Ծառուկյանն անդրադարձել է վարչապետի պաշտոնում Փաշինյանի թեկնածությունը սատարելու որոշմանը

0
20

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը սատարելու դիմաց նախապայմաններ չի դրել, պորտֆելների հարց չի քննարկվել։«Դա մեզ սազական չէ, այդպիսի խոսակցություն չենք ունեցել: Մենք սա արել ենք զարգացման համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ծառուկյանը:

Նա ընդգծեց, որ պատրաստ են հետագայում համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ և կյանքի կոչել նրա ծրագրերը, եթե դրանք ժողովրդի սրտով են: «Որքան լսել ենք, Նիկոլ Փաշինյանը իր ելույթներում ասում է այն, ինչ ժողովրդի և մեր սրտով է»,- նշեց նա:

Նա նաև ընդգծեց, որ տարբեր քաղաքական ուժեր, գործիչներ իրեն առաջարկել են առաջադրվել վարչապետի պաշտոնում, սակայն ինքը մերժել է, քանի որ հարգում է ժողովրդի որոշումը:

Ազգային ժողովում մեկնարկել է հատուկ նիստը. պատգամավորները քննարկում են ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է. նրա թեկնածությունն առաջադրել է «Ելք» խմբակցությունը: Երեք խմբակցություններ՝ «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» հայտարարել են նրա թեկնածությունը սատարելու մասին. այդ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն, ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն: ՀՀԿ-ն քվեարկելու հարցում իր դիրքորոշումը կհայտնի Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո:

 

 

http://armenpress.am/arm/news/931993/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here