Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը. հունիսի 14-ն արյան դոնորի միջազգային օրն է

0
39

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 14-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես արյան դոնորի միջազգային օր, որի կապակցությամբ տարբեր երկրներում կազմակերպվում են զանազան միջոցառումներ: Բժշկական օրացույցում առանձնացնելով այս օրը` երախտագիտություն ենք հայտնում արյան կամավոր դոնորներին, միաժամանակ հանրության ուշադրությունը բևեռելով սոցիալական մեծ նշանակություն ունեցող այս հարցին:

Դոնորության վերաբերյալ հասարակության տեղեկացվածության բարձրացումը կարևոր է առողջապահական կառույցների և կամավոր դոնորների ներգրավման տեսանկյունից, քանի որ արյան փոխներարկումը լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության, վերակենդանացման և արյունաբանության ոլորտներում: Հաճախ արյան բաղադրամասի ժամանակին իրականացված փոխներարկումը մարդկային կյանք է փրկում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը: Այսպես, եթե 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2017թ. կատարվել է մոտ 15 000: Սակայն մենք դեռևս հավաքագրվող արյան քանակի ավելացման խնդիր ունենք:

Արյան տարբեր հիվանդություններով տառապող հիվանդների բուժման համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ արյան բաղադրամասեր: Շատ հաճախ  հիվանդի հարազատներն ի վիճակի չեն լինում արյուն հանձնել, սակայն դա չի նշանակում, որ նա չի ստանում անհրաժեշտ բուժօգնություն: Նման դեպքերում նրանց փոխներարկվում են կամավոր անհատույց դոնորներից հավաքագրված արյան բաղադրամասեր:

Պետք է ձգտենք, որ Հայաստանում, ինչպես  զարգացած երկրներում, արյան դոնորությունը լինի կամավոր անհատույց:

Կարևորելով արյան փոխներարկման դերը բժշկության մեջ` պետք է նշել, որ անհատույց դոնորությունն ազգային պատվի և սեփական արյունը նվիրաբերելու  մարդասիրական քայլ է, որը պետք է շարունակաբար քարոզել և խրախուսել:

Խորին հարգանքի ու երախտիքի են արժանի  բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց արյունն են նվիրում դրա կարիքն ունեցողներին։ Առավել ևս նրանք, ովքեր բազմիցս դոնոր են հանդիսացել:

Անհատույց  դոնորությունը անվտանգ արյան գրավականն է: Մեկ դոնորից ստացված արյունը կարող է փրկել երեք տարբեր հիվանդի կյանք:

Ամեն տարի արյան դոնորի միջազգային օրն անցկացվում է տարբեր կարգախոսների ներքո: Այս տարվա կարգախոսն է. «Նվիրի՛ր արյուն, փրկի՛ր կյանք, դարձի՛ր հերոս»:

Արյունաբանական կենտրոնը արյան դոնորի միջազգային օրվան ընդառաջ կազմակերպել է կամավոր անհատույց արյունատվության ակցիա։ Բազմակի անգամ արյունտավությանը մասնակցած դոնորները պարգևատրվել են մեդալներով և հուշանվերներով։ Միջոցառման շրջանակներում մանկական բաժանմունքի երեխաները արյան կամավոր դոնորներին նվիրել են իրենց պատրաստած շնորհակալական բացիկները:

http://armenpress.am/arm/news/937439/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here