Ժնևում կբացվեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Հիշողության լապտերները»

0
61

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայում` Ժնև կանտոնում կբացվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Մելիք Օհանյանի հեղինակած 8 մետր երկարությամբ «Հիշողության լապտերներ» հուշարձանը կանգնեցվելու է ապրիլի 13-ի երեկոյան Trembley պուրակում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամական խմբի քարտուղար Սարգիս Շիրինյանը նշեց, որ միջոցառմանը ներկա կլինեն Ժնևի քաղաքապետ Ղեմի Պագանին, կանտոնի նախարար Անտոնիո Հոդջերսը, հայ համայնքի ներկայացուցիչներ, խոսք կասի նաև հեղինակ Մելիք Օհանյանը: Ի սկզբանե հուշարձանը նախատեսված էր կանգնեցել Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակին հարակից այգում` «Արիանա պարկում», սակայն նշյալ որոշումը փոխվեց` թուրքական մեծ հակազդեցության արժանանալով: «Ես ափսոսում եմ, որ պայքարի առարկա դարձավ ստեղծագործական մի իրողություն, որի քաղաքական կարևորությունը ստորադասվում է գեղարվեստական արժեքին: Շատ սիրուն ու նուրբ արձան է, որը միայն հարստացնելու է Ժնևի այգին: Իհարկե, ավելի լավ կլիներ, որ «Արիանա պարկում» լիներ, քանի որ ավելի խորհրդանշական կլիներ»,-նշեց մեր զրուցակիցը:

Սարգիս Շիրինյանը տեղեկացրեց, որ հուշարձանի բացմանը կմեկնարկի նաև «Բեկորներ» խորագրով ցուցահանդեսը: «2015-ի սեպտեմբերին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Վեհափառի այցելության ժամանակ արդեն կայացել է ցուցահանդեսի անդրանիկ բացումը, որը ներկայացնում է 1894 կոտորածից մինչև 1915-ի Եղեռի, 1923 թվականին Լոզանի դաշնագրի վավերացման վերաբերյալ Շվեյցարիայի տարբեր օրաթերթերի քաղվածքները»,-ասաց Սարգիս Շիրինյանը: Նա հույս հայտնեց, որ այս ցուցանմուշները կներկայացվեն նաև Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում:

Շվեյցարիայի Ազգային խորհուրդը` պառլամենտի ստորին պալատը, 2003թ. դեկտեմբերի 16-ին ընդունել է մի բանաձև, որով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Շվեյցարիայում 1994 թվականից գործում է նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք` հակառակ ծայրահեղ աջակողմյանների ներկայացուցիչներից մեկի կողմից օրենքը մեղմացնելու(ցեղասպանության սահմանումը փոխելու) խորհրդարանին ուղղված հայցի:  

http://armenpress.am/arm/news/929859/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here