https://www.azatutyun.am/-Անուշ Մկրտչյան
Կառավարության ծրագիրը ներկայացնում եմ արտառոց պայմաններում, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի առաջիկա 5 տարվա անելիքների մասին ծրագիրն այսպես սկսեց ներկայացնել՝ նախ թվարկելով բոլոր այն դժբախտությունները, խնդիրները, որոնք Հայաստանն ապրեց 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո։ Պատերազմ, որը վարչապետի խոսքով, 3773 մարդու կյանք խլեց, 243 զինվորների գտնվելու վայրը դեռ անհայտ է, գերեվարված զինվորների մի մասը չի վերադարձել, Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերն են ապօրինի ներխուժել։
«Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ճակատագրական ու շրջադարձային հանգրվանում, մի կետի վրա, որտեղից շարունակությունը վճռորոշ է լինելու մեր պետության և պետականության համար», – նկատեց նա:
Նախքան առաջիկա անելիքների մասին խոսելը պատմական ակնարկ արեց՝ ինչ կլիներ, եթե դեռ 90-ականների ավարտին իրադարձություններն այլ կերպ զարգանային։ Խոսքը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ռազմավարության մասին էր. Փաշինյանի խոսքով՝ կարևորագույն այս հարցը դուրս մղված է եղել քաղաքական օրակարգից. «Չենք ձևակերպել ամենակարևոր հարցի պատասխանը` իսկ ի՞նչ ենք անելու, եթե բանակցային սեղանի շուրջ չհաջողվի մեզ համար ընդունելի լուծման հասնել: Ընդ որում, ես չեմ խոսում տարբեր իշխանությունների, կամ կառավարությունների, կամ ղեկավարների արածների կամ չարածների մասին, այլ փորձում եմ ձևակերպել այն համակարգային խնդիրը, որ մենք ի սկզբանե ունեցել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համատեքստում:
Այս համակարգային պրոբլեմը շատ լուրջ ազդեցություն է ունեցել Երրորդ Հանրապետության պատմության ողջ ընթացքի և հարաբերությունների վրա: Մենք` որպես հանրություն, չենք ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ռազմավարություն»:
Կառավարությունը ստանձնում է տարածաշրջանում խաղաղության համար իր բաժին անելիքը. արդեն անդրադառնալով ծրագրին` ԱԺ ամբիոնից հնչեցրեց Փաշինյանը՝ նպատակն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը վերադարձնել բանակցային գործընթաց, իսկ Հայաստանի շուրջ բարենպաստ միջավայր ստեղծելու գրավականը, ըստ վարչապետի, տարածաշրջանի ապաշրջափակումն է։
Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ փաստթղթերում որևէ ձևակերպում չկա Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման մասին, հերթական անգամ պնդեց Հայաստանի ղեկավարը։ Այդուհանդերձ, փակագծեր բացեց՝ ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պետք է ճանապարհ ստանա ՌԴ և Իրանի հետ տրանսպորտային հաղորդակցության համար, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պետք է ճանապարհ ստանա իր արևմտյան շրջաններ. «Բայց միևնույն ժամանակ մենք չենք հերքել և չենք հերքում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման որոշակի ռիսկեր պարունակում է Հայաստանի պետական շահերի համար, և սա է պատճառը, որ կառավարության ծրագրում նշել ենք, որ ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, միաժամանակ այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի այլ անվտանգային և կենսական շահերի հաշվին»:
Արտաքին քաղաքականության մասին խոսելիս Փաշինյանը սկսեց Ռուսաստանի հետ հարաբերություններից՝ ընդգծելով` ռուս խաղաղապահներն այսօր Լեռնային Ղարաբաղում անվտանգության երաշխիք են, և Հայաստանը շարունակելու է ամրապնդել և ընդլայնել Ռուսաստանի հետ ռազմական, տնտեսական, քաղաքական հարաբերությունները։
Ուշագրավ էր Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանում ռուս խաղաղապահների դեմ Ադրբեջանում հուժկու հակաքարոզչություն է գեներացվում։ Ընդգծեց՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված և ադրբեջանական դատարանների կողմից ազատազրկման դատապարտված հայ զինվորականները գերեվարվել են, երբ տարածքը ռուս խաղաղապահների հսկողության տակ էր. «Եվ կարծում եմ` ադրբեջանական դատարանների կողմից մեր գերեվարված քաղաքացիներին երկար տարիների ազատազրկման դատապարտելու փաստը նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը վարկաբեկելու նպատակ ունի: Եթե այս փաստը համադրում ենք այն իրողության հետ, որ Ադրբեջանը մինչև օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, ակնհայտ է դառնում, որ սա խաղաղապահների, այսինքն` Լեռնային Ղարաբաղի և Լեռնային Ղարաբաղում կայունության և խաղաղության դեմ իրականացվող գործողությունների շարք է»:
Փաշինյանը նաև Արևմուտքի հետ Հայաստանի ամուր կապերի մասին խոսեց. ԱՄՆ և ԵՄ-ի, Ֆրանսիայի հետ արդյունավետ համագործակցության օրինակներ թվարկեց։ Ընդգծեց՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները բարձրացել են ռազմավարական երկխոսության մակարդակի:
3 ժամ ընթացող ելույթում անդրադարձ կատարեց Հայաստանի զարգացման համար բոլոր ոլորտներում ակնկալվող ծրագրերին։ Առաջիկա ժամերին օրենսդիրներն իրենց մտահոգող հարցերը կուղղեն Փաշինյանին։