ԳԷՈՐԳ ՍՏԱՄԲՈԼՑԵԱՆ
«Ռուսաստանը հազարաւոր հեռանկար ունեցող երիտասարդ մասնագէտների է կորցնում, որոնց մի զգալի մասը գալիս է Հայաստան», գրում է ամերիկեան հեղինակաւոր The New York Times պարբերականը Հայաստան տեղափոխուած ռուսաստանցիների մասին օրերս հրապարակած ծաւալուն յօդուածում:
Երեւան ժամանած թերթի թղթակից Ջէյն Արաֆը զրուցել է ինչպէս Հայաստան տեղափոխուած ռուսաստանցիների, այնպէս էլ կառավարութեան ներկայացուցիչների հետ` փորձելով հասկանալ, թէ ինչպէս է ազդում մարդկային այս անսպասելի ներհոսքը Հայաստանի վրայ:
«Ռուս-ուկրաինական պատերազմից առաջ, ըստ պաշտօնական տուեալների, Հայաստանում ընդամէնը 3ից 4 հազար գրանցուած ռուսաստանցի աշխատող կար: Ռուսական ներխուժմանը յաջորդած երկու շաբաթների ընթացքում, սակայն, առնուազն նոյնքան մարդ էր ժամանում ամէն օր: Հազարաւոր ռուսաստանցիներ Հայաստանից ուղեւորուել են այլ երկրներ: Նախորդ շաբաթ Հայաստանի կառավարութեան ներկայացուցիչների տրամադրած տուեալների համաձայն այդուհանդերձ, 20 հազար ռուսաստանցի մնացել է Հայաստանում», գրում է ամերիկեան պարբերականը:
The New York Times-ի թղթակիցը զրուցել է Հայաստան ժամանած մի քանի տասնեակ ռուսաստանցիների հետ, որոնց մի մասը, ըստ թղթակցի, վախենում է հրապարակել ամբողջական անունը կամ աշխատանքի վայրը:
Նրանցից է, օրինակ, 29ամեայ Պոլինա Լոսեւան, ով ասել է, թէ աշխատում է տեղեկատուական ոլորտի ռուսական ընկերութիւններից մէկում, որի անուանումը հրապարակել չի ցանկացել:
«Ես երբեք չէի կարող պատկերացնել, որ նման պատերազմ կարող է բռնկուել: Երբ այն սկսուեց, ես հասկացայ, որ աւելի անվտանգ կը լինի լքել երկիրը», ասել է ռուսաստանցի կինը:
The New York Times-ի թղթակիցը նաեւ նկատում է, որ ռուսաստանցիների մի մասը Երեւան է տեղափոխւում սեփական նախաձեռնութեամբ, ոմանց Հայաստան են տեղափոխում տեղեկատուական արհեստագիտութեան ոլորտի արեւմտեան, այդ թւում` ամերիկեան ընկերութիւնները:
«Հայաստան ժամանող ռուսաստանցիներին միաւորում է նաեւ այն հանգամանքը, որ նրանք կարող են աշխարհի ցանկացած կէտից հեռավար աշխատել», գրում է Արաֆ:
Հայաստանի տնտեսութեան նախարար Վահան Քերոբեանի խօսքով էլ` Հայաստան ժամանած ռուսաստանցիների մեծամասնութիւնն աշխատում է տնտեսութեան այն ճիւղերում, որոնց համար առանցքային նշանակութիւն ունեն համացանցի անխափան հասանելիութիւնն ու միջազգային դրամատնային կապերը: Հայաստան ժամանած ռուսաստանցի մասնագէտներից ոմանք, ինչպէս, օրինակ, The New York Times-ի հրապարակման հերոսներից Բուլատ Մուստաֆինն ու Վիկտորիա Պոյմենովան, մտադիր են հաստատուել Վրաստանում:
«Տասնեակ հազարաւոր ռուսաստանցիներ արդէն իսկ տեղափոխուել են Վրաստան եւ Թուրքիա: Ամենամեղմ ընդունելութիւնը, սակայն, Հայաստանում է: Նախկին խորհրդային այս հանրապետութիւնը ռուս-ուկրաինական հակամարտութիւնում չէզոք դիրք է գրաւել: Ի տարբերութիւն Վրաստանի` Հայաստանում հարցուած ռուսաստանցիներից եւ ոչ մէկը չասաց, թէ այստեղ թշնամական վերաբերմունքի է բախուել», գրում է The New York Times-ի յօդուածագիրը:
«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»