ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».- Արցախի կարգավիճակին շուրջ բանավէճը երբեմն թիւրիմացաբար կրնայ ընկալուիլ այնպէս, որ ապահովութեան եւ մարդու իրաւունքներու պաշտպանութեան միջազգային գործիքակազմերու կիրառումը կրնայ հիմք հանդիսանալ Արցախը դարձեալ Ատրպէյճանին բռնակցելու, «Ֆէյսպուք»ի իր էջին վրայ գրած է Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքներու պաշտպան Գեղամ Ստեփանեան։
Ստորեւ՝ անոր գրութիւնը․
«Միջազգային հանրութեան մօտ նման մոլորութիւնները պէտք է ի սպառ փարատել` ներկայացնելով ոչ միայն 2020 թուականի պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացուած բազմաթիւ ռազմական յանցագործութիւնները, հայատեացութեան սահմաններ չճանաչող դրեւսրումները, այլ նաեւ պատմութեան կոնկրետ (յստակ) ժամանակահատուածում` Խորհրդային Ադրբեջանի ենթակայութեան տակ գտնուելու 70 տարիների ընթացքում, իրականացուած խտրական քաղաքականութիւնն ու Արցախի հայութեան համար ստեղծուած կործանարար իրավիճակը:
«Ոչ վաղ անցեալի փաստերը, որոնք արձանագրուած են խորհրդային ժամանակների վիճակագրական տեղեկագրերում, յստակ ու աներկբայ ցոյց են տալիս խտրականութեան բացայայտ դրսեւորումները:
«Ընդ որում, պէտք է յատուկ ուշադրութիւն դարձնել այն հանգամանքին, որ ադրբեջանական ղեկավարութեան կողմից նման խտրական քաղաքականութիւն իրականացւում էր խորհրդային միջազգայնականութեան եւ եղբայրութեան յայտարարուած սկբունքների ժամանակահատուածում, ինչը եւ ցոյց է տալիս, որ որեւէ մեխանիզմ (գործիքակազմ) չի կարող զսպել Ադրբեջանին Արցախը հայաթափելու ու Արցախի տարածքը ուղղակիօրէն իւրացնելու իր մշտական նպատակից:
«- Խորհրդային տարիներին տպագրուած պաշտօնական քարտէզները վկայում են, որ անգամ պատմական Արցախի մի փոքր հատուածում կազմաւորուած Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններն ու տարածքները Խորհրդային Ադրբեջանի կազմում լինելու 70 տարիների ընթացքում անընդհատ ենթարկուել են փոփոխութիւնների, որի հետեւանքով ԼՂԻՄ հայութիւնը կորցրել է ցամաքային կապը Հայաստանի հետ: Դրանից բացի Մարզի հայկական բնակավայրերի մերձակայքում արհեստականօրէն ձեւաւորւում էին ադրբեջանցիներով բնակեցուած բնակավայրեր, որոնք կարճ ժամանակ անց հանւում էին Մարզի ենթակայութիւնից եւ դրւում հարեւան ադրբեջանական շրջանների ենթակայութեան տակ: Ընդ որում, այդ ադրբեջանաբնակ համայնքները, որպէս կանոն, ստեղծւում էին ռազմավարական իմաստով կարեւոր տեղանքում` ճանապարհների հարեւանութեամբ, բերրի եւ ոռոգովի վարելահողերի վրայ կամ մերձակայքում, հայկական բնակավայրերը մի քանի կողմերից շրջապատելու դիրքերով:
«- Մշտապէս եւ յատկապէս 1960ական թուականներից սկսած իրականացւում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչութեան դեմոգրաֆիկ (ժողովրդագրական) կազմը յօգուտ ադրբեջանցիների փոխելու քաղաքականութիւն: Այս փաստն արձանագրուած է նաեւ Խորհրդային Ադրբեջանի ղեկավար, Ադրբեջանի նախկին նախագահ Հէյդար Ալիեւի` ադրբեջանական լրատուամիջոցներին տուած հարցազրոյցում, որում նա պնդում է, որ վարում էր այնպիսի քաղաքականութիւն, որը միտուած էր հեռացնելու հայերին Լեռնային Ղարաբաղից եւ Մարզը վերաբնակեցնելու ադրբեջանցիներով: Արդիւնքում Մարզի հայկական բնակչութիւնը, որ ունէր բնական աճի բարձր տեմպեր (չափ), այնուամենայնիւ չէր աճում, փոխարէնն աճում էր ադրբեջանցիների թիւը: Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի (հիմնարկութեան) բացումով ԼՂԻՄ յարակից շրջաններից Ստեփանակերտ էին բերւում հազարաւոր ադրբեջանցիներ, որոնք ունէին մէկ խնդիր` ուսումն աւարտելուց յետոյ մնալ Ստեփանակերտում:
«- Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի նկատմամբ իրականացւում էր տնտեսական խտրական քաղաքականութիւն: Մարզի կոլտնտեսութիւնների համար սահմանւում էին այնպիսի բարձր պլաններ (ծրագիրներ), որոնք չէին համապատասխանում առկայ պոտենցիալին (կարողականութեան): Փաստօրէն ԼՂԻՄը արտադրում էր շատ, իսկ Բաքուի իշխանութիւններից ստանում էր իր արտադրածից անհամեմատ չնչին ֆինանսաւորում: Սա այն պարագայում, երբ հարեւան ադրբեջանական շրջանները, որ նման արտադրողականութիւն չունէին, ունէին աւելի բարձր կենսամակարդակ: Մարզը վեր էր ածուել ադրբեջանական ԽՍՀի հումքային կցորդի: Մարզի մի շարք հիմնարկներ ու սակաւաթիւ արդիւնաբերական ձեռնարկութիւններ արհեստականօրէն եւ չհիմնաւորուած դրուած էին 40-100 կիլոմետր հեռաւորութեան վրայ գտնուող ԼՂԻՄի մաս չկազմող շրջանների ենթակայութեան տակ (օրինակ` որոշակի ժամանակահատուածում Ստեփանակերտի հացի գործարանը գտնւում էր Ակնայի (Աղդամի) ենթակայութեան տակ, Մարզի շինարարական վարչութիւնը ենթարկւում էր 120 կմ, հեռաւորութեան վրայ գտնուող Մինգեչաւուրին, Ստեփանակերտի ցեմենտ-բետոնի գործարանը ենթարկւում էր 60 կմ․ հեռաւորութեան վրայ գտնուող Բարդայի շրջանին եւ այլն):
«- Ամէն անգամ, երբ ԼՂԻՄ եւ Հայաստանի ԽՍՀ մտաւորականութիւնը բարձրաձայնում էր պատմական արդարութիւնը վերականգնելու եւ Մարզը Հայաստանի ԽՍՀ վերադարձնելու մասին, Խորհրդային Ադրբեջանի ղեկավարութիւնը Մարզում կենսամակարդակի բարելաւմանն ուղղուած ծրագրեր էր կազմում, որոնք գործնականում չէին իրականացւում, այլ իրականում նպատակ ունէին թօզ փչելու Մոսկուայի աչքերին եւ ապակողմնորոշելու բարձրացուած դժգոհութիւններից:
«- Չնայած այն հանգամանքին, որ Հայ առաքելական եկեղեցին 1950ական թուականներից ակտիւացրել (աշխուժացուցեր) էր իր գործունէութիւնը հայութեան շրջանում հոգեւոր աւանդոյթների պահպանութեան բնագաւառում, Արցախի թեմը վերաբացուել է միայն 1989 թուականին: Արցախի հայկական եկեղեցիները վեր էին ածուել գոմերի եւ պահեստների: Այն դէպքում, երբ ադրբեջանական տարբեր համայնքներում մուսուլմանական աւանդոյթները պահպանւում եւ ազատօրէն իրացւում էին, Արցախում հայկական հոգեւոր-մշակութային աւանդոյթները ճնշւում եւ վերացւում էին:
«- 70 տարի շարունակ ԼՂԻՄի հայկական բնակչութիւնը զրկուած էր հեռուստատեսութեամբ մայրենի լեզու լսելու եւ հարազատ մշակոյթին հաղորդակից լինելու հնարաւորութիւնից: Մարզն առանձին հեռուստատեսութիւն չունէր, հայկական հեռուստաալիքը չէր հեռարձակւում ԼՂԻՄ տարածքում, հեռարձակւում էր միայն ադրբեջանական հեռուստատեսութիւն, որով շաբաթը երկու անգամ կէս ժամ ժամանակով հայերեն լուրեր էին թողարկւում, այն էլ Ադրբեջանի ու ադրբեջանցիների մասին:
«Սրանք փաստեր են, որոնք արձանագրուած են այդ ժամանակահատուածի վիճակագրական տեղեկագրերում եւ մամուլում: 1960ական թուականներին Մոսկուայի կենտրոնական իշխանութիւններին ուղղուած նամակում Արցախի մտաւորականները հետեւեալ միտքն են արտայայտում․ «Մեր վիճակն այժմ վատթար է, քան 1918-1920 թթ․ թուրք-մուսաւաթական եւ անգլիական նուաճման շրջանում: Ամէն ինչ կատարւում է բարեկամութեան եւ եղբայրութեան քօղի տակ»։
«Կան նաեւ խտրականութեան դրեւորման եւ ԼՂԻՄ հայութեանը մայր հայրենիքում ապրող հայութիւնից կտրելու այլ դրսեւորումներ, որոնց վերաբերեալ ականատեսներն ու այդ ժամանակներում ապրած մարդիկ են փաստում`
«- Ստեփանակերտում շատ դժուարութեամբ կարող էք գտնել հայկական վարդագոյն տուֆով կառուցուած տներ ու շէնքեր, որովհետեւ այն արգելուած էր միայն այն պատճառով, որ ԼՂԻՄ հայերին յիշեցնում էր Հայաստանը: «Մենք ենք մեր սարերը» յուշարձանը (Տատիկ-պապիկ) տուֆով կառուցելու համար երկար վիճաբանութիւններ են եղել, որովհետեւ Բաքուն դէմ էր յուշարձանի կանգնեցմանը, մանաւանդ այն տուֆից պատրաստելուն:
«- Ստեփանակերտի փողոցները անուանակոչւում էին հայերի համար անհասկանալի, անծանօթ ու ոչինչ չասող ադրբեջանական անուններով: Հայ ականաւոր գործիչների անուններով սակաւաթիւ փողոցներ կային` հիմնականում խորհրդային ժամանակների յայտնի հայերի անուններով:
«- Միտումնաւոր կերպով խոչընդոտներ էին յարուցում Երեւանում բարձրագոյն կրթութիւն ստացած մասնագէտների համար, որպէսզի վերջիններս, աշխատանք չունենալով, լքեն ԼՂԻՄը:
«- Ստեփանակերտում բազմաթիւ մթերքների դեֆիցիտ էր(պակաս կար), այն դէպքում, երբ Ստեփակերտից 40 կմ․ հեռաւորութեան վրայ գտնուող Ակնայի (Աղդամի) շուկաներում ամէն ինչ կարելի էր գտնել: Սովորաբար տարբեր միջոցառումների ժամանակ ստեփանակերտցիները հէնց մեկնում էին Ակնա (Աղդամ) առեւտուր անելու համար:
«Կարգավիճակը նպատակ է, թէ միջոց, դրանից մարդու իրաւունքների տեսանկիւնից իրողութիւնները եւ ադրբեջանական յանցաւոր պլանները չեն փոխւում»: