Գագիկ Մինասյանը հետաքրքրվեց, արդյո՞ք Փաշինյանն ունի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի ապաշրջափակման ծրագիր

0
42

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻՐԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝  արդյո՞ք նա ունի նոր գործիքակազմ, որը թույլ կտա վերացնել Հայաստանի շրջափակումը ու դրանով ապահովել մեր երկրի ավելի դինամիկ առաջընթացը: Միաժամանակ, Մինասյանը վերաարձանագրեց, որ արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերից մեր երկրի տնտեսական ու ոչ միայն տնտեսական զարգացման կարևորագույն խոչընդոտը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից շրջափակումն է:

«Տվյալ դեպքում էլ մտածում եմ, որ մենք պետք է ոչ թե ցանկալի մտածողությամբ  առաջնորդվենք, այլ պետք է հաշվի նստենք իրողությունների հետ: Ցավոք, մեր հարևան երկրներում տեղի ունեցող պրոցեսները հիմք չեն տալիս լավատեսության, որ մենք առաջիկայում, համենայնդեպս, շատ մոտ ապագայում կարող ենք ունենալ ապաշրջափակում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ խոսքը վերաբերում է թե՛ Ադրբեջանին, թե՛ Թուրքիային, որտեղ քաղաքական պրոցեսները նույնպես դրական ուղղությամբ չեն զարգանում:

Հետևաբար, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է  արձանագրել իրողությունը և այդ իրողության պայմաններում ՀՀ  տնտեսությունը դարձնել ավելի արդյունավետ ու մեր ունեցած պայմաններին ավելի հարմարված: «Ի՞նչ նկատի ունեմ, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և հույս ունեմ, որ այն պոզիտիվ էներգիան, որ ստեղծվել է Հայաստանում, իրապես հնարավորություն կտա մրցակցային դաշտ ստեղծելու, որը մեծ ներդրումների հնարավորություն կտա՝ ներհոսք ապահովելու առնվազն հայկական շրջանակներից»,- ասաց նա՝ հավելելով, որ արդեն իսկ հիմա նման պրոցեսներ նկատելի են ու զգացվում են:

Փաշինյանն ասաց, որ ուղղակի եղած կոմունիկացիաների անցանելիությունը և օգտագործելիությունը պետք է երաշխավորվի, իսկ բիզնեսն ու մրցակցությունն իրենք այդ խնդիրները կլուծեն:

Արձագանքելով՝ Գագիկ Մինասյանը հարցրեց. «Կարո՞ղ եմ արձանագրել, որ Դուք չունեք ապաշրջափակման որևէ ծրագիր: Ձեր ասածները տնտեսության զարգացման այլ հնարավորություններն են, որոնք իրականացվում են»:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Տեսեք, տեսլականն ինչի մասին է: Հայաստանը միշտ էլ ասել է, որ առանց նախապայմանների պատրաստ է բացել սահմանը Թուրքիայի հետ: Թուրքիան ասում է, որ մինչև Ղարաբաղի հարցը կարգավորված չէ, սահմանը  չի բացվելու:  Ադրբեջանն էլ ասում է, որ Ղարաբաղը իմն է, Երևանն էլ՝ հետը: Եվ ես ասում եմ, որ մենք պետք է այս իրողությունը հաշվի առնենք և ոչ թե հույս ունենանք, որ մեկ ամիս հետո Թուրքիայում կամ Ադրբեջանում ինչ-որ բան է փոխվելու, այլ պետք է ելնենք այն իրողությունից, որ մենք ունենք սահման, և պետք է մաքսիմալ օգտագործենք այդ երկու սահմանները»: Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ իր ասածներում նոր բաղադրիչն արդյունավետ օգտագործման գործոնն է:

«Նոր կոմպոնենտն իրոք ազատ տնտեսության ներդրումն է, ներդրումների հնարավորությունը, հասանելիությունը, և եթե այս քաղաքական պայմանները ապահովվեն՝ տնտեսությունն իր ճանապարհների հարցերը կլուծի՝ եղած քաղաքական ու աշխարհաքաղաքական հնարավորությունների սահմաններում»,-ավելացրեց ՀՀ վարչապետի թեկնածուն՝ ավելացնելով, որ ի վերջո, որքան էլ ճանապարհները փակ լինեն՝ կան սուբյեկտներ, որոնք շատ մեծ ծավալներով արտահանում են ապահովում և շատ մեծ ծավալներով շահույթ են ստանում:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր պատկերացմամբ պետք է հանվեն ներմուծումների ու արտահանումների հետ կապված սահմանափակումները: Եվ այս մրցակցությունը պետք է գործի նաև բեռնափոխադրման բնագավառում, որպեսզի  այլընտրանք լինի  ծառայությունների մասով:

http://armenpress.am/arm/news/931955/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here