Փաշինյանն անդրադարձավ կառավարության կազմի իր տեսլականին, իսկ Հարությունյանը նկատեց, որ այդ առումով անորոշությունը մեծանում է

0
15

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչպիսին է լինելու ապագա կառավարության կազմը, եթե ինքն ընտրվի վարչապետ և նկատեց, որ այդ հարցը շարունակում է բաց մնալ, ինչը պահպանում է անորոշությունը:

Խոսրով Հարությունյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում պետք է այնպիսի ելքեր փնտրել, որոնք հանրության մոտ վաղվա օրվա նկատմամբ հույս կառաջացնեն: «Համոզված եմ, որ Հանրապետական կուսակցության դիրքորոշումը` չխոչընդոտել Ձեր ընտրությանը, խոսում է դրա մասին` փորձել համատեղ գտնել ելքեր: Կոնկրետ հարց եմ ուզում հնչեցնել, որն ըստ իս շատ կարևոր է: Ակնհայտ է, որ բոլոր տեսակի խոստումների իրականացման ինստիտուտը կառավարությունն է, որոնք հնչեցվում են հանրահավաքներում և նախընտրական մրցապայքարի ընթացքում: Միաժամանակ, ակնհայտ է, որ իշխանությունը վերացական գործընթաց չէ, շատ անձնավորված պրոցես է; Հետևաբար` շատերին կհետաքրքրի, թե Ձեր, հուսով եմ վաղը դա ձեզ կհաջողվի, վարչապետ դառնալու պարագայում ովքեր են լինելու Ձեր կառավարության կազմում: Օրինակ, ինձ հետաքրքրում է` ով է լինելու առաջին փոխվարչապետը, ով է լինելու Պաշտպանության նախարարը, Արտաքին գործերի նախարարը, Ֆինանսների նախարարը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հարցրեց Հարությունյանը` ավելացնելով, որ սա զուտ հռետորական հարցադրում չէ և որևէ մեկի քաղաքական հետաքրքրությունը բավարարելու նպատակ չի հետապնդում: Ըստ Հարությունյանի, կախված նրանից, թե ովքեր կլինեն այդ կարևոր պաշտոններում` հանրությանը տված Նիկոլ Փաշինյանի խոստումները կարող են իրականանալ, կարող են չիրականանալ: «Համաձայնեք, որ հանրությունը, որն իրականում սատարում է Ձեզ, իրավունք է ունի նաև պատկերացնել ապագա կառավարության ուրվագիծը, որը կարող է իրականում իր ճանաչելիությամբ, պրոֆեսիոնալ հատկություններով հույս ներշնչել, որ այս ամբողջ պոզիտիվ կապիտալը կվերածվի քաղաքական լուրջ կապիտալի»,- ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը:

Ի պատասխան` Փաշինյանն ասաց, որ հատկապես միջազգային լրատվամիջոցներում շատ է հանդիպել Հայաստանում տեղի ունեցածի նկատմամբ բարձր գնահատական: «Ուզում եմ ուղիղ ասել, համարում եմ, որ սա այս քաղաքական գործընթացում ներգրավված ոչ թե որևէ կոնկրետ կողմի արժանիքն է, այլ բոլորի, որովհետև բոլորս հասկանում ենք, որ իրավիճակը կարող է մի փոքր սադրանքից ամբողջությամբ դուրս գալ վերահսկողությունից: Ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ շատ բարձր եմ գնահատում, որ բոլորս լինելով լարվածության գուցե ամենաբարձր աստիճանի վրա, այնուամենայնիվ կարողացել ենք չկորցնել ինքնատիրապետումը, պատասխանատվության զգացումը և դա խոսում է մեր հավաքական առավելությունների մասին»,- ասաց Փաշինյանը:

Միաժամանակ, ՀՀ վարչապետի թեկնածուն նշեց, որ որոշումների կայացման մեխանիզմը սուբյեկտիվ գործոն է, բայց իր պատկերացումը որոշումների վերաբերյալ հետևյալն է. դրանք պետք է լինեն առավելագույնս քննարկված և առավելագույնս ինստիտուցիոնալ: «Պետության կայացվածության մակարդակը որոշվում է նրանով, թե ինչքանով են ազդում որոշումների կայացման վրա, պաշտոնյաների սուբյեկտիվ ընկալումները` հակակշռված ինստիտուտների ձևավորված եզրակացություններով: Անկեղծ ասած, երկրորդ մոտեցման կողմնակիցն եմ, որովհետև ինստիտուտի սխալվելու հնարավորությունը շատ ավելի փոքր է, քան մարդու սխալվելու հավանականությունը»,- ասաց «Ելք» խմբակցության ղեկավարը:

Ինչ վերաբերում է կառավարության ձևավորմանը, նրա կազմին, ապա Փաշինյանը նշեց, որ այդ պրոցեսը տեղի է ունենում ֆորսմաժորային իրավիճակում, և վարչապետի նշանակումը, կառավարության ձևավորումը պետք է լինի ճգնաժամը հաղթահարելու գործիք: «Եթե դա լիներ սովորական ընտրական պրոցեսում, ապա կառավարության ձևավորման գործընթացը կգնար այլ տրամաբանությամբ: Առաջնային խնդիրը, որ պետք է Ձեր հարցի պատասխանի համար հետևյալն է. պետք է արձանագրվի այն հենարանը, այն շրջանակը, որն անուղղակի դառնում է վարչապետի ընտրության իրականացնողը: Պետք է այդ շրջանակն արձանագրվի, և կառավարության կազմը պետք է քննարկվի այդ շրջանակի հետ քննարկումների արդյունքում, որովհետև մեր նպատակը համերաշխության մթնոլորտի հաստատումն է: Մեր նպատակը չէ ստեղծել մի իրավիճակ, որ հանրության կամ քաղաքական դաշտի մի մասն արձանագրի, որ ինքը հաղթել է և ապացուցի, որ մյուս մասը պարտվել է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ իրենց նպատակն է ձևավորել համերաշխության մթնոլորտ, որտեղ հնարավոր կլինի խաղաղ, հանգիստ պայմաններում քննարկել օրհասական օրակարգի բոլոր հարցերը, որի գոյությունն այս պահի դրությամբ կայացած փաստով է ընդունվում: «Այսինքն, ապագա կազմը կձևավորվի կախված նրանից, թե վաղը քվեարկությունն ինչպիսի քաղաքական պատկեր ցույց կտա: Կառավարության կազմը կձևավորվի այդ պատկերի շրջանակներում իրականացվող քաղաքական խորհրդակցությունների, քննարկումների շրջանակում: Ես հիմա չեմ ուզում անել հավակնոտ հայտարարություններ, բայց ես կարծում եմ, որ մեր ձգտումը պետք է լինի ձևավորել համաձայնության կառավարություն»,- նշեց Փաշինյանը:

Իր հերթին, Խոսրով Հարությունյանը կրկնեց, որ այս հարցը հռետորական հարցադրում չէ, կախված նրանից, թե ովքեր կստանձնեն պատասխանատու դերակատարումներ կառավարության կազմում` իրենք կարող են պատկերացումներ ունենալ հետագա զարգացումների, այս ձեռքբերումը իրական քաղաքական կապիտալի վերածելու առումով: «Ի դեպ, ես այն կարծիքին չեմ, որ նույնիսկ Ձեզ մոտ ուրվագծված չէ այդ կազմը, գոնե այն անկյունաքարային դերակատարների: Եթե Դուք նրանց անունները չեք հնչեցնում, ուղղակի անորոշությունը մեծացնում եք, իսկ եթե դրանք չկան, առավել ևս շատ անորոշ է ստացվում: Միայն վարչապետի ֆիգուրը, որը նույնիսկ հանրության մի ստվար զանգվածի անվերապահ վստահությանն է արժանի, բավարար չէ այս ամենն իրականություն դարձնելու համար»,- նկատեց Հարությունյանը:

Արձագանքելով` Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վերջին շրջանում իրենց հեռակա քննարկումների հիմնական թեման եղել է քաղաքական պրոցեսը Սահմանադրության և օրենքի շրջանակներում կարգավորելը: «Սահմանադրությունն ու օրենքները հստակ սահմանում են, որ վարչապետի նշանակումից հետո 15-օրյա ժամկետում պետք է ձևավորվի կառավարություն: Այսինքն, մեր Սահմանադրությունն ու օրենքները չեն նախատեսում, որ սկզբից պետք է հրապարակվի կառավարության կազմը, հետո որոշվի վարչապետը: Մենք տրամադրված չենք, որ կառավարության կազմում արձանագրենք կողմերից մեկի հաղթանակ և պարտություն, մեր նպատակն է ձևավորել աշխատանքային, համերաշխ մթնոլորտ: Մեր ծրագիրն ի սկզբանե եղել է հետևյալը. եթե վաղվա քվեարկության արդյունքներով կընտրվի վարչապետ, շատ հստակ պետք է հասկանալ յուրաքանչյուր կողմ քվեարկողի մոտիվացիան: Քննարկումների արդյունքում պետք է տեղի ունենա կառավարության կազմի ձևավորումը: Եթե խնդիրը լիներ այն, որ մեր կուսակցությունը հաղթել է ընտրություններում և պետք է ձևավորի կառավարություն, բնականաբար մենք ունենք մեր կադրային բազան, բայց մենք չենք գալիս կադրային ջարդ անելու, ոչ մերոնքականներին մերոնքականներով փոխարինելու: Դրա համար էլ հարցի պատասխանը կախված է վաղվա իրադարձությունների զարգացումներից»,- ասաց «Ելք» խմբակցության ղեկավարը:                               

http://armenpress.am/arm/news/931950/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here