Ադրբեջանի խայտառակությունը կոծկելու այլ ճանապարհ չի մնացել, քան մտացածին հաղթանակների մասին գլուխ գովելը. ՀՀ նախագահի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլորին վաղուց հայտնի է, որ բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Ադրբեջանի ղեկավարությունը դիմում է սադրանքների՝ փորձելով պղտորել մթնոլորտը։ Սակյան, մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի տարբեր նախագահների հոխորտանքները հօդս են ցնդել՝ բախվելով Արցախի ժողովրդի անբեկանելի կամքին եւ կայացած Արցախի Հանրապետության իրողությանը:  Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը՝ պատասխանելով News.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՀՀ նախագահականը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝  Ադրբեջանի նախարարների խորհրդի հոկտեմբերի 9-ի նիստում հնչեցրած հայտարարությունները ԼՂ հարցի վերաբերյալ:

«Վերջին հայտարարությունները այդ շարքից էին՝ միակ տարբերությամբ, որ այդ սադրանքն իրականացվել է Բաքվի կենտրոնում, այլ ոչ թե Արցախի հետ շփման գծում կամ Հայաստանի հետ սահմանին։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից օրեր առաջ Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, թե բանակցություններին ինքը թելադրողի դիրքերից է հանդես գալիս։ Բաքվի հաշվարկները պարզունակ են՝ խուսափել նախորդ գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու պատասխանատվությունից՝ առաջին հերթին Ադրբեջանի ժողովրդի առջեւ:

Մեր եւ Բաքվի պատկերացումները խայտառակության մասին խիստ տարբերվում են։ Գուցե Ադրբեջանում չգիտեն, բայց մեր տարածաշրջանում հնուց ի վեր խայտառակություն է համարվել նախապես ձեռք բերված պայմանավորվածություններից հետ կանգնելը։ Խայտառակություն է, երբ միջազգային ասպարեզում այլ պետությունների ղեկավարների ներկայությամբ ասածն ու սեփական պատերի ներսում ասածը չեն համապատասխանում իրար։ Խայտառակություն է, երբ փորձում են միջազգային հանրությանը եւ սեփական ժողովրդին խաբել։

Բանակցությունների գնալու հայկական կողմի համաձայնությունը որեւէ կերպ չի նշանակում մեր  դիրքորոշման փոփոխություն ԼՂ կարգավորման հարցում կամ հետքայլ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների պայմանավորվածությունների կատարման հրամայականից:

Եթե միջազգային այդ պայմանավորվածությունների կատարումն է Ադրբեջանը համարում մեր կողմից առաջ քաշված նախապայման, ապա բոլորը գիտեն, թե ինչ են այս կապակցությամբ բազմիցս հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, եւ նրանք վստահաբար դեռ ասելիք ունեն: 

Զավեշտ է, որ միջազգային հանրության առջեւ խայտառակվելուց խոսում է մի երկիր, որի նախաձեռնությամբ ստեղծված միջազգային պաշտոնյաներին կաշառելու այսպես կոչված բարեգործական հիմնադրամի մասին փաստերը չեն իջնում միջազգային մամուլի առաջին էջերից:  Թերեւս Ադրբեջանի այդ խայտառակությունը կոծկելու այլ ճանապարհ չի մնացել, քան ինչ-որ մտացածին հաղթանակների մասին գլուխ գովելը: Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի տարբեր նախագահների հոխորտանքները հօդս են ցնդել՝ բախվելով Արցախի ժողովրդի անբեկանելի կամքին եւ կայացած Արցախի Հանրապետության իրողությանը: Հստակ է, որ մեզ հունից հանելու փորձերը ի սկզբանե ձախողված են։ Մենք հանձնառու ենք ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Վլադիմիր Հակոբյանը՝ ներկայացնելով ՀՀ Նախագահականի դիրքորոշումը:

http://armenpress.am/arm/news/908413/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button