«Իւրաքանչիւր ժողովրդի գիտակցական մակարդակը երեւում է նրանում, թէ նա ինչպէս է վերաբերում սեփական արխիւին»
Պ. ՍԵՒԱԿ
Դարերի պատմութիւնն ու յիշողութիւնն իր մէջ կրող Հայաստանի Ազգային արխիւը դառնում է 100 տարեկան:
1923թ. սեպտեմբերի 26-ի Հայկենտգործկոմի նախագահութեան որոշմամբ ստեղծուեց Կենտգործկոմին առընթեր պետական կենտրոնական արխիւը: Իսկ 1924թ. փետրուարին հաստատուեց Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան պետական կենտրոնական արխիւի կանոնադրութիւնը` արխիւային գործի վերաբերեալ առաջին օրէնսդրական ակտը:
ՀՍԽՀ Կենտգործկոմի քարտուղարութեան 1924թ. մարտին նորաստեղծ արխիւի վարիչ նշանակուեց փրոֆ. Խաչիկ Սամուէլեանը, որի ղեկավարութեամբ հանրապետութեան առաջին արխիւագէտները ձեռնամուխ եղան շէնքերի նկուղներում, սենեակներում եւ այլուր սփռուած անմշակ արխիւային նիւթերի յայտնաբերման եւ պետական կենտրոնական արխիւում դրանց հաշուառման եւ մշակման գործին:
Այսպիսով, մեր ժողովրդի մշակութային կեանքի ոլորտներից մէկի` արխիւների հաւաքագրման, հաշուառման, պահպանման եւ օգտագործման գործը դրուեց պետական հիմքերի վրայ:
1980թ. որոշում ընդունուեց նաեւ Երեւան քաղաքի պետական արխիւ ստեղծելու մասին, որը սկսեց գործել յաջորդ տարուայ սկզբից: Նոյն թուականին ոլորտի հետ կապուած շինարարական աշխատանքների իրականացմամբ ի յայտ եկան արխիւային նոր կառոյցներ, ինչպէս նաեւ բարեկարգուեցին հները: Արխիւային պարբերական ունենալու հարցը պետական ու գերատեսչական արխիւների լայն ցանց ստեղծած Հայաստանի համար հասունացել էր դեռեւս 1940-ական թուականներին, որն իրականութիւն դարձաւ 1950-ականի կէսերին: Արխիւային առաջին պարբերականի` «գիտաինֆորմացիոն բիւլետենի» անդրանիկ համարը լոյս տեսաւ 1956 թուականին, վերջին` 21-րդ համարը` 1962-ին, երբ արդէն 3-րդ տարին էր, ինչ զուգահեռաբար սկսել էր լոյս տեսնել «Բանբեր Հայաստանի արխիւների» հանդէսը: Մինչ օրս հրապարակուել է հանդէսի 131 համար:
Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ նորանկախ պետութիւնների համագործակցութեանը (ԱՊՀ) մասնակից երկրների միջեւ ստեղծուած նոր փոխյարաբերութիւնները դրական անդրադարձան արխիւային գործում միջազգային համագործակցութեան հաստատման ու զարգացման վրայ: Այդ են վկայում 1990-ական թուականների կէսերից սկսած` տարբեր երկրների արխիւային հաստատութիւնների մակարդակով համատեղ խորհրդակցութիւնների, գիտաժողովների, այլ միջոցառումների անցկացումը:
Հայաստանի Ազգային արխիւը աշխուժօրէն ներգրաւուած է ԱՊՀ մասնակից երկրների եւ միջազգային կառոյցների հետ համագործակցութեանը. 1994 թ. հանդիսանում է Արխիւների միջազգային խորհրդի (ԱՄԽ) անդամ, հետագայում նաեւ վերջինիս Եւրասիական բաժանմունքի («Եւրազիկա») անդամ, իսկ 2004 թ.` ԱՊՀ երկրների պետական արխիւային ծառայութիւնների ղեկավարների խորհրդատուական խորհրդի անդամ:
Հայաստանի Ազգային արխիւը զարգացման նոր փուլ թեւակոխեց նորընտիր տնօրէն, պատմական գիտութիւնների դոկտոր Գրիգոր Արշակեանի նշանակմամբ, որը որդեգրել է նախկինում ձեռք բերուած աւանդոյթների շարունակականութեան քաղաքականութիւնը` այն հարստացնելով ժամանակակից տարբեր գործիքակազմերով, վերջնանպատակ ունենալով Արխիւը դարձնել ազգային պրենտ:
Հայաստանի Ազգային արխիւը գերատեսչական համագործակցութիւն է իրականացնում մի շարք երկրների` ՌԴ, Պիելոռուսի, Լեհաստանի, Վրաստանի, Ֆրանսայի, Ուքրանիայի, Իրանի, Պուլկարիայի, Սերպիայի, Մոլտովայի, Ղազախստանի արխիւային ծառայութիւնների հետ, ինչպէս նաեւ` սփիւռքեան համահայկական խոշոր կառոյցների, գիտակրթական, բարեգործական կազմակերպութիւնների, սփիւռքի յայտնի անհատների հետ. ձեռք են բերւում փոխշահաւէտ պայմանաւորուածութիւններ:
Հանդիպումների ընթացքում Հայաստանի Ազգային արխիւի համար որպէս առաջնահերթութիւն կարեւորուել են Արխիւի արդիականացման` թուայնացման, ժամանակակից սարքերով վերազինման հարցերը, ինչպէս նաեւ գիտահետազօտական աշխատանքների կարեւորութիւնն ու առանձնայատկութիւնը` որպէս հայ ինքնութեան պահպանման ու սերունդներին փոխանցման առանցքային օղակ:
Ներկայումս հայ արխիւագէտների կողմից աշխատանքներ են տարւում սփիւռքի մեր հայրենակիցների հետ ստեղծագործական կապերի ու համագործակցութեան զարգացման ուղղութեամբ, խորապէս համոզուած լինելով, որ հնարաւոր ու փոխշահեկան է համատեղ իրականացնել փաստաթղթերի, ժողովածուների կազմման, գիտական ուսումնասիրութիւնների իրագործման, ցուցահանդէսների կազմակերպման եւ ազգօգուտ այլ աշխատանքներ` հիմքում ունենալով Հայաստանի Ազգային արխիւում յաւերժ հանգրուանած փաստաթղթային տեղեկատուութեան հարուստ պաշարները:
Վերջին շրջանում բարեկարգուել են Հայաստանի Ազգային արխիւի շէնքային պայմանները, ձեռք են բերուել պատճէնահանման նոր սարքաւորումներ, պատրաստուել փաստաթղթերի ժողովածուներ, գիտական ուսումնասիրութիւններ, մենագրութիւններ, ցուցադրութիւններ, համալրուել եւ համալրւում են Հայաստանի Ազգային արխիւի ֆոնտերը, զգալիօրէն նորացուել են սարքաւորումները: Աւելի քան 200 միլիոն դրամի ներդրման շնորհիւ` Արխիւը համալրուել է վերջին սերնդի թուայնացման սարքաւորումներով ու սերվերներով, փոխուել են հակահրդեհային համակարգը եւ պահոցների ջերմային սարքաւորումները, ներդրուել են ելեկտրոնային հարցումների համակարգը եւ մէկ պատուհանի սկզբունքը, դիւրացուել է ուսումնասիրողների սպասարկման գործընթացը, լայնօրէն իրականացւում է արխիւային հաւաքածուի հանրահռչակումը ընկերային ցանցերում (Facebook, Instagram, Twitter), գործում է Հայաստանի Ազգային արխիւի Youtube-եան ալիքը, վերագործարկւում է Հայաստանի Ազգային արխիւի նորացուած կայքէջը, ջանքեր են գործադրւում արխիւային ծառայութիւնների (յատկապէս վերջին տարիներին մեծ հետաքրքրութիւն վայելող տոհմածառերի կազմման, փաստաթղթերի բարձրորակ պատճէնների տրամադրման) ներկայացման եւ ընդլայնման ուղղութեամբ:
Տոհմագրութեան կազմումը յիշողութեան առարկայացումն է, ինչպէս նաեւ յարգանքի մատուցում` մեր նախնիներին ու մեր ծագմանը: Այն օգնում է սերունդների աչքի առաջ ունենալ սեփական տոհմի պատմութիւնը, նրանց դաստիարակել հայ ինքնութեան ոգով: Հայաստանի Ազգային արխիւում են պահպանւում 18-րդ դարում եւ 20-րդ դարի առաջին քառորդում կազմուած աշխարհագրեր, Հայ առաքելական եկեղեցու չափաբերական մատեաններ, վիճակագրական քարտեր ու գիւղատնտեսական տնաթերթիկներ, որոնք օգտագործւում են տոհմագրութեան աշխատանքներում:
Պետական արխիւային ծառայութեան աշխատանքը պէտք է նպաստի երկրում անկախ պետականութեան կայացման ու ամրապնդման գործին, սերունդներին ժողովրդի անցեալի համար հպարտութեան, ներկային` նուիրումի եւ ապագային` հաւատքի ոգով դաստիարակելու վեհ նպատակներին, օգնի ծառացած համապետական ու համազգային խնդիրների լուծմանը:
Այսօր Հայաստանի Ազգային արխիւը իր աշխատանքային ոչ մեծ թիմով եւ թեքնիք յագեցուածութեամբ պատրաստակամօրէն լծուած է արխիւային հարուստ հաւաքածուն գիտական հանրութեանը եւ աշխարհասփիւռ հայութեանը հասանելի, այդ հաւաքածուի համալրմանը հաղորդակից դարձնելու, ինչպէս նաեւ արտերկրում այն հանրահռչակելու եւ յաւուր պատշաճի ներկայացնելու եւ, ի հարկէ, իրենց տոհմի պատմութիւնը վերհանելու եւ ստեղծելու գործընթացներին: