Հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը կախված կլինի քաղաքական մթնոլորտից

0
20

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը, ով Արշակունյաց փողոցից միացավ երթ իրականացնող քաղաքացիներին, վստահեցրեց՝ անընդհատ վերլուծում են ներքաղաքական իրավիճակն ու պատրաստ են տարբեր զարգացումների: «Մենք բոլոր սցենարներին պատրաստ ենք, յուրաքանչյուր դեպքում ունենք մեր գործողությունները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը:

«Կմասնակցեք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք օրենքի ուժով պետք է անցկացվեն երկրորդ անգամ ԱԺ-ի կողմից վարչապետ չընտրելու դեպքում» հարցին՝ նա պատասխանեց. «Դա կախված կլինի մթնոլորտից, որովհետև ամեն օր մենք իրավիճակի փոփոխություն ենք ունենում: Վերջին 15 օրվա ընթացքում հանրապետությունում քաղաքական իրավիճակն ամեն օր փոխվում է, շուտով կփոխվի ամեն ժամ: Եվ դա կախված կլինի իրավիճակի վերլուծությունից»:

Փաշինյանի խոսքով՝ անգամ սադրիչներ լինելու դեպքում բռնությանը բռնությամբ չեն պատասխանելու: «Եթե կլինեն ինչ-որ անձանց կազմակերպված խմբեր, առանց բռնության կվնասազերծենք նրանց»,-ասաց պատգամավորը: Նրա կարծիքով՝ ինչ էլ լինի իշխանություն-ժողովուրդ հարաբերություններն էլ առաջվանը չեն լինի և որ Հայաստանի ժողովրդավարական ապագային որևէ բան չի սպառնում առնվազն ապագա 100 տարիներին:

Հայաստանի Ազգային ժողովը մայիսի 1-ին 56 դեմ և 45 կողմ ձայներով ձախողեց ՀՀ վարչապետի ընտրությունը: ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը ՀՀ վարչապետի թեկնածու էր առաջադրել Նիկոլ Վովայի Փաշինյանին, այլ թեկնածություններ չէին առաջադրվել:

Համաձայն ՀՀ Մայր օրենքի՝ «վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:

http://armenpress.am/arm/news/932091/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here