Փաշինյանը պատգամավորներին ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ իր մոտեցումները

0
54

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կարծիքով` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ   բանակցությունները իրական իմաստ կստանան միայն այն պարագայում, երբ Ադրբեջանը շատ հստակ ուղերձ կհղի միջազգային հանրությանը, որ պարտավորվում է հարգել և ճանաչել միջազգային իրավունքի նորմերը ու պատրաստ է խնդրի կարգավորմանը այդ նորմերի շրջանակներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 1-ին խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե ինչպիսին է ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի մոտեցումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում, Փաշինյանը պատասխանեց, որ այն պայմաններում, երբ Ադրբեջանի  ղեկավարությունը ի դեմ Իլհամ Ալիևի որևէ պատեհ առիթ բաց չի թողնում սպառնալ Արցախի  Հանրապետությանը ու Հայաստանի Հանրապետությանը և նույնիսկ խոսում է Հայաստանի մայրաքաղաքը գրավելու իր մտադրության  մասին,  բանակցությունները ձևական բնույթ են կրում:

«Դրանք բանակցություններ են բանակցությունների համար և ոչ թե կարգավորման համար, որովհետև, քանի դեռ չկա կարգավորման մթնոլորտ, կարգավորում տեղի ունենալ չի կարող»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետի թեկնածուն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հրատապ կերպով կօգտագործեն իրենց ազդեցությունը և հեղինակությունը Ադրբեջանը ետ պահելու ռազմաշունչ հռետորաբանություն կիրառելուց, որովհետև դա հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջադրած պայմանն է, որ ոչ միայն ուժի կիրառումը, այլ նաև ուժի կիրառման սպառնալիքը պետք է բացառել կարգավորման այս գործընթացում:

«Քանի դեռ ուժի կիրառման սպառնալիքը բացառված չէ, մենք որպես պետություն պետք է համախմբենք մեր ուժը ագրեսիայից պաշտպանվելու համար»,- նշեց Փաշինյանը:

Ազգային ժողովում ընթանում է հատուկ նիստը. պատգամավորները քննարկում են ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է. նրա թեկնածությունն առաջադրել է «Ելք» խմբակցությունը: Երեք խմբակցություններ՝ «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» հայտարարել են նրա թեկնածությունը սատարելու մասին. այդ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն. ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն: ՀՀԿ-ն քվեարկելու հարցում իր դիրքորոշումը կհայտնի Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո:

http://armenpress.am/arm/news/932010/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here