Արդէն Սկսել Ենք Կերտել Նոր Հայաստան. Արմէն Սարգսեան

0
71

ԵՐԵՒԱՆ.- Հայաստանի նախագահ Արմէն Սարգսեան հետեւեալ ուղերձով դիմած է հայ ժողովուրդին.

«Մեր ժողովուրդը կրկին անգամ ցոյց տուեց, որ ճակատագրական պահին ունակ է համախմբուելու եւ ազգանպաստ որոշումներ կայացնելու:

Հանրապետութիւնում առկայ քաղաքական ճգնաժամը յաղթահարելու նպատակով երէկուայ (Չորեքշաբթի, 2 Մայիսին) ընթացքում տարբեր մակարդակներով յագեցած քննարկումներից յետոյ ներգրաւուած քաղաքական ուժերը հանդէս եկան յայտարարութիւններով, որով տրամաբանական աւարտին են հասցւում երկրում ծաւալուած ժողովրդավարական զարգացումները: Այս կապակցութեամբ ողջունում եմ Նիկոլ Փաշինեանի գլխաւորած համաժողովրդական շարժման, Հայաստանի Հանրապետական կուսակցութեան, «Բարգաւաճ Հայաստան»ի, «Ելք» դաշինքի եւ ՀՅԴ պատասխանատու կեցուածքը, որը բխում է Հայաստանի եւ մեր ժողովրդի գերակայ շահերից եւ դուռ բացում ազգային համերաշխութեան:

Այս օրերին Հայաստանը համաշխարհային հանրութեան ուշադրութեան կենտրոնում է: Մենք անցնում ենք փորձութիւնների միջով եւ վստահ եմ, որ  8 Մայիսին կ՛ամրագրուեն յանուն բարեփոխումների համազգային շարժման ձեռքբերումները, որի մէջ իրենց մասն ունեն բոլորը՝ քաղաքական ուժերից սկսած մինչեւ մեր ժողովրդի բոլոր հատուածները Հայաստանում, Արցախում թէ Սփիւռքում: Այն կը բարձրացնի մեր հեղինակութիւնը եւ վարկն աշխարհում:

Այս ամէնի մէջ ուզում եմ յատկապէս բարձր գնահատել մեր պայծառ երիտասարդութեան ներգրաւուածութիւնը եւ վճռորոշ դերը: Երիտասարդութիւն, որն իր ստեղծարար եռանդով, նպատակասլացութեամբ եւ հանդուրժողականութեամբ այս բախտորոշ օրերին ամէնուր սփռում էր լոյս, համերաշխութիւն, սէր եւ հաւատ:

Հպարտ եմ մեր ժողովրդով՝ Հայաստանի հպարտ քաղաքացիներով, մեր միասնականութեամբ եւ համերաշխութեամբ: Հաւատացած եմ եւ տեսնում եմ, որ արդէն սկսել ենք կերտել նոր Հայաստան, որը դէպի իրեն է քաշելու մեր ժողովրդի բոլոր զաւակներին, իր մէջ կուտակելու եւ իրացնելու է նրանց տաղանդը, ձեռներէցութիւնը եւ եռանդը»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here