Հարաբերությունների ամրացում, Արցախի ուղղությամբ աշխատանքի ակտիվացում. ֆրանսահայ պատգամավորը ներկայացրեց առաջիկա աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրացում, հայկական հարցերի բարձրացում, Արցախի ուղղությամբ աշխատանքի ակտիվացում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավոր Դանիել Կազարյանը ներկայացրեց օրակարգային հարցերը:

«Հայաստանն ու Ֆրանսիան միշտ առանձնացել են ամուր կապերով, ջերմ հարաբերություններով, դա ավանդաբար եղել է: Ֆրանսիայի ներկայիս խորհրդարանում 3 հայ պատգամավոր կա: Մենք մեր գործունեությամբ նպաստելու ենք երկու երկրների քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունների էլ ավելի զարգացմանը: Այդ համատեքստում ինձ համար շատ կարևոր է Արցախի հարցը: Ֆրանսիան Մինսկի խմբում համանախագահող երկիր է, այն միշտ ակտիվ է եղել, կարծում եմ, որ նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես կշարունակի ջանքերն Արցախում խաղաղության հաստատման գործում»,-ասաց Դանիել Կազարյանը:

Քանի որ ընտրություններից հետո Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների փոփոխություններ են եղել, հետևաբար ներկայում աշխատանքներ են տարվում հայ-ֆրանսիական խորհրդարանական նոր խմբի ձևավորման ուղղությամբ:

«Ֆրանսուա Օլանդի օրոք գոյություն ուներ խորհրդարանական բարեկամական խումբ, որը բավական ակտիվ էր աշխատում: Ներգրավված էր 60 պատգամավոր տարբեր քաղաքական ուժ: Ընտրություններից հետո փոխվեց կազմը, շատ խորհրդարանականներ իրենց տեղում չեն: Այժմ աշխատանք է տարվում վերականգնել և վերստեղծել այս խումբը, որը կընդգրկի ավելի շատ ներկայացուցիչների»,-ասաց պատգամավորը: Նա նշեց, որ խմբի ձևավորման  հետ կապված գրանցումները սկսվել են:

Խոսելով Արցախի ուղղությամբ աշխատանքների մասին` Դանիել Կազարյանը նշեց, որ պետք է ակտիվացնել Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի շրջանակում աշխատանքները: Ըստ նրա` անհրաժեշտ է շարունակել աշխատանքը քույր քաղաքների ձևաչափում, մանավանդ, որ Արցախը բավական դինամիկ է իր շփումներում:

Դանիել Կազարյանն ընդգծեց, որ այս ամբողջ աշխատանքների համատեքստում չափազանց կարևոր է Ֆրանսիայում հայ համայնքի դերը: Ըստ նրա` Ֆրանսիայում բավական ուժեղ հայ համայնք կա ձևավորված` ամուր ենթակառուցվածքներով: Այն բավական դինամիկ է գործում, հայերը ավելի շատ կենտրոնացած են մեծ քաղաքներում` Լիոն, Մարսել Փարիզ:

«Ինչպես գիտեք երկու երկրների մշակութային կապերը միշտ ուժեղ են եղել, բայց մենք ցանկություն ունենք տեսնել տնտեսական հարաբերությունների էլ ավելի զարգացում: Անկախ Հայաստանի Հանրապետությունը երիտասարդ է` 26 տարեկան է, ամեն անգամ,երբ գալիս եմ Երևան, տեսնում եմ փոփոխություններ, ինչը շատ ուրախալի է: Հուսով եմ հետագայում ավելի կուժեղանան Հայաստան-Ֆրանսիա կապերը: Հայաստանը տնտեսության զարգացման կարիքն ունի, ստեղծված նոր հնարավորությունները թույլ կտան երիտասարդներին մնալ իրենց երկրում»,-ասաց նա:

http://armenpress.am/arm/news/908417/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button