ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Tert.am» կայքի գործունեության տասնամյակին նվիրված միջոցառմանն «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունն արժանացավ պատվոգրի, որպես «Գործընկեր, որի հետ Tert.am-ն ամենաշատն է համագործակցում»:
Գործակալության տնօրեն Արամ Անանյանը «Արմենպրես»-ի անունից շնորհավորեց « Tert.am»-ի գործընկերներին տարեդարձի կապակցությամբ: «Մեզ համար « Tert.am» -ը կարեւոր եւ սիրելի գործընկեր է, գործընկեր, որը հավատարիմ է իր արժեքներին: Գործընկեր, որը շատ լավ է հասկացել չարենցյան պատգամը՝ «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունչը դարձիր»,-ասաց Արամ Անանյանը՝ հավելելով, որ տասը տարվա ընթացքում լրատվամիջոցի բոլոր սերունդներին հաջողվել է լինել ժամանակի շունչը:
«Tert.am» կայքն առցանց տաբլոիդային լրատվական կայք է, որը տրամադրում է նորություններ Հայաստանից և ամբողջ աշխարհից։ Գործում է 3 լեզուներով` հայերեն (հիմնական), ռուսերեն և անգլերեն:
Միացել է «ՊանԱրմենիան» մեդիա գրուպին։ 2015թ․ հոկտեմբերից կայքը գործարկում է Tert.am Health(առողջություն) և Tert.am Youth (երիտասարդություն) էջերը։