«Լուսաւորուած ժողովրդին
աւելի դիւրին է կառավարել,
սակայն անհնար է նրան ստրկացնել»:
Բրուեմ
Ռուբէն Յովակիմեան
Մեր հրատարակած նախորդ յօդուածի գլխագիրն էր ԿԵՆՑԱՂ, բայց նիւթի լայնածաւալութիւնը հնարաւոր չէր պարփակել մի քանի էջի վրայ, ուստի որոշեցինք շարունակել մեր մտորումները այն Կենցաղ֊(2) անուան տակ, որ իր էութեամբ նախորդի յաւելումը կարող է համարուել: Մարդկային արատներն ու տարօրինակ կեցուածքները այնքան շատ են ու բազմազան, որ դժուար է բոլորը տեսնել եւ նշել:
նրանցից մէկն է ՝
Ցուցամոլութիւնը, որ առաւելաբար զարգացած է կանանց մօտ, բայց այրերը երբեմն ետ չեն մնում նրանցից, յաճախ նոյնիսկ գերազանցելով: Սկզբից ասենք, որ այս մոլութիւնը զուտ հայկական չէ, այլ համամարդկային է եւ ուղղակի կապուած է խոհեմ ու համեստ հասկացութիւնների անբաւարար լինելու հետ եւ նման է սնամէջ առարկայի, որ յաճախ կարող է նաեւ փայլել, եւ դա է նրա նպատակներից կարեւորը: Ոմանք կարծում են, թէ այն գալիս է գրեթէ քարէ դարից: Դժբախտ չէ՞ այն կինը, երբ իր դրացուհին կամ ընկերուհին ունենում է մի բան, որ ինքը դեռ չունի: Եթէ դարձեալ յիշեմ մօրս խօսքը, յաճախ էր կրկնում՝ «Մանչս, թիթիզ մարդկանցից հեռու մնա»:
Այս երեւոյթին, կարծեմ հիմնական սնունդ տուողը՝ նորաձեւութիւնն է՝ մոդան, իր բոլոր տեսակներով:
Վերջին տարիներին դաջուածք, մօրուք, ջինս տաբատները շատ արագ տարածուեցին՝ նմանուելով համաճարակին, որից չվարակուածները հազուագիւտ են աշխարհով մէկ: Կարծում եմ, թէ պատշաճութիւն եւ վայելչութիւն բառերը կորցրել են իրենց հիմնական նշանակութիւնն ու արժէքը: Երբ այս նիւթի շուրջ խօսում եմ թոռներիս հետ՝ պատասխանը լինում է, թէ ժամանակները փոխուել են, եւ այսօր թոյլատրելի է եւ զարմանալի չէ տգեղը գեղեցիկի աթոռին դնել եւ դա արւում է արդիականացման անուան տակ: Վիճելու տեղ այլեւս չի մնում, եւ պիտի հաշտուենք կամ աչք փակենք:
Օտարամոլութիւն֊ը այն արատն է, որ ուղղակի կապուած է տկարամտութեան եւ սեփական արժէքների անգիտութեան կամ այն գնահատելու հիմունքների բացակայութեան հետ: Միեւնոյն ժամանակ այն խիստ վարակիչ է եւ դիւրութեամբ ընկալուող, մանաւանդ, հայերի նման փոքր եւ դարեր շարունակ օտար բռնակալների տիրապետութեան տակ ապրածների համար: Մեր հայրենաբնակների մօտ այս վարակը տարածուեց ռուս֊պարսկական պատերազմից յետոյ՝ 1829֊ին, երբ հարաւային Կովկասի տարածքը դարձաւ կայսրութեան նահանգ՝ գուբերնիա:
Ժամանակի ընթացքին բացուեցին ռուսական դպրոցներ, ուր աշակերտների մեծ մասը հայ էին, եւ ռուսախօսութիւնը դարձաւ պատուաւոր եւ գրեթէ պարտաւոր՝ իր հետ ներմուծելով օտար կենցաղ իր բոլոր բաղադրիչներով: Հիմք դրուեց այն մտայնութեան, որ եթէ արտերկրներում շրջում էր «հայկական է պատուական է» բանաձեւը, ապա բուն երկրում տիրում էր ճի՛շտ հակառակ կարծիքը՝ ինչ որ հայկական էր համարւում էր հասարակ, ցածրորակ: Ռուսականացման այս մոլուցքը աւելի վարար էր համայնավար կարգերի հաստատումից վերջ, երբ ամէն ինչ որոշում ու հաստատում էր Մոսկուան:
Երեւանի այսօրուայ պատկերը ստեղծուել է այդ օրերին, միայն թէ այսօր այն դարձել է ամերիկեան առոգանութեան: Որպէս նմուշ, ձանձրալի չլինելու համար փոքր օրինակ, երկրորդ չարաբաստիկ նախագահի որդուն պատկանող հիւրանոցի ճակատին՝ Հիւսիսային պողոտայի վրայ, հայատառ գրուած է «ԳՈԼԴԵն ՓԵԼԵՍ», հեռատեսիլը այժմ կոչուում է « ԹԻՎԻ», իսկ վերջինիս արտադրութեան հաղորդումը «ՓՈՒԼ ՀԱՈՒՍ»,– ո՞ւմ զարմացնելու համար եւ հազարաւոր նոր կամ հին այլ այլանդակութիւնների կողքին՝ երկրում չկայ որեւէ արձանագրուած ձեռնարկութիւն, մեծ թէ փոքր, որ լինի հարազատ անուանումով: Ո՞ւր են նայում գրանցում անող պաշտօնեաները:
Ինչի՞ է նմանւում ի՛ր էութեամբ եւ ի՞նչ անուն տանք առողջ տեսքով երիտասարդներից կազմուած մօրուքաւորների մի խմբի՝ որ կոչուում է «ԱԴԵԿՎԱՏ»:
Բազում են նմանատիպ արատները մեր երազած երկրում եւ թերեւս անկարելի է բոլորը նշել, կարծում եմ, թէ նրանք նմանւում են մոլախոտերի, որ արագ․ շատ արագ են ծլում՝ մէկը միւսին համազօր եւ իրարից տարբեր, բայց հսկայական աշխատանք է պահանջւում տարիների ընթացքին՝ նրանցից ազատուելու:
Ցաւօք, այն գորշ պատկերն է առջեւում, թէ չքացել է ասպարէզից գեղեցիկի, վեհի եւ վայելուչի զգացումը, եւ ամէնուր գաւառականութիւն է տիրում, մինչեւ իսկ մայթերով քայլող հայ կանանց բարեմասնութիւններն են խեղաթիւրուել դրսից եկած նորաձեւութիւններին պարտադիր նմանուելու հետեւանքով:
Ողբա՛մ․․․
Մի այլ ծանրակշիռ արատ է ծուլութիւնը, որի պատճառով խոշոր վնասներ են յարուցուել՝ տեսանելի, թէ անտես մնացած, ինչպէս անհատական, այնպէս էլ հասարակական ոլորտներում: Մի փոքր օրինակ․ վերջերս Երեւանում զրուցում էի հայերէնի հետ անմիջական կապ ունեցող պաշտօնեայի հետ եւ խօսքը հասաւ այնտեղ, որ ներկայիս տարբեր հայերէնների առկայութիւնը փոխադարձ հաղորդակցութեան բարդ վիճակ է ստեղծում եւ բացի այդ լեզուն կենդանի եւ ապրող տարր լինելով արդիականացման կարիք ունի՝ հաշուի առնելով օրից֊օր ներմուծուող յայտնագործութիւնները եւ անսխալ գրելու դժուարութիւնները, մինչդեռ համահայկական միակ պարզեցուած ուղղագրութիւնը կարող է խթան լինել որոշ արգելքներ հարթեցնելու սփիւռք֊հայրենիք յարաբերութիւնների շրջանում, անշուշտ պայմանով՝ որ գործով զբաղուեն մասնագէտ եւ ունակ անձինք՝ պետական֊ակադեմիական մակարդակի: Պատկերացրու, սիրելի՛ ընթերցող, որ խօսակցիս անմիջական պատասխանը եղաւ, թէ՞ ես պատկերացնում եմ նման աշխատանքի ծաւալն ու տարողութիւնը եւ ո՞վ գլուխ ունի այդքան ծանր բեռ շալակին առնելու: Երբ առարկեցի, թէ համազգային գործերը բոլորի պարտքն է, զրուցակիցս վախ յայտնեց թէ այդ պարագային զարկ կը տրուի անգրագիտութեան, մի վայրկեան մոռանալով, որ արդէն Երեւանի բնակչութեան զգալի մասը սխալ հայերէն է գործածում, ընդհուպ խորհրդարանում: ,
Ահա մէկ ծուլութեան նմուշ, որ կարելի է բազմապատկել, բայց բաւարարուենք այսքանով:
22֊8֊20