Նիկոլ Փաշինյանը կոչ է անում վերադառնալ խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաներին

0
58

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության քվեարկությունից հետո «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարներին կոչ արեց կրկին վերադառնալ գործադուլի և դասադուլի կազմակերպման, փողոցների փակման գործելաոճին:

«Հանրապետական խմբակցության գործողությանը մեր հակագործողությունը լինելու է շատ արագ, վաղը հայտարարվում է տոտալ գործադուլ և դասադուլ: Առավոտյան 8:15-ից շրջափակում ենք բոլոր փողոցները, հաղորդակցության ուղիները, մետրոն, օդանավակայանը: Մեր պայքարը չի կարող չպսակվել հաղթանակով»,- դիմելով ցուցարարներին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ իրենց պայքարը «բաց ձեռքերի է և խաղաղ քաղաքացիական պայքար է»:

Անդրադառնալով Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության ժամանակ տեղի ունեցած քննարկումներին՝ Փաշինյանն ասաց, որ իր գնահատմամբ՝ քննարկումն ուներ պրովոկացիոն բնույթ: «Նրանք անընդհատ ուզում էին հասնել նրան, որ ժողովուրդը և նրա թեկնածուն նյարդայնանան, ափերից դուրս գան, պրովոկացիոն բաներ անեն, գրոհներ կազմակերպեն, բայց մենք դիակապտությամբ չենք զբաղվում: Քաղաքական բանակցությունները կարող են վերաբերվել միայն ու միայն ՀՀԿ-ի «քաղաքական հուղարկավորությանը և հոգեհացին»»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը

Միաժամանակ, նա նշեց, որ իրենք հետ քայլ անելու տարբերակ և հնարավորություն չունեն: Նիկոլ Փաշինյանը դիմեց նաև ՀՀ ոստիկանությանը, որպեսզի վերջինս «մի կողմ թողնի բոլոր ձևականությունները, ցած դնի վահաններն ու մահակները և խառնվի ցուցարար ժողովրդին»՝  հիշեցնելով, որ ԱԺ Հանրապետական  խմբակցության մեկ պատգամավոր՝ Ֆելիքս Ցոլակյանը, կողմ է քվեարկել վարչապետի պաշտոնում իր թեկնածությանը:

Հանրապետության հրապարակում հանրահավաքն ավարտվեց՝ առանց երթի:

http://armenpress.am/arm/news/932060/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here