Սերժ Սարգսյանն ինտեգրացիոն գործընթացներին մասնակցությունը դրական է համարում Հայաստանի ակտիվ զարգացման տեսանկյունից

0
56

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ձգտում է հետխորհրդային տարածաշրջանում ակտիվորեն մասնակցել ինտեգրացիոն գործընթացներին՝ այդպիսով բազմապատկելով աճի հնարավորությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական «Известия»-ի հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության՝ ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչ շահեց Հայաստանը 2015 թվականին Եվրասիական տնտեսական միություն մտնելով՝ Սարգսյանն ընդգծել է երկու հանգամանք: «Հայաստանը մշտապես հետաքրքրված է եղել ինտեգրացիոն գործընթացներով, քանի որ դրանք օգնում են ավելի ակտիվ զարգանալ: Երկրորդը, մենք մշտապես հետաքրքրված ենք բոլոր երկրների հետ սերտ հարաբերություններով»,- ասել է նա:

ՀՀ երրորդ նախագահն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ին միանալով՝ Հայաստանը դարձել է մեծ՝ 170 միլիոնանոց շուկայի մաս:  «Այստեղ լավ աշխատանքի պարագայում հնարավոր է լինել մրցունակ և շահել դրանից: Ամեն դեպքում, արդեն 2016 թվականին մենք տեսանք դրական փոփոխություններ. ապրանքաշրջանառության աճի ցուցանիշը երկնիշ էր: Իսկ 2017 թվականին ԵԱՏՄ անդամների հետ մեր ապրանքաշրջանառությունը աճեց գրեթե 26 տոկոսով: Մեր արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճեց թե՛ 2016 թվականին (53.7 տոկոս), թե՛ 2017 թվականին (41 տոկոս): Սրանք լավ ցուցանիշներ են: Չեմ ասում, որ իրադրությունն իդեալական է: Կազմակերպությունը դեռևս կայացման փուլում է: Եվ բոլոր խոչընդոտները չեն, որ հանվել են ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժման ճանապարհից: Սակայն 2-3 տարիների ընթացքում որևէ կազմակերպություն երբևէ չէր կարողանա հասնել կատարելության: Շարունակելու ենք աշխատել»,- նշել է Սարգսյանը:

Պատասխանելով հարցին, թե Հայաստանից որ ապրանքներն են ամենապահանջվածը ԵԱՏՄ շուկաներում և մասնավորապես Ռուսաստանում՝ նա ասել է, որ այդ ցուցակն իրականում բավականին մեծ է: «Բանջարեղենները, մրգերը՝ ինչպես թարմ, այնպես էլ մշակված, հանքային ջուրը, գինին, կոնյակը, մշակված ալմաստը, ոսկերչական իրերը, տրիկոտաժը, ծխախոտային ապրանքները, ինչպես նաև դեղագործական ապրանքները, լեռնահանքարդյունահանման ոլորտի արտադրանքները: Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ ՀՆԱ 37 տոկոսը բաժին է ընկնում ապրանքների ու ծառայությունների արտահանմանը, դա լավ ցուցանիշ է»,- հայտարարել է ՀՀ երրորդ նախագահը: Նա հայտնել է, որ Հայաստանն իր առջև դրել է նպատակ՝ մինչև 2022 թվականը հասնելու ապրանքների 40-50 տոկոս, իսկ 2030-ին՝ մինչև 50 տոկոս արտահանման:

Սարգսյանի համոզմամբ՝ դա երկրին կտա մակրոտնտեսական կայունություն: «Բացի այդ, փոխվում է տնտեսության կառուցվածքը: Աճել է արդյունաբերության և ծառայությունների ոլորտի մասնաբաժինը: Նման միտումները շատ օգտակար են, և կարծում եմ, որ այստեղ ներուժն ամբողջությամբ չի ռեալիզացվել: Անգամ կարող եմ ասել, որ դեռևս մենք ռեալիզացրել են դրա միայն մի փոքր մասը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

http://armenpress.am/arm/news/930085/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here