ԵՐԵՒԱՆ, «Մեդիամաքս».- «Այսօր Հայաստանը կանգնած է բազմաթիւ մարտահրաւէրների առջեւ: Երկիրը բարեփոխումների եւ արդիականացման կարիք ունի բոլոր ոլորտներում: Նրան (Նիկոլ Փաշինեանին) դժուարին աշխատանք է սպասւում եւ մենք բոլորս պէտք է օգնենք նրան, որովհետեւ եթէ նա տապալուի, դա աղէտ կը լինի հայ ազգի համար: Մարդիկ նրան վստահութեան մեծ մանդատ են տուել եւ ես յոյս ունեմ, որ նա կը կարողանայ արդարացնել այդ մեծ սպասելիքները, որքան էլ դա դժուար լինի: Նա, ի հարկէ, երկիրը տնտեսական տրանսֆորմացիայի (կերպարանափոխութեան-Խմբ.) ճանապարհով տանելու փորձ չունի, բայց եթէ կարողանայ հանդէս գալ որպէս պրոֆեսիոնալ (մասնագէտ-Խմբ.) եւ ազատ մտածող մարդկանց համախմբող, կարող է յաջողութեան հասնել», յայտարարեց գործարար եւ բարերար Ռուբէն Վարդանեան «Տէօչէ Վելլէ»ի (Deutsche Welle) տուած հարցազրոյցին ընթացքին:
Խօսելով Հայաստանի մէջ տիրող տրամադրութիւններուն մասին՝ Ռուբէն Վարդանեան ըսաւ. «Մենք ապրում ենք անհաւատալի լաւ ժամանակներում եւ մարդիկ շատ յոյսեր եւ դրական յոյզեր ունեն»: