ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ ՀՀ բնապահպանության նախարարությունը ստեղծում է աշխատանքային խումբ Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների քարտեզագրման համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն անդրադարձավ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և մնացած այլ պահպանվող տարածքների քարտեզագրման և կադաստրային սեփականության իրավունք ստանալու խնդիրներին:
«Կադաստրի պետական կոմիտեի հետ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի շրջանակներում կդիտվի, թե հստակ որոնք են մեր տարածքները: Ունենք ծրագիր, որի շրջանակներում նախատեսում ենք քարտեզագրման իրական աշխատանքներ կատարել՝ ստանալով կադաստրային սեփականության վկայականներ ոչ միայն Խոսրովի արգելոցի մասով, այլ բոլոր պահպանվող տարածքների և անտառային ֆոնդի»,- նշեց նախարարը:
Նա չի բացառում, որ գուցե նաև կարիք լինի որոշակի դատական գործընթացներ սկսելու, քանի որ իրենց գերատեսչության կողմից պահպանվող տարածքներում կան հողատարածքներ, որոնք սեփականության վկայական են ստացել: Այդ նպատակով նաև աշխատանքային խումբ կստեղծվի: Գրիգորյանի պնդմամբ՝ պետք է հստակեցումներ լինեն առնվազն սահմանազատման մասով, դրանից հետո արդեն շատ ավելի պարզ կլինի, բայց դա իրենց և անտառային տարածքների, և պահպանվող տարածքների համար առաջնային քայլերից մեկն է: Պետք է անպայման սահմանազատել, կադաստրային սեփականության վկայականներ ստանալ, հստակեցնել, որպեսզի որևիցե ոտնձգություն այդ տարածքներում չլինի:
«Գործողությունները, փաստացի, սկսվել են: Կադաստրի պետական կոմիտեի հետ ստեղծում ենք աշխատանքային խումբ, բայց քանի որ կադաստրային փաստաթղթերի հետ կապված նույնպես ունենք մեր մտահոգությունները, կարևոր է նաև առաջնային տեղեկատվության հիման վրա ճիշտ աշխատանքների իրականացումը: Կան տարածքներ, որոնք կարող են հատվել հանքարդյունաբերական տարածքների հետ: Խնդիրն այն է, որ մենք չունենք ուղղակի սեփականության վկայականներ անտառային ֆոնդի համար, պահպանվող տարածքների մեծ մասի հետ կապված»,- ընդգծեց նախարարը:
«Խոսրովի անտառ» արգելոցը Գրիգորյանը համարում է աշխարհի բացառիկ վայրերից մեկը և կենսաբազմազանության առումով աշխարհի ամենակարևորներից: Նա նշեց, որ աշխարհում կա մոտ 25 հիմնական կենսաբազմազանական հotspot (վտանգված կենսաբազմազանությամբ տարածք), Եվրոպայում կա երկու այդպիսի վայր, մեկը Կովկասն է, իսկ Կովկասի ամբողջ կենսաբազմազանության ավելի քան 50 տոկոսը կենտրոնացված է այստեղ: Այսինքն, 23 հազար հա տարածքի վրա կենտրոնացված է ամբողջ Կովկասի կենսաբազմազանության 50 տոկոսը:
ՀՀ բնապահպանության նախարարը շեշտեց, որ իրենք «Խոսրովի անտառ» պետական արգելոցը դիտարկում են ոչ թե որպես մասսայական, այլ ավելի գիտական, հետազոտական էկոտուրիզմի վայր: Եզրափակելով խոսքը՝ նա հավելեց, որ Խոսրովի արգելոցի ճանաչելիությունը պետք է բարձրացվի ամբողջ աշխարհում:
Լիլիթ Դեմուրյան