Երևանում հեղինակի մասնակցությամբ տեղի կունենա Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում և ուծացում» աշխատության հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը

0
216

2018 թ. հունիսի 19ին, ժամը 11:00-ին Երևանում տեղի կունենա թուրք հայտնի ցեղասպանագետ Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում և ուծացում» աշխատության հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին կմասնակցի Հայաստանի Ամերիկյան համալսարանի հրավերով այդ օրերին Երևանում գտնվող հեղինակը:

Հիշեցնենք, որ 2016 թ. Երևանում տպագրված հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի ներկայացվող գիրքը բաղկացած է երեք բաժնից:

Առաջին բաժնում հեղինակը խոսում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցով անաչառ կերպով զբաղվելու անհնարինության, այդ գործում իր կրած դժվարությունների և պետության կողմից իր դեմ կազմակերպված հալածանքների մասին:

Երկրորդ բաժնում ներկայացվում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան բանակում ծառայած հայազգի սպա Սարգիս Թորոսյանի հուշերի թուրքերեն հրատարակության շուրջ ծավալված խտրական ու կողմնակալ քննարկումների պատմությունը, որի ընթացքում Թ. Աքչամի նկատմամբ դարձյալ սկիզբ է առնում զրպարտությունների, անհիմն մեղադրանքների և հալածանքների մի մեծ արշավ:

Երրորդ բաժնում հեղինակը հարուստ փաստական հենքի վրա ներկայացնում է հայերի բռնի իսլամացման և ուծացման քաղաքականությունը 1915-1918 թթ.: Թ. Աքչամը պատմությանը քիչ հայտնի այս երևույթները գնահատում է որպես Հայոց  ցեղասպանության կառուցվածքային տարրեր:

Գիրքը թարգմանվել և հրատարակության է պատրաստվել Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում: Թարգմանիչն է թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանը, իսկ պատասխանատու խմբագիրը` հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանը:

Գիրքը թարգմանվել և տպագրվել է «Ժիրայր Նշանյան» հիմնադրամի հովանավորությամբ՝ ի հիշատակ 1915 թ. Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների:

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնը դարձյալ իր երախտագիտությունն է հայտնում Թաներ Աքչամին՝ գրքի թարգմանության թույլտվության և «Ժիրայր Նշանյան» հիմնադրամին` հայերեն թարգմանությունն ու հրատարակությունը հովանավորելու համար:

Գրքի թարգմանության և հրատարակության գաղափարն իրականացվել է գերաշնորհ տեր Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի ջանքերի շնորհիվ, ինչի համար կենտրոնը խորին շնորհակալություն է հայտնում:

Շնորհանդեսը տեղի կունենա Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում:

Ամսաթիվ` 2018 թ. հունիսի 19, ժամը 11:00

Հասցե` Գյուլբենկյան 38, 5-րդ հարկ

Մուտքն ազատ է: Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին:

Akunq.net 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here