել, թէ ինչպէս եղաւ, որ Յունանեանի զինակիցները, ժամանակի ընթացքին, մէկը միւսի յետեւից անհետացան առանց աղմուկ-աղաղակի, պատահակա՞ն էր արդեօք, երկու նախկին ոստիկանապետերի եղեռնական մահը:
Ներքին եղեռնի մի տեսակ է զարգանում մեր երկրում, երբ թուրքի կամ ազերիների ներկայութիւնը անհրաժեշտ չէ:
Տեսնենք, թէ մինչեւ ո՞ւր կարող են գնալ մեր այլասերուածները․․․Ողբալի է:
Ռ․Յ․
ԴԱՐՁԵԱԼ
«Մեսրոպն իր կատարած գործով բոլորից
մեծն է մեր պատմական հերոսների մէջ»:
Գրիգոր Զոհրապ
Իմ տարեկիցները հեռատեսիլի ծնունդի վկայ եղան, նախորդ յիսունականներին, որ արդի ունեցածների հետ որեւէ առումով համեմատելի չէ: Շատերը հասկացան, նրա հասարակութեան հետ կապի մեծ դերը, առանց տարիքի սահմանափակման:
Ստեղծուեցին կեանքի բոլոր բնագաւառները ընդգրկող հաղորդաշարեր: Քաղաքական քարոզչութեան կողքին տեսանք գիտական, մանկավարժական, մշակութային եւ զանազան այլ թեմաներով հաղորդումներ: Տասնամեակների ընթացքին մեծ ընդունելութիւն ունէր «Մեր լեզուն, մեր խօսքը» Արտեմ Սարգսեանի խմբագրութեամբ շարքը, որից յետոյ կարճ միաժամանակ յայտնուեցին այլ՝ լեզուի ճիշտ գրելու կանոնները ուսուցանող հաղորդումներ Դաւիթ Գիւրջինեանի եւ Արտակ Մովսեսեանի գլխաւորութեամբ: Նրանք փակուեցին՝ ենթադրաբար նիւթական պատճառներով, բայց մի քանի օր առաջ, դարձեալ յայտնուեց պարոն Գիւրջինեանը նման մի ծրագրով, միայն թէ չիմացանք, թէ այն պատահակա՞ն էր, թէ՞ պիտի լինի շարունակելի, որ մեր կարծիքով չափազանց օգտակար է: Պարոն Գիւրջինեանը, «Լեզուի վարչութեան» տնօրէնը լինելով, անելիք շատ ունի այս բնագաւառում: Յիշեցնենք, որ մօտ մէկ տարի առաջ սփիւռքի տարբեր երկրների եւ հայրենի քսանից աւելի, մտաւորականների ստորագրութեամբ՝ միասնական ուղղագրութիւն ունենալ առաջադրող դիմումը՝ ուղղուած վարչապետին, երկրի նախագահին եւ կրթութեան նախարարին, յայտնուեց «Լեզուի վարչութեան» ղեկավարի սեղանին պատշաճ ընթացք տալու միտումով: Մեր հանդիպման ու զրոյցի ժամանակ այն տպաւորութիւնը ունեցանք, որ պարոն Գիւրջինեանը ոչ միայն հակադրուած չէ առաջարկին, այլ ինքը եւս զգում է նման աշխատանքների անհրաժեշտութիւնը, բայց անյայտ պատճառներով սայլը դեռ տեղից չի շարժւում :
Յուսանք որ պէտք եղած քայլերի մեկնարկում կը լինի մասնագէտներին ի մի բերելու նպատակով:
Ռ․Յ․
ՄՈԼԻ
«Մոլեռանդը մորթում է նոյնիսկ
ոսկէ ձու ածող հաւին»:
Յունական
Իսկապէս, որ մեր երկիրը դժուար ընկալելի է, իսկ հասկանալու համար, ճիգ պէտք է գործածել, մանաւանդ, երբ խօսքը քաղաքական գործիչների մասին է, եւ զարմանալի չէ, որ այդ ոլորտում բացակայ են բանականութիւնն եւ պարզ տրամաբանութիւնը, քանզի պատահական մարդիկ են յանձն առնում կրել այդ լուծը:
Խնդիրը անհատական չէ, չնայած հասարակութեան կազմը անհատներից է բաղկացած, ուրեմն ստիպուած պիտի անուն տամ, որ սկզբունքօրէն նախընտրելի չէ, բայց երկու օր առաջ ոմն՝ իրեն կարկառուն ընդդիմադիր համարող Աղուան Վարդանեանը պաշտօնապէս յայտարարեց, որ արդի իշխանաւորների օրերը հաշւուած են եւ շատ մօտ ապագային նրանց ոչնչացնելու են: Մեղա՜յ, եթէ սխալ եմ հասկացել, բայց կա՞յ արդեօք, աւելի կարեւոր ու պատասխանատու ծանուցում որեւէ պետութեան մասին, նոյնիսկ եթէ այդ անձը յաճախ փայլում է իր տգէտ ու տխմար յայտարարութիւններով:
Մէկ այլ նման երեւոյթ․ Հ․Հ․կուսակցութեան համաժողովը տեղի ունեցաւ, եւ Սերժը վերընտրուեց նախագահ: Երեւոյթը սխալ եւ յանցանք չէ, թերեւս դեռ ասելիք ունի, մանաւանդ, որ դահլիճում առաջին կարգի աթոռներից մէկը՝ հպարտօրէն զբաղեցրել էր բարձր կարգի մի հոգեւորական՝ ինչո՞ւ եւ ի՞նչ անելու համար:
19-12-21 Ռ․Յ.