Ռազմական արտակարգ ատյանը գլխավոր դատավարությունը վերսկսում է 1919 թ. հունիսի 3-ին: Նիստում թեև ընթերցում են նաև Մալթա աքսորված մեղադրյալների անունները, սակայն Ստամբուլի պարետ, գեներալ-մայոր Սեյիդ փաշայի կողմից տվյալ ամբաստանյալներին անգլիացիներին հանձնելու մասին տեղեկագրի ընթեցումից հետո նրանց գործերն առանձնացվում են:
Այդպիսով` գլխավոր դատավարության երկրորդ փուլում կամ կառավարության անդամների դատաքննության ժամանակ ներկա կարգով քննվում են նախկին շեյխ-ուլ-իսլամ Մուսա Քյազիմի, փոստի և հեռագրատան նախկին նախարար Հյուսեին Հաշիմի ու սենատի նախկին նախագահ Ռիֆաթի գործերը: Այս դատավարության ժամանակ հեռակա կարգով շարունակում են դատվել նախկին վարչապետ Թալեաթ փաշան, նախկին ռազմական նախարար Էնվեր փաշան, նախկին ռազմածովային նախարար Ջեմալ փաշան ու հանրային կրթության նախկին նախարար դոկտոր Նազըմը:
Դատարանի կազմը հետևյալն էր. նախագահ` Մուստաֆա Նազըմ փաշա, անդամներ` գեներալ-մայոր Զեքի փաշա, գեներալ-մայոր Մուստաֆա փաշա, գեներալ-մայոր Ալի Նազըմ փաշա, գնդապետ Ռեջեփ Ֆերդի բեյ[1]:
Դատարանի նախագահը, ըստ ընդունված կարգի, նախ հաստատում է ամբաստանյալների ինքնությունը, որից հետո դատախազի տեղակալ Ֆերիդուն բեյը ներկայացնում է 1919 թ. մայիսի 22-ին կազմված մեղադրական ակտը[2], որի սկզբում անդրադարձ է կատարվում կուսակցության թույլ տված օրինախախտումներին և չարաշահումներին[3]:
Այս ամբաստանագրում շեշտվում է, որ Միություն և առաջադիմություն կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներն ընդգրկված են եղել կուսակցության առաջնորդների գաղտնի խմբավորման կազմում: Ըստ մեղադրական ակտի` ամբաստանյալներից ներքին գործերի նախարար Իսմայիլ Ջանփոլադը ցուցմունք է տվել առ այն, որ կառավարությանը վերաբերող հարցերը հաճախ են քննարկվել կուսակցության կենտրոնական կոմիտեում[4]: Ամբաստանագրի համաձայն` տարագրված հայերի քարավանները ենթարկվել են հատուկ կազմավորված հրոսախմբերի հարձակումներին, ովքեր բնաջնջել են նրանց ու կողոպտել նրանց պատկանող ունեցվածքը[5]: Մեղադրական ակտում ընդգծվում է նաև, որ կառավարությունը ոչ միայն չի պատժել այդ հանցագործներին, այլև պաշտոնազրկել է այն բոլոր նահանգապետերին ու գավառապետերին, ովքեր հրաժարվել են իրականացնել տեղահանություններն ու կոտորածները[6]:
Այս ամբաստանագրում ևս ընդգծվում է, որ հայերի կոտորածները նախապես ծրագրվել և իրագործվել են կուսակցության վերոնշյալ գաղտնի խմբավորման անդամների կողմից: Մեղադրական ակտում նշվում է նաև, որ այդ գաղտնի խմբավորման առաջնորդներն են եղել կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներ դոկտոր Բեհաեդդին Շաքիրը, դոկտոր Նազըմը, ինչպես նաև` Ռըզա և Աթիֆ բեյերը, իսկ կոմիտեի հիմնական ծրագրերն իրագործվել են վարչապետ Թալեաթի, ինչպես նաև` ռազմական նախարար Էնվերի ու ռազմածովային նախարար Ջեմալի կողմից[7]:
Մեղադրական ակտում ընդգծվում է նաև, որ կուսակցության որոշումների իրականացմանը ողջ էությամբ նվիրվել են կառավարության այնպիսի անդամներ, ինչպիսիք են` նախկին վարչապետ Սայիթ Հալիմ փաշան, նախկին շեյխ-ուլ-իսլամ Հայդար էֆենդին, հանրակրթական նախկին նախարար Շյուքրյու բեյը, արդարադատության նախկին նախարար Հալիլը (Մենթեշե), Պետական խորհրդի նախկին նախագահ Իբրահիմ բեյը, արտաքին գործերի նախկին նախարար Նեսիմին և պարենավորման նախկին նախարար Քարա Քեմալը[8]:
Գլխավոր դատավարության երկրորդ փուլի նիստերի ընթացքում մեղադրյալների հարցաքննությունը հիմնականում կատարվում է պատերազմի ժամանակ Միություն և առաջադիմություն կուսակցության ունեցած գործունեության, պատերազմին մասնակցություն ցուցաբերելու նախաձեռնության ու տեղի ունեցած չարաշահումների ուղղությամբ:
Գլխավոր դատավարությունների ամենանշանակալի առանձնահատկությունն այն է, որ դատաքննությունների ընթացքում ոչ մի վկա չի հրավիրվում և վկայություն չի տալիս: Ի տարբերություն այս մեղադրանքով հարուցված մյուս դատական գործընթացների` սույն դատաքննությունների ընթացքում հարցաքննվում են միայն մեղադրյալները: Մեր կարծիքով դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ այս դատավարությունների մեղադրական ակտերը կազմվել էին խիստ մանրակրկիտ հետաքննության, բազմաթիվ ապացույցների, պաշտոնական ծածկագիր հեռագրերի ու վկաների ցուցմունքների հիման վրա:
Կուսակցության և կառավարության անդամների դատաքննությունների կամ գլխավոր դատավարությունների ընդհանուր դատավճիռը կայացվում է 1919 թ. հուլիսի 5-ին:
Դատին ներկա գտնվող մեղադրյալներն էին նախկին շեյխ-ուլ-իսլամ Մուսա Քյազիմը, սենատի նախկին նախագահ Ռըֆաթը, փոստի և հեռագրատան նախկին նախարար Հյուսեին Հաշիմը, իսկ հեռակա կարգով դատավճիռ է կայացվում նախկին վարչապետ Թալեաթ փաշայի, ռազմական նախկին նախարար Էնվերի, ռազմածովային նախկին նախարար Ջեմալի, հանրային կրթության նախկին նախարար դոկտոր Նազըմի, ֆինանսների նախկին նախարար Ջավիդի, փոստի ու հեռագրատան նախկին նախարար Օսքանի, առևտրի և հողագործության նախկին նախարարներ Սուլեյման Էլբիստանի ու Մուստաֆա Շերեֆի վերաբերյալ:
Դատավճռում նշվում է, թե իրականացված հարցաքննությունը, գործի մանրամասն հետաքննությունը և դատավճռում բերված Ռազմական ատյանի 5 հոդվածները հաստատում են Միություն և առաջադիմություն կուսակցության կատարած ոճրագործությունները: Վերոհիշյալ հոդվածներից առաջինում շեշտվում է, թե Ռազմական ատյանի իրականացրած դատաքննության արդյունքում բացահայտվել է, որ Տրապիզոնում, Յոզղատում, Բողազլըյանում և այլ վայրերում տեղի ունեցած կոտորածները կազմակերպվել և ուղղորդվել են Միություն ու առաջադիմություն կուսակցության պարագլուխների կողմից[9]:
Դատավճռի համաձայն` հայերի կոտորածների որոշումը հիմնականում համաձայնեցվել է եռյակի միջև[10]: Դատավճռում նշվում է, թե նկատի առնելով այն, որ Թալեաթի, Էնվերի, Ջեմալի ու դոկտոր Նազըմի կատարած հանցագործությունները չափազանց ծանր են եղել, որոշվել է նրանց դատապարտել կայսերական քաղաքացիական քրեական օրենսգրքի 45-րդ հոդվածի առաջին կետով, իսկ Ջավիդի, Մուստաֆա Շերեֆի, Մուսա Քյազիմի համար ի նկատի է առնվել վերոհիշյալ հոդվածի երկրորդ և նույն կայսերական օրենսգրքի 55-րդ հոդվածի վերջին մասերը[11]:
Ըստ դատավճռի` դատին այդպես էլ չեն ներկայացել հեռագրատան նախկին նախարար Օսքանը և առևտրի նախկին նախարար Սուլեյման Էլբիստանը, քանի որ նրանք գտնվում են Եվրոպայում[12]:
Այդպիսով` 1919 թ. հուլիսի 5-ին կայացված դատավճռով Թալեաթը, Էնվերը, Ջեմալը և դոկտոր Նազըմը դատապարտվում են մահվան, Ջավիդը, Մուստաֆա Շերեֆը և շեյխ-ուլ-իսլամ Մուսա Քյազիմը` 15 տարվա աքսորի, իսկ Ռըֆաթ ու Հաշիմ բեյերն արդարացվում են[13]:
Հարկ է արձանագրել, որ ընդհանրապես հայերի տեղահանության ու կոտորածների մեղադրանքով իրականացված դատաքննությունների արդյունքում Ռազմական արտակարգ ատյանների դատական կազմերը մահվան դատավճիռներ արձակելիս ավելի «շռայլ» են գտնվել փախուստի մեջ գտնվող դատապարտյալների հանդեպ:
Հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով հարուցված մոտ 63 դատական գործերի արդյունքում կայացվել է ընդհանուր թվով 20 մահապատժի դատավճիռ: Հատկանշական է, որ այդ մահապատիժներից միայն 3-ն են ի կատար ածվել, իսկ մնացած 17-ն ընդունվել են հեռակա կարգով, քանի որ դատապարտյալները գտնվել են փախուստի մեջ: Մահապատժի ենթարկված դատապարտյալները հետևյալ անձինք են` Բողազլըյանի գավառապետ Մեհմեդ Քեմալը (Յոզղատի դատավարություն), Երզնկայի ժանդարմերիայի հրամանատար, Հայրան Բաբա մականունը կրող Հաֆըզ Աբդուլլահ Ավնին (Երզնկայի դատավարություն) և Բաբերդի կառավարիչ, հետագայում` Ուրֆայի գավառապետ Բեհրամզադե Նուսրեթը (Բաբերդի դատավարություն):
Ռազմական ատյանները խուսափել են մահվան դատապարտել դատարանում ներկա մեղադրյալներին, քանի որ հենց առաջին` Յոզղատի դատաքննության արդյունքում կախաղան բարձրացված Բողազլըյանի գավառապետ Մեհմեդ Քեմալի մահապատիժը (1919 թ. ապրիլի 10) խիստ վրդովմունքի տեղիք է տվել թուրք հասարակության մեջ: Նախ` մահապատժի արարողությունն ինքնին կատարվել է ոչ ընդունված կարգով: Ըստ օրենքի` կախաղանի դատապարտվածը մահապատժի էր ենթարկվում նախքան արևածագը, դատապարտյալի մարմինը հրապարակում էր մնում ևս 5-6 ժամ, ապա` անշուք կերպով թաղվում: Մինչդեռ Քեմալի մահապատիժն ի կատար է ածվել կեսօրից հետո` ժամը 19:20-ին[14]: Արարողությանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ ու հոծ բազմություն: Մահապատժից հետո Քեմալի դիակը դրվել է Բայազետ մզկիթի լվացարանում. Գործողություն, որն անթույլատրելի էր մահապատժի դեպքում[15]: Մահապատժի հաջորդ օրը մեծ շուքով կազմակերպվել է Քեմալի թաղման արարողությունը, որին մասնակցել են առավել քան 10 հազար ցուցարարներ: Ոճրագործը հռչակվել է «ազգային նահատակ», նրա այրին ու զավակները` վերցվել ազգային խնամակալության տակ, և, ինչպես նշում է Արամ Անտոնյանը, «Այն թուրք ժողովուրդը որ հանրային հանգանակութեանց իր քսակը այն ատեն միայն կը բանայ, երբ վիզը կը սեղմեն, ինքնաբերաբար, 5-10 օրուան ընթացքին 20 հազար օսմ. ոսկի գումար մը հանգանակելով, յանձնեց Քէմալ պէյի այրիին»[16]:
Ներկա գտնվող ամբաստանյալների վերաբերյալ մահապատժի դատավճիռներ կայացնելուց խուսափելը պայմանավորված էր նաև դատավարությունների ձևական բնույթով: Սուլթանական կառավարությանը հայերի տեղահանության ու կոտորածների պատասխանատուներին դատելուն է մղել առավելապես ոչ թե արդարադատություն գործադրելու ցանկությունը, այլ պատերազմում հաղթանակած պետությունների վրա նման տպավորություն թողնելու ձգտումը[17]: Դա է ապացուցում նաև Հայոց ցեղասպանության ոճրագործներին մահապատժի ենթարկելու ժամանակացույցը: Այսպես` Յոզղատի դատաքննության արդյունքում դատին ներկա գտնված մեղադրյալի վերաբերյալ մահապատժի որոշում է կայացվել, քանի որ Յոզղատի դատավարությունն առաջինն էր հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով հարուցված դատական գործերի շարքում, և անհրաժեշտ էր Եվրոպայի առաջ արդար դատավարություններ կազմակերպելու տպավորություն թողնել: Ինչ վերաբերում է Հաֆըզ Աբդուլլահ Ավնիի և Բեհրամզադե Նուսրեթի մահապատիժներին, ապա նրանց մահվան դատավճիռներն արձակվել են Սևրի դաշնագրի (1920 թ. օգոստոսի 10) կնքման նախօրեին և հաղթանակած տերությունների դիրքորոշումը մեղմելու նպատակ են հետապնդել:
Սուլթանական կառավարությունն այդպես էլ ոչ մի քայլ չի ձեռնարկել` հեռակա կարգով մահվան դատապարտվածներին գտնելու և վերջիններիս մահապատիժներն ի կատար ածելու ուղղությամբ: Գլխավոր դատավարության արդյունքում մահապատժի դատապարտվածների շարքում Թալեաթը 1921 թ. մարտի 15-ին Բեռլինում սպանվում է հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի կողմից, Էնվերը` 1922 թ. օգոստոսի 4-ին Միջին Ասիայում Կարմիր բանակի զորամասերից մեկի հետ ընդհարման ժամանակ (ի դեպ` զորամասի հրամանատարն էր ազգությամբ հայ Հակոբ Մելքումովը), Ջեմալը` վրիժառուներ Պետրոս Տեր-Պողոսյանի և Արտաշես Գևորգյանի կողմից 1922 թ. հուլիսի 25-ին Թիֆլիսում, վարչապետ Սայիդ Հալիմը սպանվում է Հռոմում 1921 թ. Արշավիր Շիրակյանի կողմից, նույն Շիրակյանը 1922 թ. ապրիլի 17-ին Բեռլինում սպանում է Ջեմալ Ազմիին ու Բեհաեդդին Շաքիրին, իսկ դոկտոր Նազըմը 1926 թ. Անկարայում կախաղան է բարձրացվում Մուստաֆա Քեմալի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով:
Մելինե Անումյան
Պատմական գիտությունների թեկնածու
[1] Takvîm-i Vekayi, No 3571, 13 Haziran 1919, s. 127.
[2] Սույն մեղադրական ակտը կազմվել էր որպես կուսակցության անդամների դատաքննությանը կից ամբաստանագիր:
[3] Takvîm-i Vekayi, No 3571, 13 Haziran 1919, ss. 128-129.
[4] Նույն տեղում, էջ 129:
[5] Նույն տեղում:
[6] Նույն տեղում: Այսպես, օրինակ, Դիարբեքիրի նահանգապետ Ռեշիդ բեյը (Մեհմեդ Շահինգիրայ) մեղադրվել է Լիջե և Բեշիրի շրջանների կայմակամների սպանությունը կազմակերպելու մեջ, քանի որ վերջիններս հրաժարվել են իրականացնել հայերի տեղահանման ու ոչնչացման հրամանը, տե’ս İttihat ve Terakki’nin Kurucu Üyelerinden Dr. Reşid Bey’in Hatıraları. “Sürgünden İntihara”, Yayına Hazırlayan: Ahmet Mehmetefendioğlu, Arba Yayınları, İstanbul, 1993, ss. 45-46.
[7] Takvîm-i Vekayi, No 3571, 13 Haziran 1919, s. 129.
[8] Նույն տեղում:
[9] Takvîm-i Vekayi, No 3604, 22 Temmuz 1919, s. 218.
[10] Թերևս ի նկատի ունի Թալեաթ-Էնվեր-Ջեմալ եռապետությունը:
[11] Takvîm-i Vekayi, No 3604, 22 Temmuz 1919, s. 218.
[12]Ի դեպ, դատարանը, տեղյակ լինելով հանդերձ վերոհիշյալ մեղադրյալների գտնվելու վայրի մասին, այդպես էլ որևէ բան չի ձեռնարկել նրանց դեմ հետաքննություն սկսելու ուղղությամբ:
[13] Takvîm-i Vekayi, No 3604, 22 Temmuz 1919, s. 218.
[14] Kemal Bey İdam Olundu, “Alemdar”, 11 Nisan 1919.
[15] Գրիկէր, Եոզղատի Հայասպանութեան վաւերագրական պատմութիւնը, Նիւ Եորք, 1980, էջ 330:
[16] Արամ Անտոնյան, Մեծ ոճիրը, Պօսթըն, 1921, էջ 272:
[17] Նույնը չի կարելի ասել մյուս մեղադրանքների դեպքում: