Փաշինյանն այցելեց Հայ առաքելական եկեղեցու վանական համալիր

0
31

ՄՈՍԿՎԱ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 14-ի առավոտյան եղավ Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրում:

Ինչպես Մոսկվայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նրան դիմավորեց Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Վերջինիս ուղեկցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելեց Սուրբ Պայծառակերպության մայր տաճար, որտեղ կատարվեց մոմավառություն:

Եզրաս Սրբազանի առաջնորդությամբ հոգևոր դասն աղոթք հնչեցրեց աշխարհի խաղաղության, Հայաստանի բարօրության համար: ՀՀ վարչապետը նաև շրջայց կատարեց Տապան թանգարանում, որտեղ ներկայացված էին հայկական մշակույթին վերաբերող, հայկական եկեղեցուն պատկանող ցուցանմուշներ:

Այնուհետև, Նիկոլ Փաշինյանն այցելեց նաև Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարան, որն իր գործունեությունը կսկսի սեպտեմբերից: Վարժարանում կարող է սովորել մինչև 200 աշակերտ: Վարչապետը ծանոթացավ վարժարանի հնարավություններին: Նշվեց, որ այն կահավորված է լավագույն գույքով ու սարքավորումներով: Վարժարանում դասավանդելու են բարձ որակավորում ունեցող դասախոսներ: Ընդ որում, վարժարանը նախատեսված է տարբեր ազգերի ներկայացուցիչների կրթության համար: Դասավանդվող առարկաների շարքում է նաև հայերենը: Վարժարանը հիմնվել է Եզրաս Սրբազանի հովանու ներքո:

Հունիսի 13-ին մեկնարկած երկօրյա աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանն արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել: Մասնավորապես, նա Կրեմլի պալատում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ներկա է գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը նվիրված գալա-համերգին:

Հունիսի 14-ին ՀՀ վարչապետը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա կգտնվի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին:

http://armenpress.am/arm/news/937452/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here