«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

0
18

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3300 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիսային հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (3 արկ): Ադրբեջանի զինված ուժերն ապրիլի 7-ին և ապրիլի 7-8-ի գիշերը Նախիջևանի հատվածում կրակ են արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ։ ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին։ Ադրբեջանական կողմի կրակահերթերի պատճառով Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքի բնակիչներից մեկի կովը սատկել է, մի քանի այլ կենդանի վնասվել: Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ապրիլի 9-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Գևորգի Հարությունյանը: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Նարեկ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Ադրբեջանի զինված ուժերն ապրիլի 12-ի ուշ երեկոյան կրակ են բացել Բաղանիսի մոտ գտնվող հայկական քաղաքացիական բեռնատարի վրա։ Հայկական ստորաբաժանումները պատասխան կրակով լռեցրել են հակառակորդին։ Վարորդը բարեբախտաբար չի տուժել։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնությունն ունի առանցքային դերակատարում: Այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը: «Բոլոր տարածաշրջանային հակամարտություններն ի վերջո կարգավորվում են, դրանք միանգամայն հաղթահարելի են: Պատմությունը ականատես է եղել ոչ պակաս դաժան և դրամատիկ հակամարտությունների: Արդեն ավելի քան 25 տարի այս հակամարտության կարգավորման բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով՝ կարգավորման այն սկզբունքների ու տարրերի հիման վրա, որոնք առաջարկել են համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան: Ռուսաստանն՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, առանցքային դերակատարություն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»,- ընդգծել է նա:

Հայաստանն ունի հավաստիացումներ, որ Եվրոպական Միության և Ադրբեջանի միջև բանակցվող շրջանակային համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Եվրոպական Միությունը կպահպանի միասնական հայտարարված դիրքորոշումը: Ազգային ժողովում ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկմանը, պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:

Հայոց ցեղասպանության դատապարտում

Իտալական հեղինակավոր La Stampa պարբերականը հարցազրույց է արել ապրիլի 4-6-ը պաշտոնական այցով Սուրբ Աթոռ և աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետություն մեկնած ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի (պաշտոնավարման ժամկետն ավարտվել է ապրիլի 9-ին) հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է «Ժամանակն է, որպեսզի Իտալիայի խորհրդարանը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը» խորագիրը կրող հարցազրույցն ամբողջությամբ:

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի գործընկերներին միանալ իրենց և ճնշում գործադրել նախագահ Դոնալդ Թրամփի վրա, որպեսզի վերջինս մերժի թուրքական կողմի ճնշումներն ու այս ապրիլի 24-ին հավուր պատշաճի հիշատակի Հայոց ցեղասպանությունը:

Շվեյցարիայի Ժնև քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Հիշողության լապտերներ» հուշարձանը: Այն տեղակայված է Trembley պուրակում՝ Ազգերի պալատից (ՄԱԿ-ի կենտրոնակայանը Ժնևում) ոչ մեծ հեռավորության վրա: «Սա մի հուշարձան է, որը մեզ ասում է՝ պետք է, որ նման բան այլևս երբեք չկրկնվի»,- նշել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը, ով մասնակցել է հուշարձանի բացման արարողությանը:

 

Հայաստան և աշխարհ

Հայաստանի խորհրդարանը միաձայն վավերացրեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: Եվրոպական Միությունը կավելացնի Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը՝ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով: Ազգային ժողովում ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: «2017-2020 թվականների համար Հայաստանին տրամադրվելու է Եվրամիության օժանդակության ծրագրված ծավալը, որը կկազմի մոտավորապես 170-175 միլիոն եվրո»,- նշեց փոխնախարարը:

Վերջին 10 տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները զարգացել են երկու երկրների նախագահների՝ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի փոխադարձ վստահության վրա հիմնված շփումների արդյունքում: Այդ մասին նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների մասին պատմող «Համբերատար բանակցողը» վավերագրական ֆիլմում:

Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալան Դունկանը, ով Հայաստանում է, շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում: «Շնորհավոր, սըր»,- գրել է նա՝ տեղադրելով Երևանում երդմնակալության արարողությունից հետո Արմեն Սարգսյանի հետ ձեռքսեղմման լուսանկարը:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է չինական Syntszyan company «Chen and Agrotechnology Co.LTD» ընկերության ղեկավար Լի Սիենմինին։

Հայաստանի` որպես զբոսաշրջային ուղղության մասին չինարենով լայնածավալ հրապարակում է զետեղվել «National Geographic Traveler China» պարբերականում, որի ընդհանուր տպաքանակը 1 միլիոն է:

«Արմենպրես» լրատվական գործակալությունն իր վիդեոբովանդակությունը միջազգային առումով ավելի համադրելի դարձնելու նպատակով համագործակցության համաձայնագիր ստորագրեց «Ruptly» լրատվական վիդեոգործակալության հետ: Այն ստորագրեցին «Արմենպրես» լրատվական գործակալության արտաքին կապերի և զարգացման ծրագրերի ծառայության ղեկավար Միհրան Միրխավոյանը և «Ruptly» տեղեկատվական վիդեոգործակալության Ռուսաստանի և ԱՊՀ-ի տարածաշրջանային կառավարիչ Ինդիրա Ժարովան: «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը նշեց. ««Արմենպրես»-ի գործունեության մեջ մենք մեծապես կարևորում ենք այն հանգամանքը, որ մեր արտադրած բովանդակության բոլոր տեսակները լինեն միջազգային չափանիշներին համապատասխան: Այս առումով կնքված համաձայնագիրը հնարավորություն կտա՝ թե մեզ համար հասանելի դարձնել «Ruptly»-ի բովանդակությունը, թե «Արմենպրես»-ի բովանդակությունը` մեր գործընկերոջ համար, ինչպես նաև հնարավորություն կլինի բարձրացնել վիդեոարտադրանքի որակը»,-ասաց Արամ Անանյանը:

 

Արմեն Սարգսյանն ստանձնեց ՀՀ Նախագահի պաշտոնը

Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությունից առաջ տիկնոջ հետ ապրիլի 9-ին առավոտյան հյուրընկալվել է Հանրապետության Նախագահի նստավայրում: Արմեն Սարգսյանին և տիկին Նունե Սարգսյանին դիմավորել են Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը: Նախագահական նստավայրի ոսկեզօծ դահլիճում հյուրընկալության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով, որ րոպեներ անց տեղի կունենա նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման արարողությունը, ևս մեկ անգամ Արմեն Սարգսյանին մաղթել է հաջողություններ:

ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում երդմամբ Արմեն Սարգսյանը ստանձնեց ՀՀ Նախագահի լիազորությունները: Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը երդվեց` ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 9-ին ընթացող Ազգային ժողովի հատուկ նիստում հնչեց Արմեն Սարգսյանի երդումը. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում: Աստված ինձ օգնական»:  Երդման արարողությունից հետո ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հանդես եկավ ելույթով:

 

ՀՀ նորընտիր Նախագահ Արմեն Սարգսյանի հարուստ կենսափորձը, Հայրենիքում և Սփյուռքում լայն ճանաչումը մեծապես պետք է նպաստեն առավել արգասավորելու նրա ծառայությունը Նախագահի պաշտոնում: Այս մասին մարզահամերգային համալիրում ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում հայրապետական օրհնանքի խոսքում ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը համոզված է, որ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն իր ողջ կենսափորձն ու գիտելիքները կծառայեցնի համազգային նպատակների իրականացմանն ու միասնության ամրապնդմանը:

Երդման հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 9-ին ստորագրել է առաջին հրամանագիրը՝ ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել րոպեներ առաջ կառավարության հրաժարականը ներկայացրած Կարեն Կարապետյանին բեղմնավոր և արդյունավետ աշխատանքի համար: Այս մասին Սարգսյանը հայտնեց Կարապետյանի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ների հետ զրույցում: «Մի քանի րոպե առաջ հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է իր և կառավարության հրաժարականը: Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ՝ ընդունել եմ  հրաժականը և ստորագրել համապատասխան հրամանագիրը՝ Հանրապետության նախագահի առաջին հրամանագիրը, որով այս պահից Կարեն Կարապետյանը և կառավարությունը շարունակելու են իրենց գործունեությունը՝ որպես գործող կառավարություն»,- նշել է ՀՀ Նախագահը: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունի շատ ջերմ ու լավ հարաբերություններ: Այս մասին Կարապետյանն ասաց ՀՀ նախագահին կառավարության հրաժարականը ներկայացնելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում: «Նախ և առաջ, ես կրկին կցանկանայի շնորհավորել Արմեն Սարգսյանին՝ այս բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ինչպես տեղեկացաք, քիչ առաջ ես նրան ներկայացրել եմ մեր կառավարության հրաժարականի դիմումը։ Պարոն Արմեն Սարգսյանի հետ ունենք շատ ջերմ ու լավ հարաբերություններ: Մենք երկար ժամանակ է, ինչ ճանաչում ենք միմյանց: Մենք բարեկամներ ենք և համախոհներ: Վստահ եմ, որ պարոն Արմեն Սարգսյանի գալով՝ նոր շունչ կմտնի կառավարման համակարգ և իրականացվող բարեփոխումներին նոր թափ կտրվի»,- նշեց Կարապետյանը:

ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին ուղերձով շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անդրադարձել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, պատասխանել նաև ապագա վարչապետի թեկնածության մասին հարցին և ներկայացրել իր տեսակետը: «Համակարծիք էինք, որ երկրի առջև կանգնած մարտահրավերների և խնդիրների պարագայում կառավարման նոր համակարգին սահուն անցումը ապահովելը և վերջնական ձևավորումը չափազանց կարևոր խնդիր է: Ինչպես նաև հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով արձանագրված հաջողությունները՝ որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Ներհայաստանյան զարգացումներ

Այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանում արձանագրվել է տնտեսական ակտիվության 8.6 տոկոս աճ: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար  Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հարցին: «Չնայած մենք ունենք որոշակի ֆորս-մաժորային իրավիճակ, քանի որ Թեղուտի ձեռնարկությունը չի աշխատում, սակայն այս տարվա առաջին ամիսներին ունենք տնտեսական ակտիվության 8.6 տոկոս աճ, արտահանման 43 տոկոս, ներմուծման՝ 45-46 տոկոս աճ»,- հայտնեց Կարեն Կարապետյանը։

Ծաղկաձորում ապրիլի 14-ին տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ: Գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել ՀՀԿ խորհրդի կողմից վարչապետի պաշտոնում կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման կապակցությամբ՝ նշելով, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հավանություն է տալիս Սերժ Սարգսյանի թեկնածությանը։

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը շարունակելու է իր դերակատարումն ունենալ երկրի կառավարման համակարգում, սակայն  առաջամարտիկը լինելու է իշխող քաղաքական ուժի առաջնորդ Սերժ Սարգսյանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Այդպես ընդունված է բոլոր ժողովրդավարական, պառլամենտական երկրներում: Որևէ պառլամենտական երկրում, որտեղ այս կամ այն կուսակցությունը գալիս է իշխանության, վարչապետի թեկնածու լինում է այն անձը, ով տվյալ կուսակցության լիդերն է», – նշեց Շարմազանովը: Նա չբացառեց, որ Կարեն Կարապետյանը կարող է շարունակել իր գործունեությունն  առաջին փոխվարչապետի պաշտոնում։

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն  ընդունեց հիվանդանոցներին դեղ ներկրելու հնարավորություն տվող օրենքի նախագիծը: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց բազմաբնակարան շենքերի, կրթական, պատմամշակութային, բժշկական հաստատությունների տարածքներում գիշերային ակումբների, կարաոկեների, դիսկոտեկների, սաունաների տեղակայումը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը: Խորհրդարանը հավանություն տվեց ոռոգման համակարգի բարելավման համար Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Հայաստանի միջև 2 միլիոն դոլարի վարկային համաձայնագրին:

ՀՀԿ կենտրանական գրասենյակի մոտ ապրիլի 11-ի երեկոյան կազմակերպված հավաքի մասնակիցները ճայթռուկ են պայթեցրել, ինչի հետևանքով վնասվել է Aysor.am լրատվական կայքի օպերատորի հագուստն ու տեսախցիկը: Մի խումբ երիտասարդներ նստացույց էին կազմակերպել Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում` Ֆրանսիայի հրապարակի հարակից տարածքում՝ կաթվածահար անելով երթևեկությունը: ՀՀ գլխավոր դատախազության կողմից հանձնարարվել է ՀՀ ոստիկանությանը նյութեր նախապատրաստել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած հավաքի մի խումբ մասնակիցների կողմից Երևանի պետական համալսարանի և Հանրային ռադիոյի շենքերում իրականացված գործողությունների փաստերի առթիվ:

«Խոսրովի անտառ»  պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-ի) ֆոտոթակարդներն առաջին անգամ արգելոցի պատմության մեջ նկարահանել են կովկասյան ընձառյուծ։ Նկարահանված ընձառյուծը երիտասարդ արու է, որը նախկինում չի արձանագրվել որևէ ֆոտոթակարդի կողմից։

 

Սփյուռք

Հալեպում իրականում կյանքն իր բնականոն ընթացքի մեջ է, բնակիչները զբաղված են իրենց սովորական առօրյայով: Այս մասին նշեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը: «Իհարկե, անհանգստացնող իրավիճակ է, և ամեն մարդ ցանկանում է լիարժեք խաղաղություն, սակայն այդ հրթիռակոծությամբ ոչ մի բան չի փոխվել մեր աշխատանքում: Բնականոն հունով շարունակում ենք ապրել: Մի բան կարող եմ ասել, այս 8 տարիների ընթացքում, բազմաթիվ դժվարություններ տեսնելով, ժողովուրդը չի ընկրկել, կանգնել է սիրիական բանակի կողքին, այսօր էլ չի վարանում և ամեն ձևով ամուր մնում է բանակի կողքին, ձգտում է իր կյանքը շարունակել, երկիրը վերականգնել»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:

Անկարայի հանրապետական դատախազությունը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 8 պատգամավորի նկատմամբ իրավական գործընթաց սկսելու նպատակով պահանջագիր է պատրաստել: Պատգամավորների շարքում է նաև հայազգի Գարո Փայլանը: Գարո Փայլանի դեմ նախապատրաստված պահանջագրում, մասնավորապես, նշվում է, որ նա 2017 թվականի մայիսի 1-ին Կանադայում տված հարցազրույցում իր արտահայտած մտքերով «հրապարակայնորեն ծաղրել է թուրքական ազգը, Թուրքիայի Հանրապետությունը և կառավարությունը» ու «վիրավորել հանրապետության նախագահին»: Պահանջագրերով, համաձայն երկրի սահմանադրության 83-րդ հոդվածի, նախատեսվում է պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից: Դրանք մեջլիսի նախագահությանը ներկայացվելու նպատակով ուղարկվել են Թուրքիայի արդարադատության նախարարությանը:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանին ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով հոբելյարին առողջություն, ան­սպառ եռանդ նրա գործունեության մեջ և ամենայն բարիք։

 

Միջազգային խճանկար

ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքում է Արևելյան Ղութայի Դումա քաղաքում սիրիական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման մասին հաղորդումները։ Այս մասին ապրիլի 8-ին հայտարարել է Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի (գործում է ՌԴ ՊՆ կազմում) պետ, գեներալ-մայոր յուրի Եվտուշենկոն։  Նա նշել է, որ Սիրիայի ԶՈՒ կողմից Դումայում իբր քլորով ռումբի կիրառման մասին հայտարարել են «մի շարք, այսպես կոչված, ոչ կառավարական կազմակերպություններ, այդ թվում՝ իրենց ֆեյքային նորություններով լայնորեն հայտնի «Սպիտակ սաղավարտները»։ Ապրիլի 7-ին ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ներկայացուցիչն  ասել էր, որ գերատեսչությունն անհանգստացած է Դումայում քիմիական զենքի հնարավոր կիրառմամբ։ «Այսօր առավոտյան մենք տեսել ենք Դումայում (Սիրիա) հիվանդանոցի մոտ քիմիական զենքի հնարավոր կիրառմամբ ևս մեկ հարձակման  մասի բազմաթիվ, շատ տագնապալի հաղորդումներ»,- ասել է նա։ – Տեղերում մի շարք խմբերի և բժշկական անձնակազմի հաղորդումներում խոսվում է առնվազն 40 զոհի և հարյուրավոր վիրավորների մասին»։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան անհերքելի ապացույցներ ունի այն մասին, որ Սիրիայի Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակումը բեմադրություն է: Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի 14-ի վաղ առավոտյան Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրին հրթիռային հարվածներ հասցնելով: Ռազմական գործողության սկզբի պատճառ է դարձել ապրիլի 7-ին Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք: ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան սիրիական ռազմական ու քաղաքացիական օբյեկտների վրա բաց են թողել ավելի քան 100 հրթիռ: Հարվածներն իրականացվել են ինչպես ծովից, այնպես էլ օդից: Օգտագործվել են ինչպես թևավոր հրթիռներ, այնպես էլ «օդ-ցամաք» տեսակի հրթիռներ: Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբից հստակեցրել են, որ բաց է թողնվել 110 հրթիռ, տուժել է երեք մարդ: Որոշ ամերիկացի քաղաքագետներ հարձակվելու մասին Թրամփի որոշումը որակել են որպես անօրինական և հակասահմանադրական, քանի որ նա հարձակում է իրականացրել առանց օրենսդիրների հավանությունը ստանալու՝ այդպիսով խախտելով Սահմանադրության առաջին հոդվածը: Հոդվածը նախատեսում է, որ պատերազմ սկսելու թույլտվություն նախագահին պետք է տա Կոնգրեսը: ՌԴ-ն կոչ է անում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից Սիրիան հրթիռակոծելու հարցով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն: «ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները հարված են հասցրել Սիրիայի ռազմական և քաղաքացիական օբյեկտներին` խախտելով ՄԱԿ-ի և միջազգային իրավունքի կանոնները: Այն հարձակում էր ինքնիշխան պետության դեմ, որը ահաբեկչության դեմ պայքարի առաջին շարքերում է»,-ասված է Վլադիմիր Պուտինի հայտարարության մեջ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից իրականացված հարձակումն ամրապնդում է սիրիացիների վճռականությունն ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին Ասադն ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ճիշտ է համարում Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից իրականացված ռազմական գործողությունն ընդդեմ Սիրիայի: Անկարան Աֆրինը Սիրիայի կառավարության վերահսկողությանը չի հանձնի այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը կղեկավարի Բաշար Ասադը: Այդ մասին հայտարարել Է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մերժել է Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագիծը, որը դատապարտում էր ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիային հասցված հարվածները: Նախագիծը պահանջում էր նաև դադարեցնել ագրեսիան մերձավորարևելյան պետության նկատմամբ: Փաստաթուղթը չի ստացել անհրաժեշտ 9 կողմ ձայները: Բանաձի նախագիծը պաշտպանել է երեք երկիր՝ Ռուսաստանը, Բոլիվիան և Չինաստանը: Ութ երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, արտահայտվել են դեմ դրա ընդունմանը, ևս չորս երկիր՝ Ղազախստանը, Պերուն, Հասարակածային Գվինեան և Եթովպիան ձեռնպահ են եղել:

ԱՄՆ-ը Թուքիային սպառազինության իր համակարգերն Է առաջարկել որպես ռուսական զենիթային համալիրների այլընտրանք: Այս մասին հայտնել Է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը։

Ադրբեջանի նախագահական ընտրություններում ինչպես և կանխատեսվում էր ձայների մեծամասնությամբ հաղթանակ է տարել գործող նախագահ, «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածու Իլհամ Ալիևը: Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններն անց են կացվել սահմանափակ քաղաքական միջավայրում, գործող այնպիսի օրենքների պայմաններում, որտեղ սահմանափակվում են այն հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որոնք անհրաժեշտ է իրական ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար: Այս մասին ասվում է ընտրությունների արդյունքներով ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ: ԱՄՆ հելսինկյան կոմիտեն քննադատել է Ադրբեջանում ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունները: «Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցել են ազատ ընտրության հնարավորության և անկախ մամուլի բացակայության պայմաններում: Բացի այդ, ազատ չեն արձակվել նաև 100-ից ավելի քաղբանտարկյալները»,-նշված է կոմիտեի հայտարարության մեջ:

Քիմիական զենքի արգելման կազմակերության (ՔԶԱԿ) փորձագետները հավաստել են, որ ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի դեմ մահափորձի ժամանակ կիրառվել Է «Նովիչոկ» թունավոր նյութը:

Ալժիրում ապրիլի 11-ին Իլ-76ՏԴ ռազմափոխադրական ինքնաթիռի կործանման զոհ Է դարձել 257 մարդ: Այս տվյալները ներկայացրել Է Ալժիրի պետական հեռուստատեսությունը: Ալժիրի զինված ուժերի ինքնաթիռը, որը կատարում Էր Բուֆարիկ-Տինդուֆ-Բեշար չվերթը, ընկել Է երկրի մայրաքաղաքից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բուֆարիկում ռազմակայանի օդանավակայանից թռիչքից մի քանի րոպե անց: Գյուղատնտեսական հողատարածքում ընկնելուց անմիջապես հետո օդանավը բռնկել Է: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական  նամակներ է հղել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության խորհրդարանի Մաջլիս ալ-Ումմայի նախագահ Աբդելկադեր Բենսալահին եւ ալ-Մաջլիս ալ-Շաաբի ալ-Վատանիի նախագահ Սաիդ Բուհաջային՝ Ալժիրի Բուֆարիկի օդանավակայանի մերձակայքում ռազմական ինքնաթիռի ողբերգական կործանման  կապակցությամբ։

Մշակույթ

Մինչև հոգու խորքը ներթափանցող ձայն, ինքնատիպ երգեցողություն, ինքնակատարելագործվելու նախանձելի ձգտում: Լեգենդար Միշել Լեգրանը նրան անվանել է «հիասքանչ ադամանդ»: Երգչուհի Թամարա Գվերդծիթելին ծնվել ու մեծացել է Վրաստանում, նվաճել Փարիզն ու հետո հաստատվել Մոսկվայում: Այստեղ էլ գլխապտույտ հաջողությունների է հասել: Այսօր Գվերդծիթելին սպասված ու սիրված արտիստ է ոչ միայն ետխորհրդային երկրներում, այլև ամենուր: Սիրված երգչուհին Հայաստան է վերադարձել մենահամերգով: Վրաստանի և Ռուսաստանի ժողովրդական արտիստուհին «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում խոսել է հայկական երգի նկատմամբ սիրո, Միշել Լեգրանի հետ համագործակցության, Մարգարեթ Թեթչերին սեփական հարսանիքին հյուրընկալելու և այլ հետաքրքիր հարցերի շուրջ:

 

Սպորտ

Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը «Velo Pasadena Racing»-ի թիմի կազմում ուժերն է չափել Կալիֆորնիայում անցկացված մրցաշարում և «կրիտեր» մրցաձևում զբաղեցրել 3-րդ հորիզոնականը` արժանանալով բրոնզե մեդալի:

Հայաստանցի պատանի թենիսիստ Արթուր Սողոյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցած «TENNIS EUROPE TOUR»-ի մինչև 16 տարեկանների մրցաշարում դարձել է հաղթող:

Սան Ֆրանցիսկոյում ապրիլի 7-ին և 8-ին տեղի ունեցած Pro Chess League ակումբային մրցաշարի հաղթող  դարձավ «Հայկական արծիվներ» թիմը:

 

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը Բադեն-Բադենի մրցաշարում կիսեց 3-5-րդ տեղերը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կրկին գլխավորեց Վարդան Մինասյանը:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը World Soccer պարբերականի վարկածով ընդգրկվել է աշխարհի 500 ամենահայտնի ֆուտբոլիստների ցանկում: Հենրիխ Մխիթարյանի վերականգնման համար կպահանջվի երկու շաբաթ: «Հենրիխ Մխիթարյանը ծնկահոդի կապանի վնասվածք ունի: Նա կբացակայի երկու շաբաթ: Մի անհանգստացեք, «Արսենալ»-ը լավ բժիշկներ ունի, և Մխիթարյանը լրջորեն վերականգնվում է»,- հայտարարել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

 

http://armenpress.am/arm/news/930009/

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here