Հարցազրոյցը` ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ
Դոկտ. Հրաչ Չիլինկիրեանն ընկերաբան է: Սփիւռքագէտ, Օքսֆորտ համալսարանի Ասիական եւ Մերձաւոր Արեւելքի ուսմանց ամպիոնի դասախօս եւ «Հայկական սփիւռքի հարցախոյզ» ծրագրի ղեկավար: Համալսարանական կրթութիւնը ստացել է Նիւ Եորքում, Լոս Անճելըսում եւ Լոնտոնում, իսկ ընկերաբանական գիտութիւնների (sociology) դոկտորական կոչումը` Լոնտոնի համալսարանից (London School of Economics): Տասը տարի պաշտօնավարել է Քեմպրիճի համալսարանում եւ 2012 թուականից ի վեր Օքսֆորտ համալսարանի գիտաշխատող է: Բազմաթիւ մենագրութիւնների, ուսումնասիրութիւնների եւ յօդուածների հեղինակ է (www.hratch.info):
ՀԱՐՑՈՒՄ.- Ողջո՛յն, պարո՛ն Չիլինկիրեան, շնորհակալ եմ մեր հրաւէրին ընդառաջելու համար: Սփիւռքի մասին ձեր վերջին մտորումների մասին կը պատմէ՞ք:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Որպէս հետազօտական աննախադէպ ծրագրի ղեկավար` կ՛ուզէի նշել «Հայկական սփիւռքի հարցախոյզ» (ՀՍՀ) ուսումնասիրութեան ծրագիրը: Անցնող հինգ տարիների ընթացքում մենք ուսումնասիրեցինք սփիւռքի տասը երկրների աւելի քան 50 համայնքներում ապրող 13.000 սփիւռքահայերի հանրային կարծիքը, շարք, որը կարեւոր նիւթերի մասին էր անդրադառնում, ինչպէս` ինքնութիւն, լեզու եւ մշակոյթ, համայնքային կեանք, եկեղեցի եւ կրօն, Հայաստանի հետ յարաբերութիւններ: ՀՍՀ-ը գործում է Լոնտոնի Հայկական հիմնարկի հովանաւորութեամբ եւ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան նիւթական աջակցութեամբ: Այս ուսումնասիրութեան հիմնական նպատակն է ներկայացնել այն հարցերը, դիրքորոշումները եւ հակումները, որոնք բնորոշում են 21-րդ դարի հայկական աշխարհը: Հետազօտութիւններ կատարուել են` Արժանթինում, Լիբանանում, Մոնրէալում, Ռումանիայում` 2019-ին, Անգլիայում, Պելճիքայում, Փարիզում եւ Տոնի Ռոստովում` 2021-ին, Միացեալ Նահանգներում եւ Օնթարիօ, Քանատայում` 2022-ին: Ցարդ կատարուած աշխատանքի ամբողջական արդիւնքները հասանելի են (www.armeniandiasporasurvey.com) հանրութեան եւ գիտաշխատողների, ինչպէս նաեւ համայնքային ղեկավարների եւ հանրային քաղաքականութիւն ճշդողների համար: Մտածում էինք նաեւ Իրանում կատարել այս հարցախոյզը, բայց մի շարք խնդիրներ կային, որոնք` հնարաւորութիւն չտուեցին այդ աշխատանքը կատարել:
Հ.- Ինչպիսի՞ն է հայկական սփիւռքի վերաբերեալ ձեր այսօրւայ գնահատականը: Միջազգային սփիւռքի համեմատութեամբ, որտե՞ղ է կանգնած հայկական սփիւռքն այսօր, ինչո՞վ է առանձնանում:
Պ.- Սփիւռքագիտութեան մէջ հայկական սփիւռքը ընդհանրապէս կը նկատուի որպէս պատմութեան մէջ երեք հնագոյն սփիւռքներից մէկը: Այսինքն, հրեաներին եւ յոյներին առընթեր, հայերն էլ միասին նկատւում են որպէս դասական սփիւռքներ: Հայկական սփիւռքը կարեւոր ուսումնասիրութեան նիւթ է սփիւռքագէտների համար, որովհետեւ իր պատմութեան ընթացքում դրսեւորել է սփիւռքեան կեանքի բոլոր յատկանիշները, հետեւաբար, իբրեւ նիւթ, կարեւորութիւն ունի ակադեմական շրջանակներում: Սակայն անհրաժեշտ է ճշդել, թէ սփիւռք ասելով` ի՛նչ կը հասկանանք: Ըստ սփիւռքագիտութեան ակադեմական ազդեցիկ հիմնադիրներից մէկի` փրոֆ. Խաչիկ Թէօլէօլեանի, սփիւռք եզրոյթը իր ամենապարզ եւ նուազագոյն հասկացութեամբ վերաբերւում է հայրենիքից հեռացած մարդկանց, անկախ հեռացման պատճառից, չափից: Անշուշտ պէտք է նշենք, որ մօտ 1000 տարի է, որ հայկական սփիւռք գոյութիւն ունի:
Հ.- Պարո՛ն Չիլինկիրեան, Հայաստանը դէմ յանդիման է ժողովրդագրական աղէտի: Հայաստանի բնակչութիւնը վերջին 30 տարում պակասում է. պատերազմ, համավարակ, բնակչութեան ծերացում, ծնելիութեան անկում, թէեւ արցախահայերի բռնի տեղահանութեան պատճառով տեղի ունեցաւ զանգուածային արտագաղթ Հայաստանի ուղղութեամբ, սակայն այսօր բազմաթիւ են խնդիրները, որոնք խոչընդոտում են խոշոր հաշուով սփիւռքահայերի հայրենադարձութեան ապահովմանը: Արդեօք հնարաւո՞ր էք համարում սփիւռքահայերի հայրենադարձութիւնը:
Պ.- Որոշ խնդիրներ կան, որոնց կ՛ուզէի փոքր-ինչ աւելի լայն անդրադառնալ եւ աւելի յստակ պատկերացում տալ: Նախ ասեմ, որ ժողովրդագրութեան հարցը, ըստ իս, երկու իրար կապուած խնդիրներ ունի: Այսինքն` թէ՛ Հայաստանը որպէս երկիր, եւ հասարակութեան ժողովրդագրական խնդիրները, եւ թէ՛ հայկական սփիւռքը տարբեր միջավայրերում: Օրինակ` Մերձաւոր Արեւելքի հայկական համայնքները աստիճանաբար սկսել են նօսրանալ, ուսումնասիրութիւնները ցոյց են տալիս, որ Միջին Արեւելքի մօտ 10 հայաշատ երկրներում, ներառեալ` Իրանի եւ Թուրքիայի, հայ բնակչութիւնը անցնող 50 տարիներին նուազել է 65 տոկոսից աւելի: 1975 թուականին ունէինք մօտաւորապէս 600 հազարից աւելի հայութիւն, այս օրերին այդ թիւը հասնում է մօտ 200 հազարի:
Երկրորդ տուեալը, որը կարեւոր է, հայկական դպրոցների իրավիճակն է անցնող 10 տարիներին: Գրեթէ 50 տոկոս նուազում կայ հայկական դպրոցներ յաճախող անձանց, դարձեալ նկատի ունենալով մերձաւորարեւելեան երկրները` Լիբանան, Սիրիա, Թուրքիա, Իրան, Քուէյթ, Յորդանան եւ Իրաք: Հայկական դպրոցների իրավիճակը դիտարկելիս պարզ է դառնում, որ 2010-2011 թուականի ուսումնական տարեշրջանին ունեցել ենք 93 հայկական դպրոցներ եւ 22 հազար 400 աշակերտ: 10 տարի յետոյ, 2021-2022 ուսումնական տարեշրջանին` 65 դպրոց եւ 12 հազար 500 աշակերտ, այսինքն սա նաեւ ցուցանիշ է, որը ցոյց է տալիս համայնքների թուի նուազումը:
Այս հարցի միւս երեսակը այն է, որ Միջին Արեւելքի համայնքները գաղթել են դէպի Հայաստան եւ դէպի այլ սփիւռքեան համայնքներ, սակայն հայերի աւելի մեծ տոկոսը գաղթել է դէպի արեւմտեան երկրներ:
Ինչ վերաբերւում է Հայաստանի Հանրապետութեանը, ըստ Միացեալ ազգերի կազմակերպութեան ներկայացրած տուեալների, Հայաստանի ժողովրդի թիւը մինչեւ 2040 թուական 2,8 միլիոն է նախատեսւում, իսկ 2050 թուականին` 2,6 միլիոն: Հետեւաբար բնակչութեան թուի նւազման այս կանխատեսումները մտածել են տալիս, որ այսօրուայ հիմնական խնդիրը ոչ միայն հայրենադարձութեան ապահովումն է, այլ ունի բազում շերտեր:
Անձամբ հայրենադարձութեան եզրոյթը զգուշութեամբ եմ օգտագործում: Սփիւռքում ապրող հայը այսօր իր ծննդավայր, իր հայրենիքը համարում է իր նախնիների ծննդավայրը: Օրինակ` Սիրիա, Լիբանան, Իրաք ապրող հայն իր հայրենիքը կարող է դիտարկել Կիլիկիան, Արեւմտեան Հայաստանը, ոչ թէ ներկայ Հայաստանի Հանրապետութիւնը: Անշուշտ Հայաստանի Հանրապետութիւնն այսօր սփիւռքի համար կարեւոր ազդակ է հայկականութեան, հայկական ինքնութեան որպէս երաշխիքի եւ կարեւոր ներշնչումի աղբիւր: Կարծում եմ, որ սփիւռքի արդիւնաւէտութիւնը զուտ հայրենադարձութեան իմաստով դիտարկելը, որ իրապաշտ մօտեցում չէ:
Այսօր շատ մարդիկ ձգտում են իրենց երկրից հեռանալ: Օրինակ` Իրաքի, Լիբանանի, Սիրիայի պարագային, որտեղ կեանքի անվտանգութեան խնդիրներ կան, մարդիկ ձգտում են գաղթել այդ երկրներից, նաեւ` ընկերային¬տնտեսական իրավիճակի պատճառներով: Այդպիսով, նրանք ստիպողաբար են գաղթում այդ երկրներից: Բայց այսօրուայ սփիւռքը մեծ մասամբ ապրում է այն երկրներում, որտեղ նման խնդիրներ չկան, եւ մարդիկ բարեկեցիկ կեանք ունեն:
Հ.- Ինչպէս նշեցիք, սփիւռքի գործօն լինելը զուտ հայրենադարձութեան իմաստով դիտարկելը ճիշդ պատկերացում չի փոխանցում: Կարծում եմ` հայրենադարձութիւնը խթանելու համար նաեւ անհրաժեշտ է զսպել արտագաղթի հոսքերը:
Պ.- Այո՛, այստեղ նաեւ հարց է առաջանում` ինչպէ՞ս կարելի է հայրենադարձութիւնը աւելի հրապուրիչ դարձնել, որպէսզի սփիւռքում ապրող հայերը մտածեն փոխադրուել Հայաստան: Հետեւաբար հսկայական անելիք եւ գործ կայ, որոշ չափանիշներ պէտք է ստեղծուեն, որպէսզի ոեւէ մէկի համար Հայաստանը` որպէս երկիր եւ որպէս ապրելու ուղղութիւն, հրապուրիչ դառնայ: Այսինքն հայրենիքը թէ՛ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների եւ թէ՛ սփիւռքահայերի համար ցանկալի լինի:
Անշուշտ սպասելի չէ, որ Հայաստանը այսքան դժուարութիւններ ունենալով` իր հարցերը մէկ օրուայ ընթացքում լուծուեն: Հարցն այն է, որ երկարաժամկէտ ծրագրեր պէտք է մշակուեն, որպէսզի այդ հնարաւորութիւնները ստեղծուեն, որպէսզի մարդիկ որոշեն փոխադրուել այնտեղ:
Արժանթինում, Ֆրանսայում, Գերմանիայում եւ այլ երկրներում ապրող մարդու համար անհրաժեշտ է բաւարար տուեալներ լինեն այդ որոշումը կայացնելու համար: Այստեղ անշուշտ պէտք է ճիշդ գնահատենք նաեւ հայրենասիրութեան կամ ազգասիրութեան հարցերը: Քիչ չեն այն սփիւռքահայերը, որոնք Հայաստան հաստատուած են անցնող 30 տարիների ընթացքում` ներշնչուած հայրենաշինութեան ծրագրերին մասնակցելով: Այդ բոլորը նկատի ունենալով` եղել են որոշ սփիւռքահայեր, որոնք հաստատուել են ազգային նպատակներով:
Եթէ գործնական կամ իրապաշտ մօտենանք այս հարցին, «հայրենադարձութեան» մասին մտածող անձը պէտք է որ իր ապրած երկրի նոյն կամ փոքր-ինչ աւելի լաւ հեռանկար տեսնի Հայաստանում: Պէտք է շեշտել, որ սփիւռքը մնայուն իրականութիւն է, եւ այս շատ կարեւոր հանգամանք է Հայաստանի ապագայի համար, որովհետեւ որոշ շրջանակներ Հայաստանում սփիւռքի մասին խօսում են այն ենթադրութեամբ, որ սփիւռքը ժամանակաւոր իրականութիւն է, եւ հայերը վաղ թէ ուշ պէտք է վերադառնան, բայց դա իրականութեանը չի համապատասխանում: Անշուշտ սա կապուած է սփիւռքի ինքնութեան «պահպանութեանը» եւս: Անձամբ ընդհանրապէս խօսոյթիս մէջ պահպանում եզրոյթը չեմ օգտագործում, որովհետեւ երբ ինչ-որ բան պահպանես, թանգարանային իրավիճակ կը ստեղծի, կարող ես մի բան տուփի մէջ դնել եւ պահել: Իրական կեանքի մէջ ինքնութիւնը կենսունակ ապրելու հարց է, ոչ թէ` եղածը անփոփոխ պահելու հարց:
Հ.- Սփիւռքի մասին խօսոյթում կարեւոր տեղ են գրաւում նաեւ սփիւռքեան կառոյցները: Ինչպէ՞ս է հնարաւոր ապահովել սփիւռքի արդիականացումը, այդ թւում` աւանդական կառոյցների:
Պ.- Սփիւռքը հնարաւոր է արդիականացնել կենսունակ պահելով հայկական ինքնութիւնը, ապրելով մեր ինքնութիւնը, մեր լեզուն, մեր մշակոյթը, որոշել եւ ընտրել առնչութիւն ունենալ հայկականին, հայկականութեան հետ: Հարկաւոր է մեր մշակոյթը ստեղծագործութիւններով զարգացնել, երաժշտութիւնը, արուեստը` լայն իմաստով: Այդպիսով, ինքնաբերաբար այն արդէն կը շարունակուի, եւ արդիականացումը տեղի կ՛ունենայ: Ցեղասպանութիւնից յետոյ ստեղծուել են մեր դասական կառոյցները, հայկական կեանքի հիմնական սիւները եղել են հայկական կառոյցները, եկեղեցի, դպրոց, մամուլ, մշակութային կեանք, որոնց հիմնական նպատակը ստեղծելն ու վերականգնելն է եղել հայկական կեանքը: Այսօր անհրաժեշտ է, որ սփիւռքեան համայնքները վերականգնեն, վերարժեւորեն իրենց հիմնական նպատակները: Հիմնական հարցը, որ պէտք է տան մեր կառոյցներն այսօր` ինչպէ՞ս կարող են իրենց ստեղծագործական յատկանիշները վերականգնել եւ ոչ թէ միայն զբաղուել եղածը պահպանելով:
Շնորհակալութի՛ւն, պարո՛ն Չիլինկիրեան:
«ԱԼԻՔ» (alikonline.ir)