Դպրոցականների առարկայական օլիմպիադաներին առաջին կարգի դիպլոմի է արժանացել 63 աշակերտ

0
16

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017-2018 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաներին մասնակցել է շուրջ 58000 սովորող Հայաստանի տարբեր մարզերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օլիմպիադաներն անցկացվել են 16 առարկայից, որոնցից հանրապետական փուլին մասնակցել է 1535 աշակերտ: Նրանցից առաջին կարգի դիպլոմների է արժանացել 63 սովորող, երկրորդ կարգի դիպլոմի՝ 105 և երրորդի՝ 162 աշակերտ: Նրանք և Երևանի կրթական հաստատություններից են, և ՀՀ մարզերից: Մայիսի 17-ին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանձնեց դիպլոմները:

«Սա ամենամյա մրցանակաբաշխություն է, ամեն տարի հազարավոր աշակերտներ են մասնակցում օլիմպիադաներին: Գիտելիքի հերթական ստուգատեսն է: Նախկինում օլիմպիադաների հետ կապված որոշակի վերապահումներ եղել են անցկացման բովանդակային առումով, հաջորդ տարիներին` կվերանայենք: Պետք է այնպիսի մեխանիզմներ ներդնենք, որպեսզի ստուգենք երեխաների վերլուծական, քննադատական ունակություններն ու հմտությունները: Կարծում եմ այդ փաստը շատ կարևոր է»,– նշեց նախարարը:

Անդրադառնալով դպրոցների ավարտական քննությունների հետաձգմանը՝ նախարարն ասաց. «Շաբաթվա ընթացքում մենք բազմաթիվ բողոքներ ենք ստացել, որ հայտնի իրադարձությունների հետ կապված աշակերտները բավականին ժամանակ են կորցրել՝ նախապատրաստվելու քննություններին: Տարբեր գերատեսչությունների հետ քննարկելով` նախարարությունում եկանք այն որոշման, որ անհրաժեշտ է մեկ շաբաթով հետաձգել քննությունները, որպեսզի աշակերտները կարողանան պատշաճ կերպով նախապատրասվել»:

http://armenpress.am/arm/news/933887/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here