Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից

0
33

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ՀՀ ԱԳ նախարարին խնդրեց մանրամասներ փոխանցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպումից:

«Կցանկանայի հարցս սկսել հարգելի պարոն վարչապետ բառակապակցությամբ, եթե վարչապետը սահմանադրական պարտականությունների կատարման շրջանակներում լիներ այս դահլիճում: Հասկանալով հանդիպման կարևորությունը՝ ուզում եմ դիմել կառավարության և վարչապետի աշխատակազմերին՝ հետայսու Նիկոլ Փաշինյանի աշխատանքային ծրագիրը պլանավորել՝ գերակայություն դիտարկելով սահմանադրական պարտականությունների կատարումը: Հարցս վերաբերվում է Մինսկի խմբի համանախագահների այցին: Մենք լրատվական միջոցների աշխատանքի շնորհիվ ստացանք երկու հաղորդագրություն մեկը ձեզ, մյուսը վարչապետի հետ հանդիպման մասին: Հաղորդագրությունները շատ չէին տարբերվում տարիներ շարունակ լույս ընծայվող հաղորդագրություններից:

Ես կխնդրեմ Ձեզ, օգտագործելով այս բարձր ամբիոնը մանրամասներ հայտնել հետևյալ հարցերի վերաբերյալ. արդյոք հայկական կողմը բարձրաձայնե՞լ է նոր բանակցային մոտեցումների մասին, մասնավորապես՝ Արցախը բանակցային կողմ դիտարկելու մեր նոր ռազմավարության մասին, ադրբեջանական զինուժի կուտակումների մասին Նախիջևանում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, և ինչպիսի՞ն է եղել համանախագահների  արձագանքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցրեց Աշոտյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ այդ հարցերը հանդիպման ընթացքում բարձրաձայնել է:  «Մենք արդեն հստակ արձանագրել ենք կառավարության գերակայությունը արտաքին քաղաքականության ծրագրում, որտեղ Արցախը իր շատ հստակ տեղն է զբաղեցնում: Մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը, որը վերաբերվում է մեր հետևողականությանը, որը վերաբերվում, է Արցախի հարցում մեր քաղաքականության շարունակականությանը: Արտահայտել ենք մեր գերակայությունը, որը վերաբերվում է բանակցային գործընթացում Արցախի կարգավիճակի և անվտանգության բացառիկ կարևորությունը: Մենք այս պահին գտնվում ենք բանակցությունների մեջ ներգրավվելու փուլում: Մինսկի խմբի այցը ճանաչողական էր, մենք մտքեր էինք փոխանակում,  լսում միմյանց դիրքորոշումները»,- ասաց նախարարը

ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ հայկական կողմը հատուկ կարևորություն է տալիս խաղաղության մթնոլորտի հաստատմանը, ինչին հակառակ են հակառակորդի գործողությունները: «Մենք ընդգծել ենք, որ վերջին օրերին շփման գծում հակառակորդի կրակոցից զինծառայողի զոհվելու հանգամանքը բացասական է ազդում բանակցային գործընթացի վրա, խաղաղության մթնոլորտի ձևավորման վրա: Մենք ասել ենք, որ սա չի կարող աննկատ մնալ և չազդել մեր դիրքորոշումների վրա»,- նշեց Մնացականյանը:

 

http://armenpress.am/arm/news/937370/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here