Առաջին աշխարհամարտի (1914-1918թ.թ.) ընթացքում ու դրան յաջորդող տարիներին առաւելապէս առաջին սերնդի ամերիկահայերի համար հայրենի ժողովրդի սատարմանն ուղղուած ջանքերը եղել են գործնական ու ծանրակշիռ «կրելով թէ՛ քաղաքական ու դիւանագիտական եւ թէ հասարակական, տնտեսական ու ռազմական բնոյթ: Վերջինս արտայայտուել է ռազմամթերքի, դրամական միջոցների, ինչպէս նաեւ մարդկային ուժի՝ կամաւորների առաքումով», որն իրականացուել է գլխաւորապէս հայ քաղաքական տարբեր կուսակցութիւնների ու կազմակերպութիւնների կողմից:
Պատերազմի հէնց սկզբից ամերիկահայ մի խումբ ազգայինների ջանքերով հնարաւոր է դարձել համախմբել տեղի հայ քաղաքական տարբեր ուղղութիւնները, որոնք ժողովրդի ու հայրենի երկրի համար ճակատագրական այդ պահին, որոշ բացառութեամբ, հանդէս են բերել միասնաբար գործելու պատրաստակամութիւն: Նման առաջին քայլն իրականացուել է ամերիկահայոց առաջնորդ Մուշեղ արք. Սերոբեանի ջանքերով, որը գաղութի ներսում կազմակերպուած ու հաւաքական շարժում սկզբնաւորելու, ինչպէս նաեւ կովկասահայութեան շրջանում ծագած ինքնապաշտպանական շարժմանն արձագանգելու նպատակով իր բնակարանում հրաւիրել է ժողով «չորս կուսակցութիւնների (Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան, Հայ Յեղափոխական Դաշնակցական, Վերակազմեալ Հնչակեան, Հայ Սահմանադրական Ռամկավար) մասնակցութեամբ: Իւրաքանչիւր կուսակցութիւնից ընտրուած երկուական ներկայացուցիչներից բաղկացած Միջկուսակցական մարմինը 1914թ. Նոյեմբերին Բոստոնում հրաւիրել է Միջկուսակցական խորհրդաժողով, որն ընդունել է ազգային չորս կուսակցութիւնների համատեղ գործունէութեան ծրագիր: Խորհրդաժողովի նպատակն էր «աջակցել հայ ազատագրութեան համար ներկայ պատերազմին առթիւ ըլլալիք համազգային ջանքերուն, օգնել այժմ իսկ երկրի մէջ կռուող խումբերու, զինեալ շարժում յառաջ բերել, երբ կարելի ըլլայ Դաշնակից պետութեանց հաւանութիւնը եւ օժանդակութիւնը ստանալ, դիւանագիտական հետապնդումներ կատարել»: Խորհրդաժողովին յաջողուել էր ԱՄՆի Կոնգրեսի հետ համատեղ ջանքերով Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանի միջոցով ստանալ ցարական կառավարութեան համաձայնութիւնն ու հովանաւորութիւնը Կովկասում ռուսական բանակի կազմում կռուելու պատրաստ ամերիկահայ երիտասարդ կամաւորներ առաքելու եւ մի շարք այլ խնդիրների վերաբերեալ: Որոշուել էր կովկասահայ կռուող խմբերին յատկացնել յանձնախմբի տրամադրութեան տակ եղած ողջ դրամական միջոցների 25 տոկոսը:
1914թ. Դեկտեմբերին խորհրդաժողովին ամերիկահայոց առաջնորդարանից երկուական ներկայացուցիչների մասնակցութիւնը համազգային բնոյթ է հաղորդել յիշեալ միջկուսակցական մարմնին այն վերանուանելով Ազգային պաշտպանութեան ամերիկահայ յանձնախումբ (ԱՊԱՀ):
Միաժամանակ, ՀՅԴ կուսակցութեան գործիչները կարողացել էին ստանալ ռուսական կառավարութեան պաշտօնական հաւաստումը արեւմտահայութեան ազատագրման վերաբերեալ, ինչպէս նաեւ հասնել կամաւորական շարժումը կազմակերպելու նպատակով Կովկասում (Թիֆլիս) Ազգային բիւրոյի ստեղծմանը: Դա է պատճառը, որ յանձնախմբում Դաշնակցութեան ներկայացուցիչները պահանջում էին կամաւորական շարժմանն աջակցելու նպատակով ԱՄՆում հանգանակուող գումարի կէսն առաքել Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից վաւերացուած Թիֆլիսի Ազգային բիւրոյին, իսկ միւս կէսը տրամադրել ինչպէս ամերիկահայ կամաւորների կարիքների, նոյնպէս եւ հայրենի երկրի տարբեր շրջաններում յեղափոխական շարժումներ առաջ բերելու համար: Այս առաջարկութիւնը չի ընդունուել յանձնախմբի կողմից, այլ որոշուել է հանգանակուող գումարի զգալի մասը յատկացնել Ամենայն հայոց կաթողիկոսի հովանաւորութեան ներքոյ Ս. Էջմիածնում կազմաւորուած Խառը յանձնախմբին, իսկ 25 տոկոսը ԱՄՆում Ռուսաստանի դեսպանի միջոցով փոխանցել Կովկաս «միմիայն երկիր մեկնած կամ մեկնելիք հայ կամաւորներուն անխտիր»: Արդիւնքում տարբեր քաղաքական ուղղութիւնների միջեւ պահպանուող համերաշխ գործակցութիւնը խախտուել է, եւ ՀՅԴն հեռացուել է յանձնախմբի կազմից:
Կովկասում հայ կամաւորական շարժմանը սատարելու նպատակով հանգանակուել էր 160,000 դոլար, ընդ որում, ԱՊԱՀը «60,000, իսկ առանձին ՀՅԴն» 100,000 դոլար: Դաշնակցութիւնը ընդամէնը երկու ամիսների ընթացքում Կովկաս է առաքել 800 կամաւոր:
Անտանտի տէրութիւնների առջեւ Հայ Դատը ներկայացնելու նպատակով 1912թ. Փարիզում հիմնուած Ազգային պատուիրակութեան նախագահ, Ամենայն հայոց կաթողիկոսի դիւանագիտական ներկայացուցիչ Պօղոս Նուբարի եւ Կահիրէում գործող ՀԲԸՄ ջանքերով, Եգիպտոսի օրինակով, մի խումբ ամերիկահայերի կողմից (դոկտոր Ս. Մ. Գաբրիէլեան, Մ. Սվազլը, պատ. Խ. Կ. Պեննէյեան եւ այլք) ԱՄՆում եւս ստեղծուել էր Ազգային շահերի պաշտպանութեան միութիւնը (ԱՇՊՄ): Բաղկացած էր հայ քաղաքական չորս կուսակցութիւններից, Հայ առաքելական եւ Հայ աւետարանական եկեղեցիներից ու ՀԲԸՄից ընտրուած ներկայացուցիչներից: ՀՅԴն հրաժարուել է ենթարկուել Ազգային պատուիրակութեան եւ անձամբ Պ. Նուբարի հսկողութեանը եւ գործել է անկախ ընդհուպ 1917թ. սկիզբը:
Պ. Նուբարի ջանքերով Ազգային պաշտպանութեան ամերիկահայ յանձնախումբն ու Ազգային շահերի պաշտպանութեան միութիւնը համագործակցուած զգալի օգնութիւն են առաքել Ս. Էջմիածին «ի նպաստ հայ գաղթականների, Կովկասում ապաստանած փախստականների ու կամաւորների: Ծրագրուած էր նաեւ բոլոր միջոցներով սատարել Փարիզի Ազգային պատուիրակութեանը» Կիլիկիայի ազատագրման ու Եւրոպայում եւ Ամերիկայում Հայ Դատի պաշտպանութիւնը հետամտող նրա քաղաքական, դիւանագիտական եւ ռազմական բնոյթի ջանքերին:
1915թ. Սեպտեմբերին ազգային վերոյիշեալ երկու կազմակերպութիւնները (ԱՊԱՀ եւ ԱՇՊՄ) միաւորուել են որպէս Ազգային պաշտպանութեան Ամերիկայի միութիւն (ԱՊԱՄ) «աջակցելու Փարիզի Ազգային պատուիրակութեանը: Միութիւնը բաղկացած էր ազգային վեց կուսակցութիւնների ու կազմակերպութիւնների ներկայացուցիչներից (ՍԴՀ, ՎՀ, ՀՍՌ կուսակցութիւններ, ՀԲԸՄ, Հայ առաքելական եւ Հայ աւետարանական եկեղեցիներ): Նոր միութեան կազմում էին Մ. Սվազլըն (ատենապետ), Ա. Նազարէթեանը (ատենադպիր), Բաբկէն եպս. Կիւլեսէրեանը եւ այլք:
Ազգային պաշտպանութեան Ամերիկայի միութեան ջանքերով կազմակերպուել են հայրենանպաստ հանգանակութիւններ, որոնց արդիւնքը բաժանուել է հետեւեալ սկզբունքով. գումարի 100 տոկոս բաժնի 25 տոկոսը Հայոց կաթողիկոսի միջոցով «Կովկասի հայ կամաւորներին, 25 տոկոսը կրկին կաթողիկոսի կամ Պ. Նուբարի միջոցով» Կովկասում ապաստանած հայ կարօտեալներին, իսկ մնացած 50 տոկոսը ուղարկուել է Փարիզի Ազգային պատուիրակութեանը: Յետագայում, Պ. Նուբարի կարգադրութեամբ, որոշուել է հանգանակութիւնների արդիւնքները լիովին առաքել անձամբ կաթողիկոսին «գումարի կէս բաժինը յատկացնելու Կովկասի կամաւորներին, իսկ կէսը»՝ փախստականներին: Միութիւնն իր գոյութեան ընթացքում նիւթական ու բարոյական զգալի օգնութիւն է տրամադրել նաեւ Կիլիկիոյ կաթողիկոսին, Կ. Պոլսի հայոց պատրիարքին, Թիֆլիսում Հայաստանի վերաշինութեան յանձնախմբին, ինչպէս նաեւ Ամերիկեան նպաստամատոյց ընկերութեանը, Ռուս-ամերիկեան նպաստից ընկերութեանը եւ այլոց: Միութիւնը բժշկական օգնութիւն, սնունդ, հագուստեղէն է առաքել Կովկասում ապաստանած հայ փախստականներին, մշտապէս կապ պահպանել ԱՄՆի պետական շրջանների ու հայասէր ամերիկացիների հետ, ջանքեր գործադրել վերականգնելու ՀՅԴի հետ համագործակցութիւնը:
Առաջին աշխարհամարտի հետեւանքով Օսմանեան կայսրութիւնում արեւմտահայութեան կեանքի ու գոյքի անձեռնմխելիութեան պահպանման համար ստեղծուած անբարենպաստ ու օրէցօր վատթարացող պայմանները պատճառ էին դարձել օսմանցիների դէմ Կովկասում կռուող ռուսական ցարական զօրքերին սատարելու նպատակով այդտեղ հայրենասէր հայերից բաղկացած ջոկատների կազմակերպմանը: Կարճ ժամանակում սրանք համալրուել են ոչ միայն Կովկասից եւ Ռուսաստանի միւս շրջաններից, այլ նաեւ աշխարհի տարբեր կողմերից (Բուլղարիա, Ռումինիա, Եգիպտոս), ինչպէս նաեւ հեռաւոր ԱՄՆից ժամանած վրէժով ու ատելութեամբ, բայց եւ ազատատենչ ոգով տոգորուած հայազգի անձնուրաց երիտասարդներով: Կամաւորական շարժման նշանաբանն էր ««Ինքնավարութիւն վեց վիլայէթներու եւ անոնց անբաժան մասը կազմող Կիլիկիայի» Ռուսաստանի հզօր հովանաւորութեան տակ»:
Ամերիկահայերն իրենց գործուն մասնակցութիւնն են ունեցել Առաջին աշխարհամարտի տարիներին եւ յետոյ Կովկասում, ապա «Կիլիկիայում կազմակերպուած կամաւորական շարժումներին» սկսած 1915թ. Վանի ինքնապաշտպանական կռիւներից մինչեւ 1918թ. Արարայի ճակատամարտը» Անտանտի տէրութիւնների, ցարական Ռուսաստանի եւ Ֆրանսիայի զօրամիաւորումների հետ կողք կողքի քաջաբար մարտնչելով գերմանա-թուրքական ուժերի դէմ:
Արդէն 1915թ. ԱՄՆում «Բոստոնում, հիմնուել է Հայ ազգային զինեալ խումբը (ՀԱԶԽ) (Armenian National Military Society-ANMS), որը կազմակերպուել է «Հրայր» զինեալ խումբը» նպատակ ունենալով ամերիկահայ երիտասարդներին մարզել միանալու բնօրրանում ծաւալուող ազատագրական շարժումներին: ԱՄՆի դրօշի կողքին ամերիկահայ կամաւորներն ունէին նաեւ կարմիր-սպիտակ-կանաչ գոյներով իրենց եռագոյն դրօշը, որին ի պատիւ նոյն թուականին ՀԱԶԽը նոյնիսկ թողարկել է «Յարգանք Դրօշակին» խորագրով փոստային բացիկ «դրանով իսկ նպատակ ունենալով ԱՄՆում հայ կամաւորական շարժմանն ընդգրկուն եւ կազմակերպուած բնոյթ հաղորդել: 1915թ. Մայիսի 31ին հաւաքագրուել է ամերիկահայ հնչակեան կամաւորների Աւշարեան Ա. խումբը, որի մասին է փաստում նաեւ պահպանուած նոյնպիսի եռագոյն դրօշը» համապատասխան գրութեամբ: Արդէն 1917թ. Նիւ Եորքի հայկական եկեղեցու գաւիթում հաւաքագրուել է ամերիկահայ կամաւորների թուով եօթերորդ խումբը: Ամերիկայից եկած կամաւորները գրեթէ բոլորն էլ գալիս են իրենց սեփական ծախսով եւ միաժամանակ իրենց հետ բերում են մեծ քանակութեամբ ընտիր զէնքեր:
Ընդհանուր առմամբ, ԱՄՆից եւ եւրոպական երկրներից տարբեր ճանապարհներով հայրենի երկրի ազատագրմանը մասնակցելու նպատակով Կովկասեան ռազմաճակատ է մեկնել շուրջ 3,000 հայ:
Ամերիկահայութիւնը Կովկաս կամաւորներ տրամադրելուց բացի զգալի նիւթական նպաստ է յատկացրել վերոյիշեալ շարժմանը: Այսպէս, միայն ԱՄՆի ՀՅԴ Կենտրոնական կոմիտէն 1915-1917թ.թ. Թիֆլիսի Ազգային բիւրոյին էր ուղարկել 328,047 ռուբլի գումար, իսկ ընդհանուր առմամբ, ողջ ամերիկահայութիւնը կովկասեան կամաւորական շարժմանը տրամադրել է շուրջ 342,000 դոլար:
1915թ. Դեկտեմբերին ռուսական գերագոյն հրամանատարութեան որոշմամբ կովկասեան հայ կամաւորական խմբերի լուծարումը համընդհանուր լքման պատճառ է դարձել. հեռացել են կամաւորների զգալի մասը արեւմտահայերն ու ամերիկահայերը: Միաժամանակ, առաջ են եկել նաեւ յարակից դժուարութիւններ «կապուած նպաստի, բժշկութեան, հաշմանդամութեան, հետդարձի եւ այլ նիւթական ծախսերի հետ: Բիւրօն Բոստոնի կենտրոնական կոմիտէի միջոցով վճարել է ամերիկահայ միայն 430 կամաւորների վերադարձի ճանապարհածախսը» ընդհանուր 60,600 ռուբլի արժէքով, ինչպէս նաեւ նուիրատուութիւններից ու կազմակերպուած տարբեր վաճառահանումներից ստացուած գումարով սահմանել նպաստ զոհուած կամաւորների ընտանիքներին եւ այլն:
Բայց եւ այնպէս, Կովկասում կամաւորական շարժման լուծարումով արեւմտահայութեան շրջանում չի մարել հայրենի տարածքներն ազատագրելու եւ հայ ժողովրդի ապրելու բնական իրաւունքը պաշտպանելու սրբազան զգացումը եւ նա ձեռնամուխ է եղել սեփական ուժերով կամաւորական նոր շարժում կազմակերպելուն: Այդ նպատակով արտասահմանի, մասնաւորապէս, ԱՄՆի հայութիւնը կարեւոր բացատրական աշխատանք է իրականացրել դաշնակից տէրութիւնների շրջանում՝ նրանցից ակնկալելով ինչպէս քաղաքական ու դիւանագիտական, այնպէս էլ նիւթական ու ռազմական աջակցութիւն: Ամերիկահայութեան հայանպաստ ջանքերի շնորհիւ 1916թ. Հոկտեմբերի 21-22ը ԱՄՆի նախագահի ու Կոնգրեսի որոշմամբ երկրով մէկ յայտարարուել է «Հայոց Օր», եւ, ի պաշտպանութիւն Հայ Դատի, շուրջ 400 քաղաքներում կազմակերպուել են Օսմանեան կայսրութիւնում հայերի նկատմամբ իրականացուող բռնութիւնները դատապարտող հաւաքներ, բողոքի ելոյթներ ու ցոյցեր, ինչպէս նաեւ հայանպաստ բազմաթիւ միջոցառումներ, հանգանակութիւններ եւ այլն: Ամերիկեան ժողովուրդն իր սրտակցութիւնն ու համերաշխութիւնն է արտայայտել իթթիհատական պետութիւնում հետապնդուող ու հալածուող քրիստոնեայ ազգութիւններին եւ նրանց ի նպաստ նուիրաբերել աւելի քան 30 մլն. դոլար:
Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կառավարութիւնները, Պօղոս Նուբարի մասնակցութեամբ, համատեղ համաձայնութեան էին եկել (1916թ. Հոկտեմբերի 27ի Սայքս-Պիկոյի համաձայնութիւն)՝ կազմել հայ, ինչպէս նաեւ սիրիացի կամաւորներից բաղկացած «Արեւելեան լեգէոն» («Legion d՛Orient») անուանումը կրող զօրամիաւոր, որը, իբրեւ օժանդակ ուժ, պատերազմի տարիներին ֆրանսիական բանակի կազմում պիտի կռուէր բացառապէս Ասիական Թուրքիայի մաս կազմող Սիրիայում եւ Կիլիկիայում, այնուհետեւ՝ թուրքերի դէմ յաղթանակից յետոյ, որպէս քաղաքապահ ուժ, ապահովեր ֆրանսիական հոգատարութեան ներքոյ Կիլիկիայի ինքնավարութիւնը: «Արեւելեան լեգէոն»ի կազմակերպման ծախսերն իր վրայ էր վերցնելու ֆրանսիական կառավարութիւնը, որը հոգալու էր կամաւորների տեղափոխման ճանապարհածախսը, հիւանդութեան ու հաշմանդամութեան ծախսերը, կամաւորները մարզուելու եւ ղեկավարուելու էին ֆրանսիական սպաների կողմից, վարձատրուելու էին ֆրանսիական զինուորների նման: Լեգէոնը սկզբնապէս հաստատուելու էր Կիպրոսում, ուր ժամանելու էին Մարսէյլի, Բորդոյի եւ Փորտ Սաիդի գրասենեակներում գրանցուած տարբեր վայրերից ժամանած հայ կամաւորները:
1916թ. Նոյեմբերի 26ին հիմնուել է օսմանեան հպատակներից կամաւոր հիմունքներով հաւաքագրուած «Արեւելեան լեգէոնը», որի կորիզը կազմում էին Ֆրանսիայի շնորհիւ Փորտ-Սաիդում ապաստանած 600 մուսալեռցիները:
Կամաւորական շարժումը մեծ ոգեւորութիւն է առաջացրել տարագիր հայութեան, յատկապէս՝ ամերիկահայութեան շրջանում: Համախմբման նկատմամբ ամերիկահայ ազգայինների դրսեւորած բարձր գիտակցութեան շնորհիւ հնարաւոր է դարձել 1917թ. Մարտի 16-26ը Բոստոնում անցկացնել քաղաքական չորս կուսակցութիւնների միջեւ համերաշխութեան բանակցութիւններ, որոնց ընթացքում եւ կազմակերպուել է Ամերիկայի հայ ազգային միութիւնը (ԱՀԱՄ)՝ բաղկացած քաղաքական չորս կուսակցութիւնների (ՍԴՀԿ, Վերակազմեալ Հնչակեան, ՀՅԴ, ՀՍՌ), ազգային երկու եկեղեցիների (առաքելական, աւետարանական) եւ ՀԲԸՄ ներկայացուցիչներից: Առաջին աշխարհամարտի սկսուելուց ի վեր առաջին անգամ էր, որ հայ քաղաքական կուսակցութիւնները, մասնաւորապէս ՀՅԴն, միասնականութիւն էին հանդէս բերել ազգային կարեւոր ձեռնարկների իրականացման գործում: Ամերիկայի հայ ազգային միութիւնը (ատենապետ Միհրան Սվազլեան) իր գործունէութիւնը համաձայնեցրել է Փարիզի Ազգային պատուիրակութեան հետ՝ հանդիսանալով նրա լիազօր ներկայացուցչական մարմինն ԱՄՆում եւ կարճ ժամանակում ԱՄՆում արդէն ստեղծել է 187 մասնաճիւղ: Միութիւնն ամերիկահայ նիւթական ու բարոյական ուժերը համախմբել եւ դրանք ի սպաս է դրել Հայաստանի ազատագրմանն ի նպաստ, ինչպէս նաեւ՝ հայանպաստ պրոպագանդա (քարոզչութիւն-Խմբ.) եւ դիւանագիտական ձեռնարկներ իրականացրել ամերիկեան քաղաքական շրջանակներում: Ամերիկեան պաշտօնական շրջանների կողմից ԱՀԱՄը ճանաչուել է որպէս ամերիկահայ գաղութը ներկայացնող մարմին՝ դառնալով հայկական առաջին լոբբիստական կազմակերպութիւնը ԱՄՆում:
Հայաստանի ազատագրութեան նպատակով Ամերիկայի հայ ազգային միութեան իրականացրած կարեւոր ձեռնարկներից է ամերիկահայութեան շրջանում կամաւորական շարժման կազմակերպումը, որը մեծ խանդավառութիւն է առաջացրել գաղութում. «Հազարաւորներ կը ձգէին հանգիստ աշխատանք ու գրասեղան, ապահով կեանք ու փայլուն ապագայ՝ զօրացնելու համար կորիզը հայկական բանակին»: Կարճ ժամանակում՝ ընդամէնը վեց ամսում (1917թ. Յունիսի 9 – Նոյեմբերի 3), ֆրանսիական հովանաւորութեան ներքոյ սկսուած կամաւորական շարժմանն իրենց մասնակցութիւնը բերելու նպատակով արձանագրուել է 5,000 ամերիկահայ, սակայն փոխադրական միջոցների սղութեան պատճառով մեկնելու հնարաւորութիւն է ընձեռուել ընդամէնը 1,172ին (վերապրել է ընդամէնը 250 հայ): Մեծ մասամբ քեսապցի, սեբաստացի, խարբերդցի, արաբկիրցի, չնքուշցի, տիգրանակերտցի, հուսէյնիկցի այդ երիտասարդները ներառել են ԱՄՆի գրեթէ բոլոր հայաշատ նահանգները (օրինակ՝ միայն Մասաչուսեթսի նահանգից՝ 424 կամաւոր, ընդ որում, շուրջ 1,000 հայ ունեցող Լոուրենս քաղաքից՝ 78, Ուստրից՝ 76, Բոստոնից՝ 6): Կամաւորագրուածների մեծ մասը կուսակցականներ էին՝ վերակազմեալ հնչակեաններ, դաշնակցականներ, սոցիալ-դեմոկրատ հնչակեաններ, ռամկավարներ: «Արեւելեան լեգէոն» կամաւորագրուած ամերիկահայերի կազմում կային նաեւ մի շարք բարձրաստիճան զինուորականներ (հրամանատարներ æիմ Չանգալեան, Հայկ Ազատեան, Տիգրան Պոյաճեան, Ռուբէն Հերեան, Վահան Չուրկենց, Վաղարշակ վրդ. Արշակունի, æոն Շիշմանեան եւ այլք):
Ամերիկահայ կամաւորներն «Արեւելեան լեգէոն»ի իրենց քաջարի հայրենակիցների հետ լուրջ աւանդ են ներդրել 1918թ. Սեպտեմբերի 19ին Պաղեստինում՝ Արարայի անառիկ բարձունքների վրայ թուրքական բանակին պարտութեան մատնելու գործում: Այնուհետեւ լեգէոնականները մասնակցել են Սիրիայի եւ Լիբանանի համար մղուած մարտերին. դաշնակից ուժերի հետ միասին շարժուել դէպի Դամասկոս, Հալէպ, մինչեւ Պոզանթիի լեռները, ապա Պաղեստինի միջով՝ դէպի Բէյրութ, որտեղ, սիրիական զօրամիաւորների անջատումով, «Արեւելեան լեգէոնը» վերանուանուել է «Հայկական լեգէոն» («Legion Armenienne»): Նա մէկ ամիս շարունակ իր գրաւման տակ է պահել Պաղեստինը, Լիբանանը:
«Հայկական լեգէոնը» Հայոց Ցեղասպանութիւնից ընդամէնը երկու տարի անց ձեւաւորուած առաջին զուտ հայկական զօրամիաւորն էր՝ տարբեր երկրներից (ԱՄՆ, Եւրոպա, Եգիպտոս, Հարաւային Ամերիկա, Աւստրալիա եւ այլն) ժամանած 4,000-5,000 պանդուխտների մասնակցութեամբ, արդիական բանակի կազմութեամբ, ռազմամթերքով, թէեւ ֆրանսիական բանակին առընթեր, սակայն՝ նրանից անջատ, իր իւրայատուկ ազգային դիմագծով: Այն իր կազմութեամբ՝ բարձրաստիճան հրամանատարական կազմով, աստիճանակարգուած զինուորականներով, զէնքով ու զինամթերքով, ռազմական այլ յատկանիշներով ու կարգապահութեամբ լիովին համապատասխանում էր ժամանակի առաջաւոր բանակներին: Լեգէոնական լէյտենանտ Վահան Փորթուգալեանի բնորոշմամբ. ««Հայկական լեգէոնը»՝ որպէս զինեալ բանակ, բառիս իրական եւ ամբողջական իմաստով, առաջին հայկական ռազմական ուժն էր, որը ստեղծուել էր դարեր անց պետական սկզբունքների հիման վրայ»:
Արդէն 1918թ. կէսերին «Արեւելեան լեգէոն»ի կազմում հաշւուում էր շուրջ 5,100 հայ: Ժամանակակիցների գնահատմամբ. «Ան կրնար շուտով բարձրանալ 10,000ի եւ 20,000ի, եթէ միայն մեր «դաշնակիցները» կամենային. եթէ չդաւաճանէին…»:
1916 թ. Հոկտեմբերին Լոնդոնի ֆրանսիական դեսպանատանը Փարիզի Ազգային պատուիրակութեան նախագահ Պօղոս Նուբարի մասնակցութեամբ Սայքս-Պիկոյի ներքին պայմանաւորուածութեան համաձայն՝ Կիլիկիայի ազատագրումն իրականացնելու եւ «Կիլիկիան ամբողջութեամբ հայերուն ձգելու» խոստմանն ի պատասխան 1918թ. Դեկտեմբերի 17-19ին «Հայկական լեգէոնը» ոտք է դրել բաղձալի Կիլիկիա՝ վերահսկելու եւ պաշտպանելու տարածքի ստրատեգիական (ռազմավարական-Խմբ.) յենակէտերը, հայաբնակ Ադանան, Այնթապը, Մարաշը, Ուրֆան, Հաճընը եւ այլուր: Որպէս Ամբողջական Հայաստանի պատուիրակութեան (ներառած՝ Հայաստանի Հանրապետութիւնը եւ Հայ ազգային պատուիրակութիւնը) ներկայացուցիչ Միհրան Տամատեանն ուղարկուել է Կիլիկիա ղեկավարելու «Հայկական լեգէոն»ի քաղաքապահ զինուորականութեան (միլիցիա) գործունէութիւնը, պաշտպանելու տեղի հայ բնակչութեան կեանքի ու գոյքի անվտանգութիւնը:
Սակայն շատ շուտով Ֆրանսիան ոչ միայն բախտի քմահաճոյքին է լքել իր դրօշի ներքոյ արիւն ու կեանք տուած հայ վիրաւոր լեգէոնականներին, այլեւ լեգէոնը տկարացնելու միտումով նոյնիսկ տարբեր պատրուակներով շուրջ մէկ տասնեակ հայ կամաւորների աքսորել է Ալժիր, փոխարէնը՝ Կիլիկիա տեղափոխել ալժիրցի անճար զինուորականների, ապա Կիլիկիայից հեռացրել է «Հայկական լեգէոն»ի հմուտ սպաներին, ամերիկահայ հրամանատարներ æիմ Չանգալեանին, æոն Շիշմանեանին եւ այլոց, ինչպէս նաեւ՝ Ազգային միութիւնների անդամներին:
1920թ. Օգոստոսի 10ին Սեւրի հաշտութեան պայմանագիրը, որով Կիլիկիան յանձնւում էր Ֆրանիայի հովանաւորութեանը, հայերին կրկին յոյս է ներշնչել Ֆրանսիայի օգնութեամբ Կիլիկիայում Հայկական ինքնուրոյն պետութիւն ստեղծելու համար: Նոյնիսկ նշանակուել է կառավարիչ՝ յանձին Միհրան Տամատեանի, որի նստավայրը լինելու էր Ադանայում: Սակայն 1919թ. Օսմանեան քայքայուած կայսրութիւնում սկզբնաւորուած եւ հուժկու թափ ստացած քեմալական շարժման եւ Ֆրանսիայի մերձաւորարեւելեան քաղաքականութեան մէջ տեղի ունեցած շրջադարձի արդիւնքում ֆրանսիական զինուորական իշխանութիւնը մէկ օր անց ցրել է հայկական այդ կառավարութիւնը, իսկ նոյն թուականի Սեպտեմբերի 27ին լուծարել արդէն գարնանը մասնակի զինաթափման ենթարկուած եւ հետզհետէ սակաւացող «Հայկական լեգէոն»ը (չորս գումարտակից մնացել էր միայն մէկը. 5,000 կամաւորներից՝ նուազ քան 1,000): 1921թ. սկզբին «Հայկական լեգէոն»ը վերջնականապէս լուծարուել է:
Թէեւ Կիլիկիայի ազատագրման համար գործադրած ջանքերը վերջին հաշուով ձախողուեցին, այդուհանդերձ, անուրանալի է ամերիկահայ կամաւոր երիտասարդութեան մասնակցութեան նշանակութիւնը «Արեւելեան լեգէոն»ի («Հայկական լեգէոն») ձեռք բերած մարտական յաջողութիւնների գործում, քանի որ նա «…չսակարկեց իր արեան գինը. կտրեց ովկեանոսը… Հազարաւորներ գրկեցին հրացանը, եղբայրացան անոր հետ, առին վառօդին հոտը, զգացին զինուորական կարգապահութեան ծանրութիւնը, ճաշակեցին զրկանքի լեղին եւ հաղորդուեցան գոյապայքարի արիւնովը…»:
Պատերազմի աւարտից յետոյ ֆրանսիական դրօշի ներքոյ մարտնչած ամերիկահայ լեգէոնականները յանձնուել էին բախտի քմահաճոյքին, եւ միայն Ամերիկայի հայ ազգային միութեան շնորհիւ է, որ նրանց վիրաւոր ու կարիքաւոր մասը ստացել է նիւթական օգնութիւն, իսկ բազմաթիւ ամերիկաբնակ կամաւորների շնորհուել Միութեան պատուոյ վկայագիր:
***
Ղարաբաղեան շարժման տարիներին (1988-1994թ.թ) արտերկրից եւս հայ կամաւորներ են մասնակցել իրենց հայրենի բնօրրանի ազատագրմանը, իհարկէ, ոչ նախկին ստուար թուաքանակով (աւելի քան 10 միլիոնանոց Սփիւռքից՝ մի քանի տասնեակ հայ) եւ ոչ նախկին համահամայնքային կամ կուսակցական կազմակերպուածութեամբ, հակառակ որ 1985 թուականից Խորհրդային Միութիւնում տեղի ունեցող ազատականացման գործընթացները, ապա 1991 թուականից Ազատ եւ Անկախ Հայաստանի Հանրապետութեան ստեղծումը պիտի որ ոգեւորութեան ալիք բարձրացնէին նաեւ տասնամեակներ շարունակ «Կարմիր հայրենիքից» պաղած եւ «Ազատ, Անկախ ու Միացեալ Հայաստան»ի գաղափարներով հայապահպանութեան ջանքեր գործադրած ազգային կառոյցների շրջանում:
Արցախեան ազատամարտին իրենց մասնակցութիւնը բերած սակաւաթիւ սփիւռքահայ կամաւորների շարքում ուրոյն բաժինն է ունեցել նաեւ ԱՄՆի հայահոծ համայնքի անձնուրաց հատուածը: Արտերկրից եւ մասնաւորապէս ԱՄՆից ժամանած կամաւորները 1915-1923թ.թ Օսմանեան կայսրութիւնում քրիստոնեաթափման եւ արեւմտահայութեան հայրենազրկումի հետեւանքով սփիւռքի վերածուած հայութեան առաւելապէս 3րդ եւ արեւմտեան գլոբալացնող իրականութեան պայմաններում ազգային ինքնութեան հիմնական տարրերի պահպանման առումով սահմանագծային՝ վերջին սերնդի ներկայացուցիչներն էին: Նրանք Հայաստանի ազատագրութեան հայ գաղտնի բանակի (ASALA-Armenian Secret Army for the Liberation of Armenia) (1975թ.) երբեմնի անդամներն էին կամ՝ պատմական արդարհատոյցի յոյսով եւ ազգային ոտնահարուած արժանապատուութեան վերականգնման վրէժով լցուած ողջախոհ ու նուիրեալ հայորդիներ, որոնք, հիմնականում լինելով Մերձաւոր Արեւելքի պատերազմներում թր-ծուած սերունդ, ինչպէս նաեւ՝ Մերձաւոր եւ Միջին արեւելքի երկրներից դէպի ԱՄՆ կրկնագաղթածներ կամ նրանց սերունդներ, իրենց մէջ դեռեւս կրում էին Առաջին աշխարհամարտի տարիներին հայ կամաւորական շարժման հերոսական աւանդոյթների յիշողութիւնը եւ Հայաստանը ազատագրուած ու միասնական տեսնելու նուիրական երազանքը:
Արցախի ազատագրման գործում իր անօրինակ սխրագործութիւնների համար ազգային հերոսի կոչմանն արժանացած նահատակ հրամանատար Մոնթէ Մելքոնեանը (ծն. 1957թ. Վիսէյլիա, Կալիֆորնիա) հայ քաջարի կամաւորի առասպելական տիպար օրինակ է դարձել: Հերոսաբար զոհուած հրամանատար ֆրեզնոյաբնակ Կարօ Քահքեջեանը (ծն. 1962թ., Հալէպ) կազմաւորել եւ ղեկավարել է «Խաչակիրներ» ջոկատը: Արցախեան ազատամարտում անձնուրաց կռուել են ամերիկահայեր Շահէն, Արան, Շահիկը, Վաչիկը, Սաքօն եւ ուրիշներ:
Զգալի է եղել Արցախեան ազատամարտում ԱՄՆի հայ համայնքի ցուցաբերած նիւթական աջակցութիւնը, ինչպէս նաեւ՝ ռազմական տեխնիկա, հանդերձանք, դեղորայք եւ այլն առաքելու առումով:
Ամերիկահայերի մասնակցութիւնն ու աջակցութիւնը Արցախեան ազատամարտին շատ աւելի կարող էր լինել, եթէ խանդավառուած անհատ նուիրեալներից բացի եւ, առաւել, Սփիւռքի քաղաքական կառոյցները եւս, որոնք կոչուած են համախմբելու հայութեանն ազգային գերխնդիրների շուրջը, կազմակերպէին իրենց համայնքն անցեալ դարասկզբի հայ կամաւորական շարժման օրինակով եւ իրենց ողջ կարողութիւնը ներդնէին օտար գերութեան մէջ գտնուող պատմական Հայրենիքի 9/10 հողատարածքի մի փոքրիկ հատուածն ազատագրելու Մայր Հայաստանի ջանքերին, մանաւանդ որ առիթ էր հիմնաւորելու ազգային կուսակցական այն դրոյթը, թէ՝ «Մենք մեր վրայ պէտք է յոյսներս դնենք եւ ոչ թէ՝ օտար տէրութիւնների»: Այդ մասին իրենց վրդովմունքն են արտայայտել նաեւ շատ ու շատ ամերիկահայ կամաւորներ: Բնութագրական է ՀՅԴ նախկին անդամ Կարօ Քահքեջեանի դատապարտող խօսքերը՝ ուղղուած ազգային աւելի քան մէկդարեայ կուսակցութեանը. «Դո՛ւք մեզ սորվեցուցիք. ձեր պատրաստած զինուորներն ենք մենք: Ինչո՞ւ մեզ չէք թողնում գնանք Ղարաբաղ: Կարո՞ղ է էնտեղի դաշնակցականների երդումը տարբեր է մեր երդումից: Ես ալ դաշնակցական զինուոր եմ: Դո՛ւք մեզ սորվեցուցիք դաշնակցական յեղափոխական երգերը, մեզ ասացիք՝ դուք Անդրանիկ էք դառնալու, Գէորգ Չաուշ էք դառնալու. ազգին ծառայեցէ՛ք: Օրը եկել է, ժամանակը եկել է, հիմա ասում էք՝ մի՛ գնայ: Էդ մէկը չեմ կարողանում…»:
Եւ այդուհանդերձ, բնօրրանի, օջախի, հողի, հայրենիքի գիտակցութիւն ունեցող հայ ժողովուրդն իր նուիրեալ ու քաջարի մարտիկներով յաղթեց Արցախեան ազատամարտում:
***
Ամփոփելով հայ կամաւորական շարժման մէկդարեայ շարժընթացի ներկայացումը, նշենք, որ Առաջին աշխարհամարտը յարմար առիթ էր միջազգային դաւադիր ուժերի համար իրենց ծաւալապաշտական ծրագրերն իրականացնելու: Դրանք, որոնք ծրագրել էին հայ ժողովրդի բնաջնջումն իր պատմական բնօրրանում՝ տարածքը քրիստոնէաթափելու նպատակով, չէին կարող թոյլ տալ, որ յաղթանակող Ռուսաստանի ու Ֆրանսիայի առաջադէմ ուժերի աջակցութեամբ տեղացի եւ արտերկրի հայ կամաւորների մղած ազատագրական արդար ու յաղթական պայքարն աւարտուէր հայկական պատմական տարածքներն իրենց օրինական տէրերին՝ հայերին վերադարձուելով:
Որպէս դաւադրութեան մի մաս Մեծ Բրիտանիայում ծրագրուեց եւ տեղական՝ «դէոնմէ» (հաւատափոխ եղած) ռուս կամակատարների ձեռքով գործի դրուեց հակաիշխանական՝ բոլշեւիկեան շարժումը, երբեմնի հզօր ցարական Ռուսական կայսրութիւնը տապալելու նպատակով: Պետականութեան կործանման արդիւնքում բնական է, որ ռուսական զօրքը պէտք է դուրս բերուէր ազատագրուած հայկական տարածքներից, ինչը կասեցրեց նաեւ Կովկասում հայ կամաւորական շարժման յաղթանակը:
Կիլիկիայի պարագայում եւս նոյնը եղաւ. Ֆրանսիան, ենթարկուելով Մեծ Բրիտանիայի եւ նրա թիկունքին կանգնած դաւադիր ուժերի ծաւալապաշտական կարգադրութիւններին, հակառակ Մերձաւոր Արեւելքում «Արեւելեան-Հայկական լեգէոն»ի Ֆրան-սիայի օգտին տարած փայլուն յաղթանակների, իր զօրքերը դուրս բերեց Կիլիկիայից՝ հայերին մատնելով յուսախաբութեան եւ լքումի:
Այնպէս որ, երկու դէպքում էլ հայ կամաւորական շարժումը, հակառակ իր արձանագրած ռազմական յաջողութիւնների, դատապարտուած էր, քանի որ իրեն աջակցող դաշնակից երկրները՝ Ֆրանսիան եւ Ռուսաստանը, իրենք էին դարձել դաւադրութիւնների զոհեր, իսկ պետականազուրկ եւ տեղահանութեան հետեւանքով աշխարհով մէկ սփռուած հայութեան ազգային լիազօր կառոյցները, հակառակ իրենց գործադրած ջանքերի, առաւել եւս ի վիճակի չէին զերծ մնալ միջազգային խարդաւանքներից:
Դարեր շարունակ պետականութիւնից եւ վարչատարածքային սահմանաբաժանումներից զուրկ հայութիւնը միայն 1828թ. ցարական Ռուսաստանի հովանու ներքոյ անցած Արեւելեան Հայաստանի մի հատուածում, բազմաթիւ փորձութիւններ դիմակայելով, սկզբում որպէս Հայկական մարզ (1828-1840թ.թ), Երեւանի գաւառ (1840-1849թ.թ), Երեւանի նահանգ (1849-1918թ.թ), յետագայում՝ Հայաստանի Առաջին Հանրապետութիւն (1918-1920թ.թ), ապա՝ Խորհրդային Հայաստանի Հանրապետութիւն (1920-1991թ.թ.) եւ այդ հենքի վրայ ստեղծուած ներկայիս Հայաստանի Հանրապետութիւն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն, կարողացել է պահպանել իր գոյութիւնը պետականութեամբ, որպէս համայն հայութեան գուրգուրանքի եւ անձնազոհութեան օրրան, որպէս ապագայ Միացեալ Հայաստանի հենք:
Առաջին աշխարհամարտին իրենց մասնակցութիւնը բերած ամերիկահայ կամաւորների համեմատութեամբ Արցախեան ազատամարտում նրանց թուաքանակի կտրուկ նուազումը հետեւանք է օտարութեան եւ յատկապէս արեւմտեան համայնակուլ միջավայրի՝ «հալեցնող կաթսայ»ի պայմաններում, սերնդափոխութեամբ ազգային ինքնութեան հետզհետէ խաթարման, ձուլման եւ համահարթեցման անխուսափելի գործընթացի:
Հայաստանի, ինչպէս նաեւ Սփիւռքի ռազմական դաշինքով կոփուած Արցախեան ազատամարտը Հայաստանի եւ Արցախի ազատ ու անկախ հանրապետութիւնների ստեղծման փաստից բացի, եւ դրանից առաւել, իր համազգային ընկալմամբ իրաւամբ ազդարարեց նաեւ դարերով փայփայած ազգային տեսլականի՝ Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստան ստեղծելու իրատեսական գործընթացի սկիզբը: Այն հնարաւոր դարձաւ անսակարկ հայրենասիրութեան եւ ազգային կարողութիւնների Հայաստանակենտրոն մոբիլիզացիայի (համախմբման-Խմբ.) պայմաններում եւ հետեւանքով, որը բոլոր ժամանակներում օրինակ պէտք է ծառայի ինչպէս մեզ հայաստանաբնակներիս, նոյնպէս եւ արտերկրի բազմաշերտ եւ հետզհետէ համահարթեցուող մեր հայրենակիցների սերունդների համար: Քանի որ ներկայիս արագընթաց գլոբալացման պայմաններում ռազմաստրատեգիական (ռազմավարական-Խմբ.) խոցելի եւ տարածաշրջանային դաւադիր գործընթացների կիզակէտում գտնուող մարդկութեան քաղաքակրթութեան օրրան Հայաստանի պետականութեան պահպանումը վեր է ամէն տեսակի անհատական ու խմբակային շահերից:
ՔՆԱՐԻԿ ԱՒԱԳԵԱՆ.- ՀՀ ԳԱԱ Պատմ. ինստիտուտի աւագ գիտաշխատող, պատմ. գիտ. թեկնածու: