ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւնը (ԱԳՆ) յայտարարութեան մը միջոցաւ արձագանգեց Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի յայտարարութեան՝ ըստ որուն, Հայաստանէն կը պահանջուի այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցք»ի բացման յստակ ժամկէտ յայտարարել։ Ստորեւ՝ վերոնծեալ յայտարարութիւնը;
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ըստ ադրբեջանական լրատուամիջոցների, 2021 թուականի Դեկտեմբերի 6ին Ղուբայի շրջանի Ղոնախքենդ գիւղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հանդէս է եկել Ադրբեջանի պայմաններն ընդունելու եւ այսպէս կոչուած «զանգեզուրի միջանցքիէ բացման կոնկրետ (յստակ) ժամկէտ յայտարարելու` Հայաստանին ուղղուած պահանջներով: Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետութեանը նաեւ մեղադրել է ճանապարհների եւ կոմունիկացիաների հարցում ոչ անկեղծ մօտեցումներ ցուցաբերելու մէջ:
«Նշուած յայտարարութիւնների կապակցութեամբ Հայաստանի Հանրապետութեան Արտաքին գործերի նախարարութիւնը հարկ է համարում ընդգծել.
«1. Ճանապարհների եւ կոմունիկացիաների հարցում Հայաստանի Հանրապետութեան, Ադրբեջանի Հանրապետութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան պայմանաւորուածութիւններն արձանագրուած են 2020 թուականի Նոյեմբերի 9ի, 2021 թուականի Յունուարի 11ի եւ Նոյեմբերի 26ի յայտարարութիւններում: Այդ յայտարարութիւններում Հայաստանի Հանրապետութեան կողմից Ադրբեջանին միջանցք, միջանցքային տրամաբանութեան ուղի տրամադրելու որեւէ պարտաւորութիւն, պայման, պայմանաւորուածութիւն չկայ:
«2. 2020 թուականի Նոյեմբերի 9ի Եռակողմ յայտարարութեան մէջ արձանագրուած է տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը ապաշրջափակելու` կողմերի պայմանաւորուածութիւնը: Նոյն յայտարարութեամբ արձանագրուած է, որ Հայաստանի Հանրապետութիւնը երաշխաւորում է Ադրբեջանի արեւմտեան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետութեան միջեւ տրանսպորտային հաղորդակցութեան անվտանգութիւնը:
«3. 2021 թուականի Յունուարի 11ի յայտարարութեամբ` 2020թ. Նոյեմբերի 9ի յայտարարութեան` տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9րդ կէտի իրականացման նպատակով ստեղծուել է Հայաստանի Հանրապետութեան, Ռուսաստանի Դաշնութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան փոխվարչապետների համատեղ նախագահութեամբ եռակողմ աշխատանքային խումբ:
«4. 2021 թուականի Յունուարի 11ի յայտարարութեան 3րդ կէտով սահմանուել է, որ գործունէութեան հիմնական ուղղութիւններն իրականացնելու նպատակով Աշխատանքային խմբի համանախագահները կը հաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կը ներառուեն Կողմերի իրաւասու մարմինների ներկայացուցիչներ եւ կազմակերպութիւնների պաշտօնատար անձինք:
«5. 2021 թուականի Յունուարի 11ի յայտարարութեան 4րդ կէտով սահմանուել է, որ Աշխատանքային խումբը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կը ներկայացնի Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան տարածքով իրականացուող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման եւ անվտանգութեան ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցուածքների օբյեկտների վերականգնման եւ կառուցման միջոցառումների իրականացման ցանկ եւ ժամանակացոյց, նոյն կերպ Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան կողմից իրականացուող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետշւթեան եւ Հայաստանի Հանրապետութեան տարածքները:
«6. Եռակողմ աշխատանքային խումբը 2021 թուականի Յունուարի 30ին հրաւիրուած առաջին նիստի ընթացքում որոշում է կայացրել ստեղծել փորձագիտական երկու ենթախումբ, որոնցից մէկը երկաթուղային, աւտոմոբիլային եւ կոմբինացուած փոխադրումների, միւսը` փոխադրումների ապահովման, ներառեալ` անվտանգութեան, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնապահական, ֆիտոսանիտարական եւ հսկողութեան այլ տեսակների հարցերով:
«7. Հայաստանի Հանրապետութիւնն ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ յայտարարել է, որ հետաքրքրուած է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերը ապաշրջափակելու հարցով այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանի արեւմտեան շրջանները Հայաստանի տարածքով աւտոմոբիլային եւ երկաթուղային կապ են ստանում ԱՀ Նախիջեւանի ինքնավար հանրապետութեան (այսպիսով նաեւ Թուրքիայի) հետ, իսկ Հայաստանը` Ադրբեջանի տարածքով աւտոմոբիլային կապ Ռուսաստանի Դաշնութեան եւ երկաթուղային կապ` Ռուսաստանի Դաշնութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ:
«8. Ռուսաստանի Դաշնութեան փոխվարչապետ, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահող Ալեքսեյ Օւերչուկը 2021 թուականի Նոյեմբերի 5ին Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ ունեցած հանդիպման ընթացքում յայտարարել է, որ եռակողմ աշխատանքային խմբում լուծումների փնտրտուքը հիմնւում է հետեւեալ սկզբունքների վրայ. ճանապարհների նկատմամբ պահպանւում է այն երկրների ինքիշխանութիւնը, որոնց տարածքով անցնում են այդ ճանապարհները, եւ որ սահմանների հատման ժամանակ հսկողութեան տեսակները իրականացուելու են փոխադարձութեան սկզբունքով: Աւելի վաղ Ալեքսեյ Օւերչուկը յայտարարել էր, որ եռակողմ աշխատանքային խմբում միջանցքի հարց չի քննարկւում:
«9. 2020 թուականի Նոյեմբերի 9ի եռակողմ յայտարարութեան ստորագրման տարելիցի կապակցութեամբ Ռուսաստանի Դաշնութեան ԱԳ նախարարութիւնը տարածել է տեղեկատուական նիւթ, որում յստակ արձանագրուել է, որ Եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները պայմանաւորուել են, որ բոլոր ապաշրջափակուող եւ նորից ստեղծուող տրանսպորտային երթուղիները գործելու են յարգելով այն երկրների տարածքային ամբողջականութիւնը եւ ինքնիշխանութիւնը, որոնց տարածքով դրանք անցնում են:
«10. 2021 թուականի Նոյեմբերի 26ին Ռուսաստանի Դաշնութեան Սոչի քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի, Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որի ընթացքում վերահաստատուել են 8րդ կէտում նշուած սկզբունքները:
«Ելնելով վերը թուարկուած հանգամանքներից` Հայաստանի Հանրապետութեան Արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարում է.
«ա) Ադրբեջանի նախագահի յայտարարութիւնները իրենց բովանդակութեամբ կապ չունեն Նոյեմբերի 9ի, Յունուարի 11ի եւ Նոյեմբերի 26ի յայտարարութիւնների հետ, հակասում են Եռակողմ աշխատանքային խմբում եւ Սոչիում ձեռք բերուած պայմանաւորուածութիւններին, հետապնդում են ապակառուցողական եւ սադրիչ նպատակներ, սպառնալիք են պարունակում Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան նկատմամբ,
«բ) Հայաստանի Հանրապետութիւնը հաւատարիմ է վերը թուարկուած իր բոլոր յանձնառութիւններին, պատրաստ է վերը նշուած պայմանաւորուածութիւնների շուտափոյթ իրականացմանը,
«գ) Տարածաշրջանի կոմունիկացիաների` աւտոճանապարհների եւ երկաթուղիների վերականգնման եւ բացման գործընթացի միջոցառումների իրականացման ցանկը եւ ժամանակացոյցը քննարկւում է Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որի աշխատանքները խոչընդոտւում են Ադրբեջանի սադրիչ հռետորաբանութեան պատճառով:
«Հայաստանի Հանրապետութիւնը անվտանգային ոլորտում իր հիմնական գործընկեր Ռուսաստանի Դաշնութեան, Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան, ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների եւ ողջ միջազգային հանրութեան ուշադրութիւնը հրաւիրում է այն փաստի վրայ, որ պաշտօնական Բաքուն շարունակում է ռազմաշունչ յայտարարութիւններով ուժի կիրառման յստակ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան նկատմամբ` խախտելով միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքները, այդ թւում ՄԱԿի կանոնադրութիւնը, եւ վտանգելով տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգութիւնը:
«Հայաստանի Հանրապետութիւնը Ադրբեջանի Հանրապետութեանը կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանութիւնից եւ գործողութիւններից ու չխոչընդոտել տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերող պայմանաւորուածութիւնների իրագործմանը»: