Հայաստանում քաղաքական հովանավորչության տակ գտնվող մենաշնորհներ չկան և չեն լինելու. Տիգրան Ավինյան

0
17

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ Հայաստանում քաղաքական հովանավորչության տակ գտնվող  մենաշնորհներ չկան և չեն լինելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տիգրան Ավինյանը նման հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

Սերգեյ Բագրատյանն ընդգծեց, որ բազմաթիվ գործարարներ արտերկրից դիմում են իրենց մեկ պարզ հարցով՝ հասկանալու համար հայտարարված մենաշնորհների վերացումը իրականության մեջ գործո՞ւմ է, թե՞ չէ: «Մենք դեռ նախորդ կառավարությունների ժամանակ բազմիցս արձանագրել ենք, որ տնտեսության զարգացման հայեցակարգում կարևորագույն դեր ունի մենաշնորհների վերացումը: Հայտարարում եմ, որ հայտարարված մենաշնորհների վերացումը պրակտիկ իրականության մեջ պետք է ամրագրված լինի կառուցակարգերով: Շատ կարևոր եմ համարում, որ մեր հասարակությանն ու արտաքին աշխարհին ներդրումային ակնկալիքներ ապահովելու համար ստեղծենք հարթակներ, որտեղ պետք է հստակ նշվի որ ոլորտներում մենաշնորհների ինչ կարգավիճակ կա,  այժմ 20 հազար ապրանքատեսակներից քանիսն են մենաշնորհներից ազատվել, ինչ իրավիճակ է տնտեսվարողների փոխհարաբերությունների մեջ: Հանձնառու լինելով կառավարության ծրագրի իրականացման համար, շատ կարևորելով,  որ մենք հնարավորինս արագ արդյունքներ արձանագրենք,  մտահոգ լինելով զարգացման տեմպերով՝  ունենք մեր առաջարկները: Կցանկանայի, որպեսզի ներկայացնեիք այս պահի իրավիճակը»,- ասաց Բագրատյանը:

Փոխվարչապետ տիգրան Ավինյանը նշեց, որ պատգամավորի բարձրացրած հարցի լուծման համար կա երկու հիմնական կոմպոնենտ՝ քաղաքական և ինստիտուցիոնալ: «Ես կարծում եմ, որ քաղաքական մասով որևէ մեկի մոտ կասկած չի մնացել, որ հարցը լուծված է: Այսինքն, քաղաքական հովանավորչության տակ մենաշնորհներ այլևս չկան և չեն լինելու: Ինստիտուցիոնալ մասով արդեն պետք է գործեն համապատասխան մարմինները: Դրանցից մեկն է, օրինակ,  տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեն, կան նաև այլ մարմինները, որոնք արդեն իսկ սկսել են գործել և արդեն որոշակի արդյունքներ ցույց են տալիս: Այս աշխատանքը շարունակական է լինելու և մեծ հաճույքով կցանկանայի լսել ձեր առաջարկներն այս մասով»,- ընդգծեց Ավինյանը:

Սերգեյ Բագրատյանն էլ նշեց, որ կասկած չունի, որ այս առումով քաղաքական կամքն ապահովված է: «Առավել քան վստահ եմ, որ կառավարությունը,  իր հավաքականության մեջ մեր ժողովրդի կամքն արտահայտելով,  դա համարում է անշրջելի: Մենք պետք է կարողանանք ստեղծել հնարավորություն, որ որևէ մեկ մարդու մոտ կասկած չլինի, որ ինքը խնդիրներ չի ունենալու սահմանին, այդ նպատակով մենք հարթակներ պետք է ստեղծենք և շատ կարևոր է, որ  հանրային իրազեկման հնարավորությունները կառավարությունը տրամադրի: Ես կներկայացնեմ, առաջարկների փաթեթ, որի կիրառման դեպքում մենք շատ խնդիրներ կլուծենք»,- արձագանքեց Բագրատյանը:

Փոխվարչապետը վստահեցրեց, որ պատգամավորի առաջարկներն անպայման կդիտարկվեն և հավելեց, որ ինստիտուցիոնալ մոտեցումը լինելու է կառավարության առաջնահերթությունը նաև մենաշնորհների դեմ պայքարում:

 

http://armenpress.am/arm/news/937406/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here