Սարդարապատի ֆենոմենը. այն բացեց հայ ժողովրդի պատմության նոր էջը

0
149

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ՀՀ: Մեր պատմության մեջ եղել են իրադարձություններ, որոնք ճակատագրական դեր են ունեցել հայ ժողովրդի կյանքում։
Ընդունված է ասել, որ պատմության մեջ «եթե»-ներ չեն լինում, բայց նախորդ դարասկզբին եթե չլինեին Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի եւ հատկապես Սարդարապատի ճակատամարտերը, երեւի մեր պատմության ընթացքն այլ ձեւով ընթանար։
«Թուրքական զորքերն ամբողջ Արեւմտյան Հայաստանը հայաթափելուց եւ հայ բնակչությանը ոչնչացնելուց հետո, հստակ նպատակ էին դրել նույնն իրականացնել նաեւ Արեւելյան Հայաստանում։ Եթե նույնիսկ նրանք չփորձեին էլ բռնաճնշումներ կիրառել, միեւնույնն՝ է հայ բնակչությունը հետեւելու էր Կարսի մարզի Ալեքսանդրապոլի գավառի հայերի քայլին։ Թուրքական զորքերի հարձակման ազդեցության տակ, վախենալով ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգից, համարյա ամբողջ բնակչությունը գաղթել էր Հյուսիսային Կովկաս»,-«ՀՀ»-ի հետ զրույցում պատմական հայտնի անցքերին անդրադարձավ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը։
1918-1921թթ. Հյուսիսային Կովկասում Հայաստանի հյուպատոս, Խանասորի արշավանքի մասնակից, գրող, քահանա Հակոբ Սառիկյանն իր հուշերում (ազգային արխիվը հրապարակել է նրա հուշերի գիրքը) գրում է, որ հայ բնակչությունն արդեն ամռանը հասել էր Վլադիկավկազ։
Արեւելյան Հայաստանի հայ բնակչության համար մեծ վտանգ էր ներկայացնում նաեւ տեղի մուսուլման բնակչությունը, որոնք օգնում էին թուրքական զորքերին եւ ավելի ֆանատիկ էին հայերին ոչնչացնելու հարցում։ Դա սարսափելի ուժ էր թուրքական զորքերի հետ միասին։ Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ հայկական բանակը պարտություն կրեց Ղարաքիլիսայում, բայց մինչեւ նահանջելը մի քանի օր շարունակ այնպիսի դիմադրություն ցույց տվեց, որ թուրքական զորահրամանատարներն անգամ զարմացել էին։ Մի քանի օր հետո էլ լուր եկավ, որ Բաթումում կնքվել է պայմանագիր, որի համաձայն հայկական զորքերը պետք է նահանջեին անգամ իրենց տնօրինության տակ գտնվող հայկական տարածքներից։ «Խնդիրն այն էր, որ Թբիլիսիում գտնվող Հայոց ազգային խորհուրդը եւ Բաթումում գտնվող հայկական պատվիրակությունը, որի կազմում էին Խատիսյանը, Քաջազնունին, հետո նաեւ Բաբաջանովը, տեղյակ չէին թե ինչ է կատարվում Արարատյան դաշտավայրում։ Այստեղ էլ՝ հայ զինվորականները եւ Արամ Մանուկյանը տեղյակ չէին, թե ինչ է կատարվում Թբիլիսիում եւ Բաթումում։ Միայն ամսի 2-ի նամակի հիման վրա տեղեկացան, որ Բաթումում բանակցություններ են տեղի ունեցել, պայմանագիր է կնքվել։ Նրանք չէին հասկանում, թե ինչու պիտի այդ տարածքները զիջեն թուրքերին»,-մանրամասնեց Վիրաբյանը։
Եվ ահա, Սարդարապատի ճակատամարտը հնարավորություն ընձեռեց կասեցնելու թուրքական զորքերի առաջխաղացումը, իսկ Սարդարապատում եւ Բաշ Ապարանում անգամ հետ շպրտել նրանց։ Ավելին՝ գեներալ Սիլիկյանը ծրագրել էր թիկունքից հարվածել եւ Ալեքսանդրապոլի փոխարեն մտնել Կարս, բայց սպառազինությունը բավարար չէր, զենք–զինամթերքը սպառվել էր, եւ հայկական զինված ուժերը կանգնեցին կայարանում։
Սարդարապատի հերոսամարտը հայ հավաքական ուժի հաղթանակն է, բայց եղել են նաեւ անհատներ, ովքեր նույնպես անգնահատելի դեր են ունեցել հաղթանակին հասնելու գործում։
Վերջին շրջանում, ի թիվս այլ հերոսների՝ Արամ Մանուկյան, Գարեգին Նժդեհ, Մովսես Սիլիկյան եւ այլք, խոսվում է նաեւ կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանի մասին։ Սակայն, ազգային արխիվի տնօրենի խոսքով, ճակատագրի հեգնանքով մենք չունենք փաստաթղթեր, մեզ համար հիմք են ծառայում միայն Սարդարապատի եւ Բաշ Ապարանի ճակատամարտերի մասնակիցների հուշերը։ Հուշերի հեղինակներից մեկը գեներալ Թովմաս Նազարբեկյանն է, որին 1921 թվականին աքսորեցին Ռյազան, այնուհետեւ ներում շնորհելուց հետո վերադարձավ Թբիլիսի, որտեղ էլ մահացավ 1920-ական թվականների վերջին՝ աղքատության եւ սովի մատնված։ Կյանքի վերջին տարիներին նա հասցրեց հուշեր գրել, որի ընթացքում նամակագրության մեջ էր ճակատամարտի մասնակից Մ. Սիլիկյանի հետ, ով որոշ տեղեկություններ էր հայտնում նրան։ Որոշ փաստաթղթեր են մնացել Ղարաքիլիսայի ճակատամարտից, որտեղ հայկական բանակը պարտվել էր, եւ ամռանը հանձնաժողով էր ստեղծվել՝ պարզելու պարտության պատճառները։ Ճակատամարտի մասնակիցները, մասնավորապես գնդապետ Ղորղանովը, բավականին մանրամասն գրավոր պարզաբանումներ են թողել։
Դրանից հետո 1920-1921թթ. հաստատվում է Խորհրդային իշխանություն եւ քար լռություն է իջնում հայ ժողովրդի համար կարեւորագույն այդ ճակատամարտերի շուրջ։ Այդ իրադարձությունների մասնակիցների մասին փաստաթղթեր հավաքելու ուղղությամբ որեւէ քայլ չի արվել մինչեւ 1960-ականները։ «Այդ օրերից մի քանի տասնամյակ անցավ, որի ընթացքում շատերը մահացան, մի մասն էլ՝ հատկապես սպայակազմը, գնդակահարվեց 1930-ական թվականներին։ Այսօր շատ շատերի քաջագործությունների մասին մեզ միայն պատառիկներ են հասել. օրինակ՝ բոլորը նշում են, որ հայկական զորքը նահանջելով հասել էր մինչեւ Դիլիջան, որտեղ սառը ցնցուղի ազդեցություն է ունեցել Գարեգին Նժդեհի ելույթը եկեղեցու բակում։ Ժամանակակիցներն ասում են՝ այնպիսի մի ելույթ է եղել, որ զորքը հետեւել է նրան եւ թուրքերից շուտ մտել Ղարաքիլիսա։ Այդպես էլ չգիտենք, թե այդ ինչ է ասել Նժդեհը, որ զորքը վստահել եւ հետեւել է նրան։ Սրանք միայն փոքրիկ պատառիկներ են այդ հերոսական օրերից»,–ասաց պատմաբանը։
Ազգային արխիվի տնօրենը բացառում է այն տարբերակը, թե փաստաթղթերը կարող էին ոչնչացվել խորհրդային կարգերի հաստատումից հետո, քանի որ, ընդհակառակը, խորհրդային իշխանությունը փաստաթղթեր էր հավաքում եւ պահում ոչ միայն բոլշեւիկյան կազմակերպությունների եւ բոլշեւիկ գործիչների՝ Ստեփան Շահումյանի, Սուրեն Սպանդարյանի, Կամոյի, Բոգդան Կնունյանցի, հետագայում նաեւ Ալեքսանդր Մյասնիկյանի գործունեության մասին, այլեւ Հայ հեղափոխական դաշնակցության, Հնչակյան կուսակցության եւ մյուսների մասին։
Այսօր պահպանված են Հայաստանի առաջին հանրապետության պետական կառավարման բոլոր մարմինների փաստաթղթերը։ Միայն պառլամենտի փաստաթղթերը 1921 թվականի փետրվարյան ապստամբությունից հետո Հայաստանի փրկության կոմիտեն իր հետ տարել էր, եւ այսօր էլ այն գտնվում է Բոստոնի ՀՅԴ արխիվում։ Որոշ փաստաթղթեր տարբեր ժամանակներում լույս են տեսել թերթերում, եւ ազգային արխիվի կողմից կազմվել է պառլամենտի արձանագրությունների գիրքը։ «Մինչ օրս չունենք ռազմական նախարարության արխիվը, թե ինչ է եղել՝ ոչնչացվե՞լ է, թե՞ ոչ, հետքը չկա։ Ունենք միայն այդ նախարարության վարչություններից մեկի՝ ռազմասանիտարական վարչության արխիվը, որտեղ բարեբախտաբար նախարարների հրամաններն ուղարկվել էին ի գիտություն եւ կուտակվել։ Մնացյալը չկա, որտեղ հնարավոր է լինեին Սարդարապատի մասնակիցների մասին տեղեկություններ։ Օրինակ՝ հայտնի է, որ եզդիական հեծելազորը 1000 հոգանոց խմբով Ջահանգիր աղայի եւ Ուսուբ բեկի գլխավորությամբ մասնակցել է Բաշ Ապարանի ճակատամարտին։ Գիտենք, որ մասնակցել են, քաջաբար կռվել, բայց միայն այդքանը, մանրամասն տեղեկություններ չեն պահպանվել»,-մեկնաբանեց զրուցակիցս։
Նրա կարծիքով, երբ 1991 թվականի սեպտեմբերի 21-ը հռչակեցինք որպես երրորդ հանրապետության ծննդյան օր, թեեւ շրջափակման մեջ էինք, բայց մեր վիճակն ավելի լավ էր, քան 1918 թվականին։ Եվ նման ծանր եւ բարդ ժամանակաշրջանում լուծվել են ազգի համար ճակատագրական նշանակություն ունեցող խնդիրներ։ Սարդարապատի ճակատամարտը Ա. Վիրաբյանն անվանեց «Սարդարապատի հրաշք», որը չկրկնվեց 1920 թվականին, երբ մենք առանց դիմադրության թշնամուն հանձնեցինք Ալեքսանդրապոլը, այն էլ՝ երկուսուկես տարի գոյություն ունեցող բանակի պայմաններում։ Արդյունքում դեկտեմբերի 2-ին կնքվեց Ալեքսանդրապոլի տխրահռչակ պայմանագիրը։
Սարդարապատի կարեւորության եւ նշանակության մասին տարակարծություն չկա, սակայն այն ունեցել է նաեւ առանձնահատկություններ։
Այստեղ պետք է տեղին գնահատենք կաթողիկոս Գեւորգ 5-րդ Սուրենյանցի բռնած դիրքը։ Թեպետ որոշ ժամանակակիցների հուշերում նշվում է, որ նա հեղինակություն չուներ բարձրագույն հոգեւորականության շրջանում, բայց բարձր գնահատանքի է արժանի 1918 թվականին նրա անզիջում կեցվածքը։ Հայտնի է, որ մայիսի 20-ին նրա մոտ է գնացել Մ. Սիլիկյանը, որպեսզի համոզի հեռանալ Էջմիածնից, սակայն կաթողիկոսը կտրականապես հրաժարվել է։ Հաջորդ օրը նույն կոչով նրան է այցելել Արամ Մանուկյանը, այս դեպքում էլ Գեւորգ Ե-ն անդրդվելի է մնացել՝ ասելով, որ եթե հայ զինվորը չի կարող պաշտպանել Էջմիածինը, ապա ինքը պատրաստ է ընկնել խորանի առաջ, բայց չի լքի Էջմիածինը։ «Սա մեծ նշանակություն է ունեցել։ Միգուցե, եթե նա այդպես համառորեն չասեր, որ ինքն Էջմիածնից գնացողը չէ, հայկական զորքը Սարդարապատում այդպես ոգեւորված դիմադրության չգնար»,-կարծիք հայտնեց Ա. Վիրաբյանը։
Հաջորդ առանձնահատկությունն այն է, որ Սարդարապատի ճակատամարտում թեեւ հիմնական կռվող ուժը պրոֆեսիոնալ հայկական բանակն էր, բայց պայքարը եղել է համաժողովրդական։
Երեւանում ցուցակագրվելու համար կամավորները հերթ չէին տալիս մեկը մյուսին։ Նույնիսկ մի պահ է եկել, որ ռազմաճակատից ասել են, որ կամավորները բավական են։ Սարդարապատի ճակատամարտին մասնակցել են առանց տարիքային սահմանափակման, անկախ քաղաքական հայացքներից՝ սկսած կոմունիստական գաղափարներ ունեցողներից մինչեւ ՀՅԴ ներկայացուցիչներ, անկախ պաշտոնական եւ հանրության մեջ զբաղեցրած դիրքից՝ մտավորականներ, ուսանողներ, գիմնազիստներ։ Իսկ գիմնազիայի աղջիկներն օգնություն են ցուցաբերել հոսպիտալներում։
Ցավոք, Ղարաքիլիսայի ճակատամարտի ժամանակ բնակչությունը չի օգնել բանակին, ի տարբերություն Արարատյան դաշտավայրի բնակչության։ Թե ո՞րն է եղել պատճառը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը մի անգամ նկատել է, որ Կարսի եւ Ալեքսանդրապոլի գաղթականությունը դեպի Վրաստան, իսկ այնտեղից էլ Հյուսիսային Կովկաս շարժվել է Լոռվա ձորով, ինչն էլ հուսալքություն է արթնացրել տեղի բնակչության մեջ։ Այդ իսկ պատճառով տեղի բնակչությունը չդարձավ այն ազդեցիկ ուժը, ինչպես Արարատյան դաշտի, Երեւան քաղաքի բնակչությունը Սարդարապատի հերոսամարտի ժամանակ։ Անգամ Բաշ Ապարանի ճակատամարտի ժամանակ առաջինը դիմադրություն էր կազմակերպել Ապարանի գյուղերի բնակչությունը՝ հայտնի Խենթի որդու եւ մյուս գյուղապետերի, տանուտերերի ղեկավարությամբ, մինչեւ օգնության կհասներ Մ. Սիլիկյանի կողմից ուղարկված զորքը Դրոյի ղեկավարությամբ։
Ակադեմիական մակարդակով թեման ուսումնասիրված է։ Սակայն չի բացառվում, որ ոչ հայկական աղբյուրների ի հայտ գալուց հետո նոր շեշտադրումներ հնարավոր կլինի կատարել։ «Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերը ներկայացնում ենք մեր ունեցած փաստաթղթերի եւ մեր տվյալների հիման վրա, հակառակորդ կողմի փաստաթղթերը չենք օգտագործել։ Մենք ծանոթ չենք թուրքական բանակի արխիվներին։ Դրանք կարող են նոր լույս սփռել տեղի ունեցածի վրա։ Թուրքերի ունեցած կորուստների մասին մոտավոր թվերով ենք խոսում, չգիտենք, թե ինչպես են այդ ամենը գնահատել»,-նկատեց արխիվի տնօրենը։
Ա. Վիրաբյանի համոզմամբ, Սարդարապատի հերոսամարտի 100-ամյա հոբելյանը նշելով մենք ոչ թե ինչ-որ բան ավարտին են հասցնում, այլ ընդամենը նոր փուլի մեկնարկը պետք է տանք։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

http://armenpress.am/arm/news/925837/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here