ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՆՈՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՈՒՄ

0
59

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաշխարհային բանկը 2018 թվականին Հայաստանի տնտեսության համար 3,8 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում, իսկ 2019-ի եւ 2020-ի համարՙ 4-ական տոկոս: ՀԲ «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» զեկույցի համաձայն, նախորդ տարին բարենապաստ է եղել Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համար, որի մեջ ընդգրկված է նաեւ մեր երկիրը: Ինչի արդյունքում, ըստ զեկույցի, 2017-ին տարածաշրջանի տնտեսական աճի ցուցանիշը կկազմի 3,8 տոկոս, որի հիմնական «մեղավորները» կլինեն Ռուսաստանն ու Թուրքիան: Առաջինի համար անցած տարվա տնտեսական աճը ՀԲ գնահատականներով կկազմի 1,7 տոկոս, իսկ երկրորդի համարՙ 6,7 տոկոս:

Համաշխարհային բանկը բարելավել է իր կանխատեսումները ընդհանրապես համաշխարհային տնտեսական աճի վերաբերյալ, հավանական համարելով 3,1 տոկոս աճը 2018-ին: ՀԲ գնահատմամբ, դա կարող է տեղի ունենալ ներդրումների հետագա վերականգնման, արդյունաբերությունում եւ առեւտրում աշխուժության, ինչպես նաեւ հումքի գների կայունացման արդյունքում: Նման բարենապաստ արտաքին միջավայրը լավ հնարավորություններ է ստեղծում նաեւ զարգացող երկրներում ավելի բարձր տնտեսական աճ ունենալու համար: Բնական է, համաշխարհային բանկի հետազոտության մեջ չեն կարող հաշվի առնվել անկանխատեսելի հանգմանքներըՙ պայմանավորված քաղաքական գործոններով, որոնք կարող են կտրուկ փոխել ինչպես համաշխարհային տնտեսության, այնպես էլ այս կամ այն տարածաշրջանի կամ երկրի տնտեսական աճի ցուցանիշները: Մասնավորապես, հումքիՙ առավելապես նավթի գների բարձրացումը, որի շնորհիվ 2017-ը գնահատվել է որպես բարենպաստ տարի, կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ունենալ այս տարիՙ կախված միջազգային գների փոփոխության ուղղությունից:

Անդրադառնալով Համաշխարհային բանկի կանխատեսումներին, հարկ է միանգամից նշել, որ դրանք հաճախ լինում են հոռետեսական, իսկ երբեմն էլՙ իրադարձություններից հետ ընկած: Ճիշտ է, դրանք պարբերաբար թարմացվում են, բայց մինչ ամփոփվում են նոր տվյալները հետագա կանխատեսումների համար, հետո հրապարակվում, դրանք նորից որոշակիրոեն հնացած են լինում: Մյուս կողմիցՙ կանխատեսումների համար Համաշխարհային բանկը հիմնականում հիմք է ընդունում մի քանի առավել ազդեցիկ գործոններՙ հումքի գները, ներդրումների ծավալները, տնտեսությունը բնութագրող ինդեքսները, անտեսելով այս կամ այն պետության կացության կամ տնտեսական քաղաքականության առանձնահատկությունները: Դրա վկայություններից է Հայաստանի համար 2017-ին 3,7 տոկոս հավանական տնտեսական աճի գնահատականը, այն դեպքում, երբ 11 ամիսների տվյալներով Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կազմել է 7,3 տոկոս, ինչից կարելի է եզրակացնել, որ տարեկան տնտեսական աճը էապես չի տարբերվի վերոնշյալ 7,3 տոկոս ցուցանիշից:

Ինչ վերաբերում է 2018-ի համար 3,8 տոկոս Հայաստանի տնտեսական աճի կանխատեսմանը, ապա այն տարբերվում է Հայաստանի կառավարության կողմից բյուջեի նախագծում որպես հիմք ընդունված 4,5 տոկոս աճից: Սրանցից ո՞րն է ավելի իրատեսական, ցույց կտա ժամանակն իհարկե: Սակայն, եթե համաշխարհային տնտեսության համար կանխատեսվում է 3,1 տոկոս տնտեսական աճ, իսկ տարածաշրջանի տնտեսությունների համարՙ 3,6 տոկոս, ապա ենթադրելի է, որ Հայաստանի Հանրապետության 3,8 տոկոս տնտեսական աճ ունենալու համար առանձնակի ջանքերի կարիք չի լինի: Հետեւաբար այն ոչ մի կերպ դրական կամ անգամ բավարար ցուցանիշ չի կարող լինել: Ավելին, այդպիսին չի կարող համարվել նաեւ Հայաստանի կառավարության կողմից կանխատեսված 4,5 տոկոս տնտեսական աճը: Անկախ այն հանգամանքից, որ 2017-ին մեր երկրի տարեկան տնտեսական աճը վերջին տարիների համեմատ բարձր կլինիՙ 6-7 տոկոսի սահմաններում, միեւնույնն էՙ Հայաստանի տնտեսական զարգացման ներկայիս մակարդակը պահանջում է, որ առաջիկա տարիներից յուրաքանչյուրում այդպիսի արդյունք գրանցվի: Ընդ որում, ոչ միայն միջազգային գների, տվյալ դեպքումՙ մետաղների բարձր գների հաշվին, որի մասին նշում է Համաշխարհային բանկը: Մետաղների միջազգային բարձր գինը մեր տնտեսական աճի գործոններից միայն մեկն է եւ նրա դերը շատ հաճախ չափազանցվում է: Էականն այն է, որ տնտեսական բարձր աճը լինի առեւտրի եւ ծառայությունների նկատմամբ արդյունաբերության, գյուղատնտեսության եւ շինարարության առաջանցիկ աճի հաշվին :

Հետաքրքրական են նաեւ մեր հարեւան երկրների վերաբերյալ Համաշխարհային բանկի կանխատեսումները: Այսպես, Ադրբեջանի համար 2018-ին կանխատեսվում է 0,9 տոկոս, 2019-ինՙ 1,5 տոկոս, իսկ 2020-ինՙ 2,6 տոկոս տնտեսական աճ: Այս դեպքում եւս գործ ունենք չափազանց ռիսկային կանխատեսման հետ, հաշվի առնելով այն մեծ կախվածությունը, որն ունի այդ երկիրը նավթի գներից: Օրինակ, ՀԲ գնահատականի համաձայն, այս տարի Ադրբեջանում տնտեսական անկումը կկազմի 1,4 տոկոս, մինչդեռ վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում նավթի գների որոշակի աճի շնորհիվ Ադրբեջանում 11 ամիսների արդյունքում տնտեսական անկումը կազմել է 0,2 տոկոս, իսկ տարեկան արդյունքը դրանից շատ չի տարբերվի եւ ընդհակառակըՙ էապես տարբեր կլինի ՀԲ գնահատած 1,4 տոկոս անկումից:

Վրաստանում ՀԲ-ն 2018-ի համար կանխատեսել է 4,2 տոկոս, 2019-ի համարՙ 4,7 տոկոս եւ 2020-ի համարՙ 5 տոկոս տնտեսական աճ: 2017-ին, Համաշխարհային բանկի գնահատմամբ, Վրաստանում տնտեսական աճը կկազմի 4,3 տոկոս: Այս դեպքում կանխատեսումը թերեւս ավելի մոտ է իրականությանը, քանի որ 11 ամիսներին Վրաստանում տնտեսական աճը կազմել է 4,8 տոկոս եւ տարեկան ցուցանիշը դրանից շատ տարբեր չի լինի: Սակայն, դժվար է ասել, թե ի՞նչ գործոնների շնորհիվ է առաջիկա երեք տարիներին Վրաստանում համեմատաբար բարձր տնտեսական աճ կանխատեսվում:

Եվ վերջապես, Ռուսաստանի մասին: 2017-ին Համաշխարհային բանկի գնահատմամբ Ռուսաստանում տնտեսական աճը կկազմի 1,7 տոկոս: Սա բարելավում է նախորդ անգամվա կանխատեսմանՙ 1,4 տոկոսի համեմատ: Նույնՙ 1,7 տոկոս տնտեսական աճը կանխատեսվում է նաեւ 2018-ի համար, իսկ 2019-ի եւ 2020-ի համար այս երկրում տնտեսական աճը կանխատեսվում է 1,8-ական տոկոս: Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ կանխատեսումներում նույնպես հիմնական շեշտը դրվում է նավթի գների գործոնի վրա, մինչդեռ վերջին 2-3 տարիներին այդ երկիրը որոշակիրոեն նվազեցրել է կախվածությունը դրանից: Դա արտացոլվում է նաեւ ռուսական ռուբլու փոխարժեքի վարքագծումՙ այն այլեւս նույնությամբ եւ կտրուկ չի կրկնում նավթի գների վայրիվերումները: Ամեն դեպքում, մեկ անգամ եւս պետք է փաստել այն կարեւորությունը, որն ունի Ռուսաստանի տնտեսական կացության բարելավումը Հայաստանի տնտեսության համարՙ սկսած էներգետիկայից, հայկական ապրանքների արտահանումից, ռազմական համագործակցությունից մինչեւ այդ երկրից դրամական փոխանցումների եւ այդ երկում մեր աշխատանքային միգրանտների առկայության գործոններից:

Թերեւս սրանք են Համաշխարահային բանկի նոր զեկույցից մեզ համար հետաքրքրություն ներկայացնող հիմնական հատվածները, իսկ զեկույցի 2017-ի գնահատականներիՙ իրականությանը մոտ կամ հեռու լինելը պարզ կդառնա արդեն այս ամսվա ընթացքում:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here