Սյուզի Երեմյան
Հավաքվեցին քոշն այծերի,
Հրովարտակեցին գայլերի,
Թե ինչո՞ւ են զուր թշնամի`
Հավերժ ատում մեկզմեկի.
“Եկեք ապրենք հաշտ-համերաշխ,
Լինենք միմյանց միշտ հանդուրժող,
Եղբայրաբար իրար սիրող,
Անհիշաչար, լինենք ներող։
Եվ միասին սիրով, խաղաղ,
Կերտենք նոր դարի ապագան,
Ուր չլինի կրո’նի բարդույթ,
Խնդիր լեզվի` խուլ անհաղորդ.
Մե’կ դպրություն և մե’կ լեզու,
Մե’կ հավատամք ու մշակու’յթ,
Ի°նչ ենք ընկել Աստված-ալլահ,
Նույնն է կրոնքը ողջ աշխարհում”:
Ուրախացան խիստ գայլերը`
Երազանքն էր շատ վաղեմի,
Համաձայնության դաշինքով
Կնքեցին իրար հետ պայման։
Եվ պարգևներ տըվեցին շատ
Այծերին խենթ ու տարաբախտ,
Թե` առկա է սոսկ մեկ պայման.
“Ձերբազատվել ձեր առաջնորդ
Հովիվներից` կարգված հոտին,
Որ ձեր մորթն են քերթում, ուտում`
Միսը, կաթը ձեր անտեղի,
Թե’ հովիվներն ու թե շներն
Հաչում են զուր ու բաժանում`
Այծաց քոշը` մեր գայլերից”,-
Խեղճ ոչխարները գառներով,
Չար այծերին հետևելով
Մոլորվեցին ճամփամիջին`
Չգիտեյին ու°մ հետևել.
Այծերի°ն, թե° հովվին վարձկան,
Փնտրում էին բարի հովիվ`
Խնամք տաներ իր շներով։
Չգտան բայց և մերժեցին
Հովվին բարի` զոհված Խաչին,
Չդարձան նըրանք միաբան,
Այլ մորթված հոտ ու ցիրուցան`
Փախած հովիվներից վարձկան
Անապատներում մոլորված։
Ականջներ ունեյին նըրանք,
Բայց ոչ Հովվի ձայն լսելու,
Տարբերելու` չարը բարուց,
Տերն` անտերից չար թշնամու,
Խառնվել էին այծերին,
Որ առաջնորդ դարձած հոտին,
Շիտակ երախն էր ուղեկցում
Ցեղ ու տակռով, հոտով` գերի։
Քոշն այծերի առջևում էր`
Հովվի փոխան դաշտերում էր,
Վազվզում էր ուրախ, պարարտ,
Պարգևված էր խոտը առատ։
Իսկ շները հերթով-կարգով
Իրենց վարձկանին լքեցին`
Նմանվելով վարձկան հովվին,
Գլխածախվեցին գայլերին։
Խժռում էին ախորժանոք
Ոչխարների ոսկորներից,
Որ նետում էին գայլերը
Ոչխարների գերի զոհից.
Միսը ափում` ոսկոր նետում,
Գայլախեղդին` իրենք խեղդում։
Թողած բարի Հովվին վերում,
Ոչխարները վայ բառաչով,
Մորթված գառներ` տառապանքով,
Հնազանդվեցին խենթ այծերին։
Դարձան բարեկամներ սույնով`
Անվերապահ պայմանագրով։
Նենգ գայլերը առժամանակ
Բարեկամ էին ձևանում,
Այծերն ուրախ դաշտում ցատկում,
Բարիքներ էին խըժռում.
Արոտից թավ խոտն ու ծիլը,
Բերքը իրենց ու բարիքը։
Անցան օրեր և գայլերը
Փնտրում էին մի պատրվակ,
Նենգ էր սիրտը ու խորամանկ,
Հնազանդ էին հլու, ստահակ։
Մի օր կրկին սովորությամբ,
Գայլերն անխոս դավադրությամբ
Հոշոտեցին քոշն այծերի`
Սոված անկուշտ փորը անհագ։
Առակը ձեզ ի°նչ կցուցանի.
Թշնամին ատամն է սըրում,
Հիմարները` վայելքն անհոգ,
Մատնում են հոտը գայլերի։
Խորհուրդը վերցրված է Այգեկցու առակից` ավելի լայն շրջանակով հարստացված կերպարներով, ներկայացված` չափածո։