Ավարտվել է «Արմենպրես»-ի ֆոտոարխիվի 10 հազար լուսանկարի թվայնացումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը, Հայաստանում Beeline-ը և Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամը հայտարարում են «Արմենպրես. Պատմություն» նախագծի շրջանակում «Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտոարխիվի 10 հազար լուսանկարի թվայնացման իրականացման մասին։ Թվայնացված բոլոր լուսանկարները հասանելի են ծրագրի շրջանակներում գործարկված history.armenpress.am կայքում։


Հանդիսանալով Հայաստանի հնագույն լրատվական գործակալությունը (հիմնադրվել է 1918թ.)՝ «Արմենպրեսը» լուսաբանել է երկրի պատմության վերջին հարյուր տարվա կարևորագույն բոլոր իրադարձությունները: Նախագծի գլխավոր աջակիցը Beeline-ն է։ Թվայնացման և կայքի ստեղծման աշխատանքներն իրականացվել են Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամի կողմից։

««Արմենպրես. Պատմություն» նախագիծն արդեն իրականություն է։ Իր պատմությունը 1918թ․ սկսած Հայաստանի ամենահին լրատվական գործակալությունն ունի իր տեսակի մեջ եզակի թվային նախագիծ, որը հնարավորություն է տալիս նորանոր ծրագրեր ու նախաձեռնություններ իրականացնել ֆոտոլրատվության ոլորտում։ Վստահ եմ, որ այս նորացված կարողություններով ու գործիքակազմով մենք բազմաթիվ առիթներ կունենանք զարմացնելու մեր բաժանորդներին ու ընթերցողներին։ Շնորհակալ եմ բոլոր այն կազմակերպություններին ու մարդկանց, ում շնորհիվ «Արմենպրես. Պատմությունը» հասանելի դարձավ մեր հանրությանը», – ասաց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

«Այս ծրագրի ավարտը նշանակում է, որ լայն հանրություն համար արդեն հասանելի են մեր երկրի պատմության մեկդարյա վկայությունները։ Սա կարևոր աշխատանք էր պատմության պահպանման և ուսումնասիրության տեսակետից։ Շատ խորհրդանշական է, որ անցյալի պահպանման համար օգտագործվել են ապագայի տեխնոլոգիաները։ Դա նշանակում է, որ մեզ բոլորիս հաջողվել է պահպանել կապն անցյալի հետ և միևնույն ժամանակ վստահ քայլել առաջ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

«Նախագծի իրականացումը հետաքրքիր էր ոչ միայն տեխնոլոգիական, այլ նաև բովանդակային առումով։ Ամեն լուսանկարի հետ բացվում էր Հայաստանի նոր և նորագույն պատմության հետաքրքիր մի դրվագ, ինչն էլ մեծ ոգևորություն էր առաջացնում թվայնացնումն իրականացնող թիմի մոտ՝ թույլ տալով անմիջապես վայելել անչափ պատասխանատու աշխատանքի պտուղները։ Թվայնացման աշխատանքներն իրականացրել ենք հատուկ սարքավորումների միջոցով, որոնք ապահովել են բովանդակության բարձր որակ։ Ստեղծել ենք նաև ժամանակակից կայք, որի միջոցով լուսանկարները հասանելի են դարձել հասարակության համար», – նշում է Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը։

Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամը նախագիծն իրականացրել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում: Ծրագրի արդյունքում թվայնացված բոլոր լուսանկարների օգտագործման, ինչպես նաև հեղինակային և հարակից իրավունքները պատկանում են բացառապես «Արմենպրես» լրատվական գործակալությանը:

http://armenpress.am/arm/news/908641/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button